Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի պետական պարտքը 5,9 միլիարդ դոլար է

Հունիս 26,2017 12:48

2016 թվականի Հայաստանը փակել է 5.9 մլրդ դոլար պետական պարտքով: Խորհրդարանում, 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը`հավելելով, որ 2015-2016 թվականներին Հայաստանն արտաքին պարտքի զգալի աճ է ունեցել: Այդ տարիներին վերցված արտաքին պարտքը կազմել է 900 մլն ԱՄՆ դոլար: «Դա գրեթե այնքան էր, որքանով կրճատվել էին տրանսֆերտները: Այսինքն, եթե մենք հիմա տեսականորեն մտածենք, որ պարտք չվերցնեինք, դա երկու ազդեցություն էր ունենալու: Ոչ միայն ես ունենալու էի տնտեսական ավելի ցածր ցուցանիշներ, նույնիսկ տնտեսական անկում էր հնարավոր: Դրա համար նպատակահարմար էր արտաքին պարտք վերցնելը»,- հիմնավորեց Վարդան Արամյանը:

Ի դեպ, 2016 թվականի Հայաստանի պարտքի ծավալի մեջ ներքին պարտքը մեծացել է.

«Համաշխարհային տնտեսության փորձը փաստում է, որ հիմնականում պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից: Նույնիսկ շատ մարդիկ սխալմամբ ասում են՝ ՌԴ տնտեսությունը 1998 թվականին ունեցավ ներքին պարտքի ճգնաժամ: Դա ներքին պարտքի ճգնաժամ չէր, արտաքին պարտքի ճգնաժամ էր: Ինչի՞ համար է ներքին պարտքն ավելի հուսալի, քան արտաքինը: Առաջին պատճառն այն է, որ ներքին պարտքը դու տալիս ես քո ռեզիդենտներին, և գումարները շրջանառվում են քո տնտեսության մեջ: Արտաքին պարտք վճարելուց երկու ազդեցություն կա. նախ գումարները դուրս են գնում, երկրորդ, դա նաև պահանջ է ներկայացնում արտարժույթի նկատմամբ»:

Անվանական առումով, ըստ նախարարի, պարտքի մեծացումը խնդիր չէ եւ Հայաստանի կառավարությունը շարունակելու է պարտք վերցնել. «Պարտքի ցուցանիշներ կան, որոնք տալիս են ազդակներ՝ դու միջին, ցածր, թե՞ բարձր պարտքի բեռ ունեցող երկիր ես: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ներդրողները ուշադրությամբ նայում են այդ ցուցանիշներին: Պարտքի մասին խոսելիս չպետք է վերցնենք միայն պարտք-ՀՆԱ ցուցանիշը, տարբեր ցուցանիշների համախմբով պետք է նայենք, թե որտեղ ենք մենք գտնվում: Այստեղ կարևորը, ոչ թե պարտք վերցնելն է, այլ հարաբերական ցուցանիշները կարգավորելը: Մենք պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսությունն աճի: Եթե մի կետի հասնենք, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան պարտքը, դա նշանակում է, որ ցանկալի արդյունքի ենք հասել: Պարտք, այո, պետք է վերցնես, բայց միաժամանակ պետք է ջանքեր գործադրես, որ ընթացիկ ծախսերը ճիշտ լինեն, դա բերի տնտեսության արտադրողականության բարձրացմանը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930