Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության են ներկայացվել ընտանիքի հետ կալանավորված անձի տեսակցությունների երաշխավորմանն ուղղված օրենսդրական նախագծեր

Հուլիս 03,2017 14:08

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:

Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին:
Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք:
Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում:

Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է.

1. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված անձի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել հստակ հիմքեր և ընթացակարգ,
2. այդպիսի սահմանափակում կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: Այն կարող է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության հետ միաժամանակ կամ առանձին` բացառիկ դեպքերում, երբ առկա են դրա համար օրենքով նախատեսված հիմքերը,
3. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Դրանք նաև պետք է անմիջապես հանձնվեն կալանավորվածին ու նրա փաստաբանին, որպեսզի լիարժեք ապահովվի բողոքարկման իրավական հնարավորությունը,
4. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է դառնա պարբերական վերանայման առարկա՝ անկախ կալանավորված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից,
5. գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ նույնպես պետք է հատուկ անդրադարձ կատարվի հիշյալ որոշմանը: Արգելքի պահպանման դեպքում դատարանը պետք է հիմնավորի դրա պահպանման անհրաժեշտությունը:

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31