Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալևին պիտի սանձել իր ժողովրդի միջոցով՝ Իսրայելի տակտիկայով»․ քաղաքագետ

Հունիս 19,2017 18:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովն, այսօր մեկնաբանելով ԵԱՀԿ համանախագահների այցը Բաքու, հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, Ալիևը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը չի զիջի որեւէ մեկին ոչ մի թիզ հող և որ իրենց դիրքորոշման հետ հաշվի չնստելու պարագայում պատերազմը եւ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի ու այլ շրջանների ազատագրումն անխուսափելի են։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Ալի Հասանովի սպառնալիքներին, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը, որի պատճառով Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայողներ զոհվեցին, երկուսը վիրավորվեցին, ասաց․ «Նախ, առաջին հերթին եկեք ճշտենք, թե ինչու ենք մենք անընդհատ պաշտպանվողի կամ պատասխանողի դերում հանդես գալիս, որն, իհարկե, շատ սխալ է։ Մենք հեծանիվ չպիտի հայտնաբերենք, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական պետությունների և ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դեմ բազմաթիվ այլ երկրներ պայքարի մեթոդներ շատ լավ գտել են։ Եթե մենք հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցային գործընթացով լուծել արցախյան հիմնախնդիրը, միևնույն ժամանակ մենք պատրաստ պետք է լինենք պարտադրել թշնամուն խաղաղություն։

1994 թվականին մենք դա արեցինք, երբ որ ադրբեջանական կողմը հենց ինքը խնդրեց զինադադար և որը հաստատվեց։ Հիմա՝ 20 տարի անց ադրբեջանական կողմը կրկին լկտիացել է, և մենք ի՞նչ ենք անում, մենք անընդհատ նստում, սպասում ենք՝ ե՞րբ թշնամին նախահարաձակ լինի, մի քանի հայ զինվորի սպանի, կամ շաբաթը մեկ-երկու զինվորականի սպանի, որ մենք էլ դրան պատասխան տանք։ Մենք սրանով կհույծվենք, բացի այդ հասարակության մոտ արդեն հոգեբանական խնդիրներ կան, եթե իշխանությունները ցանկանում են, որ իրենց վարկանիշն էլ ավելի ընկնի հասարակության աչքից, թող շարունակեն նույն տեմպերով»։

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը պետք է ընտրի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի իսրայելական մոդելը։ Իսրայելը իր որևէ բնակավայրում, որևէ քաղաքում ահաբեկչություն գործած անձի ոչ միայն ընտանիքն է տարհանում, տունն է քանդում, այլ սկսում է ռմբակոծել Պաղեստինի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերը։ «Եվ գիտեք ինչի՞ համար է այդպես անում, հենց պաղեստինցիների ձեռքով պայքարում է այդ տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որովհետև Իսրայելը չի կարող միայնակ պայքարել, բայց ռմբակոծելով ու մեծ զոհեր պատճառելով հակառակ կողմին՝ պարտադրում է, որ նրանց խաղաղ բնակիչները պայքարեն իրենց տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

Պարտադրում է նրանց հեռանալ իրենց բնակավայրերից և չփորձել իրենց տարածքներից հարձակում գործել իսրայելական քաղաքների կամ բնակավայրերի վրա։ Սա շատ հետաքրքիր տարբերակ է, մենք ինչո՞ւ չենք կիրառում, շատ լավ գիտենք, որ ի տարբերություն արցախաադրբեջանական սահմանի մեր կողմի բնակավայրերի, որոնք շատ քիչ են բնակեցված և տարհանումն ավելի հեշտ կլինի, ադրբեջանական կողմը Արցախի և Ադրբեջանի սահմանագոտում ունի 300 հազարից մինչև 400 հազար բնակչություն, որոնք ապրում են հենց սահմանին։ Դուք պատկերացնո՞ւմ եք ռմբակոծելով գյուղերը՝ մենք ինչ կորուստներ կպատճառենք իրենց, իրենք միտումնավոր հենց էդ բնակավայրերում բերել են իրենց դիպուկահարներին, դիպուկահարները գործում են հենց տների կտուրներից ու թաքստոցներից»,- ասում է քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ թե ադրբեջանական բնակավայրերը ռմբակոծելու դեպքում, արդյոք Ադրբեջանը շանտաժի չի՞ ենթարկի Հայաստանին՝ միջազգային հանրության մոտ աղմկելով, թե մեր երկիրն ագրեսոր է, չէ՞ որ հրետանին իրենց մարդաբնակ գյուղերում տեղակայելով, ի սկզբանե հենց այդպիսի նպատակ են հետապնդում, որ մենք կրակենք, իրենք աղմկեն, թե խաղաղ ժողովրդի վրա են կրակում, քաղաքագետն ասաց․«Մի բան կասեմ ՝ ուժեղին ոչ ոք չի քննադատում, նույն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ըստ ձեզ ադրբեջանական կողմը ի՞նչ էր անում՝ Մարտակերտի, Մատաղիսի, Թալիշի վրա չհարձակվե՞ց, մորթազերծ չարեցին 95-ն անց տարեցներին, Մարտունին չռմբակոծե՞ց, բա էդ միջազգային հանրությունը որտե՞ղ էր։ Ինչո՞ւ մի հատ ելույթ չունեցան, չասացին ռմբակոծում եք խոշոր բնակավայրերը։ Էդ միջազգային հանրությունից մենակ մենք պետք է վախենա՞նք, եթե մենք անընդհատ նստելու ու նայելու ենք, թե էդ միջազգային հանրությունը ինչպես է արձագանքելու մեր արարքներին, ուրեմն մենք կպարտվենք։

Միջազգային հարաբերություններում գործում է ուժի գործոնը, ով ուժեղ եղավ, ով նախահարձակ եղավ, նա էլ հաղթում է, ուժեղին ոչ ոք չի քննադատում, դա աքսիոմա է։ Օրինակ՝ Իսրայելի համար բացարձակ միևնույն է միջազգային հանրության արձագանքը, իսրայելական իշխանությունների համար ամենակարևորը սեփական ժողովրդի անվտանգությունն ու իր սահմանների անքակտելիությունն ապահովելն է։ Ի՞նչ միջազգային հանրություն, նույն միջազգային հանրությունը, որ նույն ապրիլյան պատերազմի ժամանակ լռեց, երբ որ մենք ընդամենը երեք օրում կորցրեցինք հարյուրից ավել երիտասարդների, հիմա պետք է իրեն լկտի պահի և արձագանքի, որ հայկական կողմը ռմբակոծում է ադրբեջանական գյուղե՞րը․․․Շատ քիչ է անում, ընդհակառակը, մենք Ադրբեջանի նման պահվածքի պարագայում պետք է վնասենք թշնամու ենթակառուցվածքները հենց Արցախից, այլ տարբերակ Ադրբեջանի դեմ գործելու չկա։

Տեսեք անընդհատ մենք ասում ենք, մենք ադրբեջանական սանձարձակությանը պատասխանում ենք եռակի պատասխանով, այսինքն` մի քանի անգամ ավել զինվոր է կորցնում Ադրբեջանը, Իլհամ Ալիևի համար բացարձակ միևնույնն է՝ ինքն իր ասկյարներին օգտագործում է՝ որպես իր նպատակին հասնելու համար։ Մեր զինվորները որքան շատ ասկյար են սպանում, Ադրբեջանն ավելի լկտիանում է։ Որևիցե փոփոխություն դուք տեսե՞ք եք Ադրբեջանի հասարակության կարծիքի մեջ, չկա, որովհետև ամենաառաջինը իրենք չգիտեն, որ էդքան զոհեր ունեն, երկրորդ՝ Իլհամ Ալիևի համար բացարձակ միևնույնն է ադրբեջանցի ասկյարի կյանքը։ Մեզ մնում է մեկ տարբերակ՝ ադրբեջանցի ժողովրդի միջոցով պարտադրել Իլհամ Ալիևին ավելի զուսպ գտնվել։ Մեր զինվորի կյանքը մեզ համար թանկ է, Իլհամ Ալիևի համար իր զինվոր կյանքը գրոշի արժեք չունի։ Դրա համար էլ մենք ունենք այն, ինչ-որ հիմա ունենք, նստած տեղերս մի քանի ժամվա ընթացքում 4 զոհ ենք տալիս։Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանական կողմը 10-ից ավել զոհեր ունի, բայց իրենք բացարձակ չեն արձագանքում, բացարձակ չեն անդրադառնում, իրենց համար միևնույնն է։ Պայքարի այլ տարբերակ պետք է գտնվի Ադրբեջանի դեմ, դա ամենակարևորն է»։

Գագիկ Համբարյանի ասելով, լավ կլինի, որ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, պաշտոնական Բաքվին պարտադրի, որպեսզի այդ երկիրը ի կատար ածի անցած տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունները։ «Ադրբեջանական իշխանությունները խաբում են ոչ միայն հայկական կողմին, այլ ֆրանսիացիներին, ռուսներին և ամերիկացիներին։ Անընդհատ այսպիսի դեպքերից հետո մեր պաշտոնյաները սպասում են միջազգային հանրություն կոչվածն ի՞նչ պետք է հայտարարի։Եվ ի՞նչ է հայտարարել, ո՞ւմ ինչ է հայտարարել, դեպքից անցել է արդեն երեք օր, Մինսկի խմբի համանախագահները որևիցե հայտարարությամբ հանդես եկե՞լ են։ Շատ էինք ուրախացել, էքստազի մեջ էինք ընկել Մինսկի խմբի համանախագահները իրենց պատմության մեջ հայտարարեցին, որ ադրբեջանական կողմն է մեղավոր հրադադարի խախտման համար, արդյունք ի՞նչ է, հետևանք կա՞ Ադրբեջանի համար, բա մենք ինչի՞ց ենք վախենում․․

Միակ տարբերակը Ադրբեջանին զսպելու համար դա իսրայելական տակտիկան օգտագործելն է, ռմբակոծություններ խաղաղ բնակավայրերին, իհարկե, չակերտավոր խաղաղ, որովհետև շատ լավ գիտենք, որ այդ բնակավայրերի մեջ գտնվում են ադրբեջանական հենակետեր։ Մինսկի խմբի համանախագահներն էլ շատ լավ գիտեն այդ մասին։ Այլ տարբերակ Ադրբեջանի դեմ պայքարելու մենք չունենք։ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են, բայց Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովն արդեն սպառնում է պատերազմով, շանտաժի դիմում, կողմը, որը 1994 թվականին աղերսում էր զինադադար, հիմա նախապայմաններով է խոսում։ Ասում է՝ հետ տվեք տարածքներ, աշխարհում, պատմության մեջ նման բան չկա, որևիցե մի պետություն կամ ժողովուրդ հենց էնպես հակառակորդին կամ թշնամուն ինչ-որ բան զիջի։ 20 տարի է անցել, մենք անընդհատ պաշտպանվում ենք, անընդհատ պատասխանողի դերում ենք, դա սխալ քաղաքականություն ու սխալ տակտիկա է, դա պարտվողական քաղաքականություն է»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930