Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնավանում դպրոցի հիմնանորոգումից հետո մարզադահլիճը չի գործում, քանի որ խոնավության պատճառով քանդվել է հատակը

Հունիս 26,2017 17:29

Արաքսի ձախափնյա հարթությունում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամենահարավային քաղաքը՝ Միջնավանը: Ազատագրվել է 1993թ. աշնանը, վերահայացել 1995-ին: Այժմ ունի մոտ 400 բնակիչ:

Այստեղ այս օրերին հիմնանորոգվում է քաղաքապետարանի շենքը, որի հարևանությամբ կառուցվում է մեկհարկանի բնակելի շենք՝ 8 բնակարանով:

Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի և խորհրդական Վաչե Ստեփանյանի հետ այցելեցի Միջնավան: 2 շենքերի շինարարությունն ընթանում է ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Աշխատանքները վերահսկվում են շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի ու Միջնավանի քաղաքապետարանի կողմից: Շին. աշխատանքներում ընդգրկված են Միջնավանի բնակիչներ:

Այցի պահին աշխատում էին 8 հոգի: Դ. Դավթյանը տեղեկացրեց, որ նշված շենքերի հիմնանորոգումն ու կառուցումը նախատեսված է ավարտել մինչ տարեվերջ: Քաղաքապետարանի հարևանությամբ է Գալինա Ստարովոյտովայի անվ. միջնակարգ դպրոցը, որը գործում է 1996 թվականից: 2016-2017 ուստարում կրթօջախի 11 համակարգ-դասարաններում սովորում էին 60 աշակերտ, նախադպրոցական խումբ էին հաճախում 11 երեխա, որից 8-ը եկող ուստարում կհամալրի աշակերտների քանակը:

Ընթացքում այցելեցի դպրոց, որտեղ 9-րդ դասարանի աշակերտները հանձնել էին քննություն պատմությունից: Տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը դպրոցի նախկին աշակերտներից է, ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը և մեկ տարի է, ինչ տնօրինում է հարազատ կրթօջախը: Տեղեկացրեց, որ այս տարի 3 շրջանավարտ հրաժեշտ է տվել դպրոցին, և բոլորն էլ որոշել են ընդունվել բուհ: 9-րդ դասարանն ավարտեցին 5 աշակերտ, ովքեր շարունակելու են ուսումը դպրոցում: Ամենաշատ աշակերտ՝ 8 հոգի, սովորել են 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ դասարաններում: 20 ուսուցիչներն ունեն համապատասխան կրթություն:

Դպրոցի շենքն արդեն մի քանի տարի է, ինչ նորոգման գործընթացում է: Կարևորը՝ փոխվել է շենքի տանիքը, բարեհարմար տեսք են ստացել դասարանները, հանդեսների դահլիճը, ՆԶՊ կաբինետը: Հիմնանորոգումից հետո մարզադահլիճը չի գործում, քանի որ խոնավության պատճառով քանդվել է հատակը: Դպրոցում գործում են համակարգչային կաբինետ, դպրոցական ռադիոցանց: Աշակերտներն ընդգրկված են նաև Բերձորի արվեստի դպրոցի պարի ու կերպարվեստի խմբակներում: Գրադարանում կա 2000-ից ավելի գեղարվեստական գիրք, որոնք ընթերցում են նաև քաղաքի բնակիչները:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930