Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հունիս 26,2017 18:25

2017 թ. հունիսի 1-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են  ստեղծում տարբեր կրոնական ուղղությունների նկատմամբ խտրական վերաբերմունք սերմանելու, ինչպես նաև նրանց իրավունքների սահմանափակման համար։

Որպես իրավապաշտպան կազմակերպություն, կարևորելով Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունների դերը և նշանակությունը ժողովրդավարական, իրավական պետության կայացման հարցում, Կազմակերպությունը  պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որը 2017 թ. հունիսի 23-ին ուղարկվել է ՀՀ Արդարադատության նախարարություն։

Կազմակերպությունն առաջարկել է Օրենքի նախագծից հանել իրենց բնույթով խտրական կարգավորումները։ Մասնավորապես, նախևառաջ առաջարկվել  է քննարկվող նախագծի կարգավորման առարկա դարձնել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված հարաբերությունները, քանի որ  Օրենքի նախագիծը  կարգավորում է հենց մտքի, խղճի, կրոնի ազատությունը, իսկ այս Օրենքի նախագծով այդ հարաբերությունները չկարգավորելը խտրականություն է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային եկեղեցի լինելու հանգամանքը չի կարող այլ կրոնների/համոզմունքների համեմատ առավել լայն իրավունքների և ազատությունների սահմանման հիմք հանդիսանալ:

Կազմակերպությունն անդրադարձել է նաև կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակման հիմքերին և հաշվի առնելով Մարդու իրավունքների նախադեպային իրավունքը՝ առաջարկել է սահմանափակման հիմքերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է Կրոնական կազմակերպությունների դատական իրավասուբյեկտությունը և մի շարք միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո առաջարկել է ապահովել կրոնական կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքը և ընդգծել է պետության դերը նշված պարտավորության շրջանակներում։

Ի թիվս այլնի, Կազմակերպությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքները չբացահայտելու, կրոնական կազմակերպությունների ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքների ապահովմանը և այլն։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Առաջարկությունների փաթեթն ամբողջությամբ՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930