Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը մանրամասնում է, թե ինչպես է օգտվել Հովիկ Աբրահամյանի շրջապատը՝ գյուղացուն հատկացված կառավարության սուբսիդիայից

Հունիս 21,2017 15:39

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն անդրադարձավ հակակարկտային կայանների խնդրին: Նա նշեց, որ միայն Արմավիրի մարզում անցյալ տարվա կարկուտի վնասը գնահատվել է 10 մլրդ դրամ եւ ակնհայտ է, որ եղած հակակարտային կայանները չեն պաշտպանում բերքը կարկուտից, նույնիսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը այս կայանների արդյունավետությունը գնահատել է 10 տոկոս:

Վարչապետը հայտարարել էր, որ այդ կայանների վերազինման համար 12 մլն դոլարի ներդրում են անելու, ըստ պատգամավորի, դա օգուտ չի տա: Կառավարությունը փորձում է ոչ թե ապահովագրության ինստիտուտ ներդնել, այլ վնասի դեպքում սուբսիդավորում է դիզելային վառելիքը եւ պարարտանյութը: Թե ինչու է այդպես վարվում՝ Լենա Նազարյանը այսպես ներկայացրեց. «Օրինակ, իմանում ենք, որ կա «Մասիսի բերրիություն» ընկերություն, որն ըստ լուրերի, կապված է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատի հետ եւ որը 4 տարի շարունակ առանց մրցույթի գյուղնախարարության կողմից ստացել է պարարտանյութ ներկրելու պատվեր: Պետությունը 1.5 մլրդ դրամ կխնայեր, եթե մրցույթ հայտարարվեր: Սա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եզրակացությունն է»:

Լենա Նազարյանն ասաց, որ դիզելային վառելիքի հարցով էլ դիմել են նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի եղբորը՝ Արմեն Փամբուկյանին, որը այս տարի արդեն պետության կողմից ստացել է 170 մլն դրամ՝ վառելիքի ներկրման համար. «Ակնհայտ է, որ սուբսիդիաներից օգտվում է միայն բիզնեսը, այն էլ՝ ոչ պատահական բիզնեսը: Գյուղացին սուբսիդավորումից էական օգուտ կամ իր վնասի էական փոխհատուցում չի ստանում»: Լենա Նազարյանը նշեց, որ պետք է օր առաջ գյուղատնտեսության ապահովագրության համակարգ ստեղծել, ապահովագրել բերքը՝ գոնե 50 տոկոսով, դա կլիներ իրական աջակցություն, իսկ այսօր կառավարության ծրագրում նշված է, որ հաջորդ տարիներին դրա փորձնական ծրագիրը կներդրվի: Այդ մասին խոսում է  իշխանությունը 2010-ից, բայց որեւէ քայլ չի անում: Ձեռնտու է սուբսիդիա տրամադրելը, այն էլ՝ իրեն մոտ կանգնած բիզնեսին օգուտ տալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930