Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ահազանգող կա, առաջին հերթին նրանից պիտի ճշտել». Լենա Նազարյանը՝ Ֆարմանյանին

Հունիս 26,2017 17:51

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել Կրասնոդարից ստացված ահազանգի մասին: Ըստ ահազանգի, «Սպայկա» ընկերությունը Կրասնոդարում «Ռոզա վետռով» մեծածախ շուկան փակել է ծիրան արտահանող մյուս ընկերությունների համար: Հայաստանից ծիրան արտահանողները ապրանքը տանում են շուկա, այնտեղ ասում են, որ միայն «Սպայկայից» են վերցնելու:

Այս գրառումը տարածել էր նաեւ «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին էր գրառում արել ֆեյսբուքում՝ պատասխանելով Լենա Նազարյանին ու Արայիկ Հարությունյանին: Նա ներկայացրել էր «Սպայկայի» դիրքորոշումը, թե մենք Ադրբեջանում կռիվ ենք տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ հայկական ապրանքը վաճառվի, էդ ի՞նչ փոքր արտահանող է, որ այս պատերազմը թողած՝ ընկնենք իր հետեւից:

Aravot.am-ի հետ զրույցում այսօր Լենա Նազարյանը, խոսելով Սամվել Ֆարմանյանի արձագանքի մասին, ասաց. «Բայց ո՞նց է նա արձագանքել, զանգել է «Սպայկայի» պաշտոնյաներից մեկին ու ասել է՝ կա՞ նման բան: Բնականաբար, ասել են՝ ոչ, չկա նման բան: Բայց դե գիտեք չէ՞, որ եթե ահազանգող կա, առաջին հերթին նրանից պիտի ճշտել, թե ինչ խնդիր է առաջացել»:

Լենա Նազարյանն ասաց, որ ահազանգողները պնդում են, որ խնդիր կա, իրենք կապի մեջ են Արայիկ Հարությունյանի հետ. «Խնդիրը մինչեւ հիմա գոյություն ունի, ես քիչ առաջ խոսեցի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ, իրենք նույնպես տեղյակ էին ահազանգից, որ ԶԼՄ-ները տարածել են: Նա ասաց, որ մինչեւ երեկո կտեղեկանա, թե ինչ լուծումներ կան եւ մեզ էլ կտեղեկացնի: Մենք հետամուտ ենք՝ այդ մարդկանց շահերը պաշտպանելու հարցում»:

Լենա Նազարյանն ասաց, որ Սամվել Ֆարմանյանը զանգել է ու փորձել է պարզել այն կողմից, որը առաջացրել է այդ խնդիրը. «Կրասնոդարում երկու շուկա կա, մեկը՝ «Роза ветров», մյուսը՝ «Хутор Ленина», եւ այդ երկու մեծ շուկաներում նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շուկայի տիրոջ հետ, որ միայն կվաճառվի իրենց ներկրած ծիրանը: Արդյունքում՝ Հայաստանից փոքր ու միջին արտահանողները հասել են այդ շուկա եւ պարզել են, որ իրենց մուտքը փակված է: Այստեղ օրենքի խախտում կարծես չկա, որովհետեւ երկու տնտեսվարողի միջեւ պայմանավորվածություն է, բայց ամեն դեպքում մեր պետության խնդիրն է պաշտպանել փոքր ու միջին արտահանողների շահերը նաեւ: Եվ մենք հետամուտ ենք լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930