Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրահեղձ եղած երեխայի դաստիարակի նկատմամբ կիրառվեց փորձաշրջան

Հուլիս 04,2017 17:01

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ քրեական գործի դատաքննություն: Նախաքննական մարմինը Գայանե Մալխասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասով: Այն բանի համար, որ նա աշխատելով Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ի պաշտոնե պարտավորված լինելով իրեն վստահված երեխաների նկատմամբ ցուցաբերել վերահսկողություն ու հոգածություն, ցուցաբերել է անգործություն եւ անփութություն: Ինչի հետեւանքով, այս տարվա փետրվարի 14-ին, ժամը 9:30-ի սահմաններում Ռոբերտ Դալլաքյանը դուրս է եկել հաստատությունից եւ ընկել Դեբեդ գետը: Երեխան ջրահեղձ էր եղել:

Այսօր դատաքննության ժամանակ Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան, փաստաբան Ռոման Կոնինյանը միջնորդություն ներկայացրեց դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ. «Խորհրդակցել եմ իմ պաշտպանյալի հետ, նա գիտակցում է իր կողմից կատարված միջնորդության բնույթը, հետեւանքները: Միջնորդությունը ներկայացվում է կամավոր, խորհրդակցել է իմ հետ: Գիտակցում է, թե ինչ է նշանակում դատական քննության արագացված կարգ եւ համաձայն է, որպեսզի կիրառվի այն»:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը ամբաստանյալ Գայանե Մալխասյանից հետաքրքրվեց, թե արդյոք առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչում:

-Ես իմ մեղքը լիովին չեմ ճանաչում: Ես ասել եմ, որ մեղավոր եմ, բայց ամբողջ մեղքը չի կարելի գցել դաստիարակի վրա: Որպես դաստիարակ իմ պարտականություններն իմանալով, որ պատասխանատու եմ երեխայի համար, մեղավորության բաժին ունեմ, բայց որ ամբողջ մեղքը ինձ վրա գցել, ես դա չեմ ընդունում:

Երեխան խնդիրներ, ուներ: Առաջին օրը, որ բերեցին մանկապարտեզ, ես դա նկատեցի,- ասաց Գայանե Մալխասյանը:

-Այսինքն, դուք ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում եւ չեք ընդունու՞մ առաջադրված մեղադրանքը: Եթե դուք վերջնականապես հայտարարեք, որ համաձայն չեք մեղադրանքի հետ, դատարանը չի կարող կիրառել դատաքննության արագացված կարգ: Որովհետեւ մենք պետք է ապացույցները հետազոտենք եւ պարզենք, թե դուք ունեք մեղավորություն, թե ոչ,- եւս մեկ անգամ հարցրեց դատավորը:

Հարցից հետո Գայանե Մալխասյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը, եւ կիրառվեց դատաքննության արագացված կարգ:

Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Ռոբերտ Դալլաքյանն ասաց, որ դեպքն անզգուշության հետեւանք է, եւ ինքը որեւէ բողոք-պահանջ չունի. «Ես ոչ մի բողոք չունեմ: Մենք թշնամություն չենք ունեցել իրար հետ, ու հիմա էլ պապական թշնամություն չեմ ուզում: Ուղղակի անփութություն է եղել: Ուրիշ բան չեմ կարող ասել»:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, այն որ Գայանե Մալխասյանն ունի 27 տարվա աշխատանքային փորձ, աչքի է ընկել, որպես կարգապահ եւ լավ աշխատող: Պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, դատարանը որոշեց Գայանե Մալխասյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ նրա նկատմամբ նշանակել նվազագույն պատիժը՝ ազատազրկում 3 ամիս ժամկետով. «Ամբաստանյալ Գայանե Ժիլբերտի Մալխասյանի նկատմամբ կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել: Սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով… Նրա նկատմամբ ստորագրությունը՝ չհեռանալու մասին թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31