Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը հիշեցրեց Human Rights Watch-ի դիմումը գլխավոր դատախազին

Հունիս 22,2017 19:50

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում Գեւորգ Սաֆարյանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ոստիկանների կողմից Ամանորի գիշերն իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ հանցագործության մասին իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Գեւորգ Սաֆարյանն այսօր դատարանին ներկայացրեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության դիմումը՝ գլխավոր դատախազին:

Գեւորգ Սաֆարյանի ներկայացմամբ. «Երկուսն էլ տարակուսանք էին հայտնել ոստիկանների գործողությունների համար: Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ անհասկանալի է՝ ոստիկաններն ինչպես են իրենց դրսեւորում, բռնություններ են կիրառում առանց պատճառների, ինչպես կարող է ոստիկանն իրեն այդպես լկտի պահել, եթե պետական ծառայող է… Human Rights Watch կազմակերպությունն էլ դժգոհել էր գլխավոր դատախազին՝ նշելով, որ անհասկանալի է՝ միթե ոստիկաններին հրահանգ էր տվել չթողնել տոնածառը մտցնել հրապարակ կամ արդյոք այդ հրահանգը հավաքի մասնակիցներին ներկայացրել էին, թե՝ ոչ: Իսկ ինչով է բացատրվում ոստիկանների մեծ քանակությունը հրապարակում, կամ, եթե ինչ-որ մեկը որոշել է՝  տոնածառը չպետք է մտցվի հրապարակ, արդյոք այդ որոշումը կարող է ողջամիտ լինել»:

Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ դեպքի օրը հրապարակում ծառայություն են իրականացրել մոտ 800 ոստիկան, մինչդեռ հավաքի մասնակիցների թիվը եղել է 40-50. «Այսինքն, հավաքի 50 մասնակցի համար նախապատրաստել էին 800 ոստիկանության ծառայող»:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել, որ բողոքի շրջանակում լսի նաեւ քննիչին ու դատախազին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930