Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ղեկավարությունն է կրում սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից»

Հուլիս 06,2017 10:32
shavarsh qocharyan

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին

– Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ Ադրբեջանի` իրադրության սրմանն ուղղված վերջին գործողություններին:

-Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ իրադրության առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը:

-Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:

Մյուս կողմից Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է:

Ստացվում է` Թուրքիայի համար դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելիությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31