Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբավորում. հարկավոր է ստեղծել արտահամակարգային քաղաքական բևեռ

Հուլիս 17,2017 12:21

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ուղերձ են հղել, որում մասնավորապես ասված է.

«Այսօր յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև ծառացած է ճակատագրական ընտրության հրամայականը՝ մնալ մեզ որպես սպառվող ռեսուրս օգտագործող համակարգի ներսում, սպասարկել նրա օրակարգը և, ի վերջո, ոչնչանալ՞, թե՞ դուրս գալ այնտեղից և որդեգրել հայության առաքելության, հայրենատիրության ու ժառանգության ռազմավարական ուղենիշներով առաջնորդվող յուրային համակարգ  (որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքի վրա կառուցված ազգային պետությունը) ստեղծելու համահայկական օրակարգ և անհատական, խմբային ու հանրային բոլոր ջանքերն ուղղել դրա իրականացմանը։

Մենք կասկած չունենք, որ հավերժի ճամփորդ Հայը ընտրելու է ազգային համակարգ կառուցելու օրակարգը։

Անկախ այս երկարաժամկետ և բազմափուլ համազգային օրակարգի հարցերի հերթականությունից և նրանց բովանդակությունից, դրա առաջին հարցը պետք է դառնա ինքնուրույն ազգային սուբյեկտ- պետության (ազգային կամքի կենտրոնի) ձևավորումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է․

1․ Ձերբազատվել այդպիսի սուբյեկտի ձևավորմանը խոչընդոտող  հանգամանքներից, որոնցից հիմնականներն են՝ ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունը (որն առնվազն ենթադրում է Հայաստանից Արցախի և Նախիջևանի անջատ վիճակ․ և հայկական պետության տարածքի սահմանափակվածություն նախկին ՀԽՍՀ սահմաններում), Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և այդ կախյալությունն ապահովող հայաստանյան գաղութային վարչակազմը։

2․ Համախմբել և արդյունավետ կերպով գործադրել ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող և 1-ին կետում նշված հանգամանքներից ձերբազատվելու շնորհիվ հայությանը հասանելի դարձող պետական ռեսուրսը՝ տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, պետական կառավարման համակարգը և այլ ռեսուրսը։

3․ Այս սուբյեկտը ձևավորել ազգային համակարգ կառուցելու համահայկական օրակարգի հաջորդ հարցերի շղթայական լուծման համար նվազագույն բավարար (տվյալ դեպքում՝  տարածաշրջանային հայկական գործոնի մակարդակի) պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու մեկնարկային նպատակադրությամբ ու լիցքով։ Ուստի նա իր տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, կառավարման համակարգը և այլ ռեսուրսը որակապես ու քանակապես պետք է ավելացնի և համապատասխանեցնի տարածաշրջանային գործոն դառնալու համար բավարար չափանիշներին։ Դիտարկվող պարագայում հենքային և գլխավոր ռեսուրսը տարածքն է, որի գործոնային նվազագույն չափանիշը Կուր և Արաքս գետերով ամփոփվող միջակայքն է։

Վերը նշվածից բխում է, որ համահայկական օրակարգի առաջին հարցը պետք է դառնա ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների վրա ինքնիշխան (ապագաղութացված և ինքնուրույն) և ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրումը։ Նոր Հանրապետություն, որը պետք է ստեղծվի Կուր-Արաքսյան Հանրապետություն դառնալու մեկնարկային նպատակադրմամբ ու լիցքով։

Բնականաբար, այս գործընթացը առնվազն հետևյալ առարկայական պատճառներով պետք է սկիզբ առնի և ընթանա առկա համակարգից ու նրա վերահսկողությունից դուրս․

1․ Առհասարակ՝ որևէ համակարգի ներսում հնարավոր չէ լուծել տվյալ համակարգի մակարդակի պրոբլեմը։

2․ Կոնկրետ մեզ գաղութացնող համակարգն ունի իրեն ծնած և պահպանող նպատակը՝ մինչև վերջ սպառել ու կլանել մեզ։

Այդ նպատակով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո այն մեկ այլ ձևաչափով վերականգնելու համար համակարգը խորհրդային մոդելի հենքի վրա վերանախագծվել, կառուցվել և կատարելագործվում է որպես արտաքուստ պետության ձև ունեցող, սակայն խորքի մեջ յուրօրինակ մի հակապետություն՝ սպիտակ ցեղասպանության միջոցով մեզ դիմադրողականությունից զրկելուն միտված իր համապատասխան հակագործառույթներով։

Ուստի, եթե նա խոստանում է բազմակի տեմպերով առաջընթաց, ապա արագացնելու է քայքայման ու հետընթացի տեմպերը, անվտանգություն և Ազգ-բանակ՝ խորացնելու է ազգի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները, իսկ բանակն ամբողջությամբ հանձնելու է օտարին, արդարություն՝ ավարտին է հասցնելու երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու գործը և միակ ընտրությունը թողնելու է ստրկանալու կամ հեռանալու միջև, կոռուպցիայի դեմ պայքար՝ կատարելագործելու և ծավալելու է կոռուպցիան, բնակչության աճ՝ մարդաթափ է անելու Հայաստանը։

Ակնհայտ է, որ ազգային պետականության ոչնչացման, ցեղասպանության ու հայրենազրկման այսպիսի հականպատակ և հակագործառույթներ ունեցող համակարգում հնարավոր չէ որևէ շոշափելի դրական արդյունքի հասնել։ Ընդամենը կարելի է կեղծ արդյունքի հետամուտ լինելով նպաստել նրա կատարելագործմանը և հրեշավոր ծրագրին։

3․ Համակարգի կենտրոնը, նրա գլուխը Հայաստանում չէ։ Հայաստանում նրա ենթակա բաղադրիչն է, նրա գործիք գաղութային վարչակազմը։ Ուստի ընդամենը ենթակա բաղադրիչի հետ հարաբերվելով, այն էլ՝ նրա գերակա ու վերահսկող կարգավիճակի պարագայում, հնարավոր չէ ազդել համակարգի վրա։

4․ Համակարգի հայաստանյան գործիք գաղութային վարչակազմի ղեկավար դասն անդառնալի կերպով թաղվել է Հայրենիքի դավաճանության, իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի, սպանությունների և ծանր ու առանձնապես ծանր այլ հանցագործությունների ճահճում։ Անձնական ու խմբային շահերով կազմակերպված այդ հանցավոր համագործակցության անդամների համար փոփոխությունը հավասարազոր է ազատազրկման և ունեզրկման, այդ պատճառով նրանք մինչև վերջ փորձելու են պահպանել առկա իրավիճակն ու կառավարման լծակները։ Ասվածի թարմ և խոսուն ապացույցն է դատարանի նկուղում թրքաբոլշևիկյան այս համակարգի ոստիկանների միջոցով Սասնա Ծռերին դաժանաբար ծեծելը, ինչն առանց այլևայլության 1921թ. փետրվարին Երևանի բանտում կատարված կացնահարման ժամանակակից դրսևորումն էր:

Նոր Հանրապետության հիմնադրման գործընթացը նախապատրաստելու և սկսելու համար հարկավոր է այս ամենը հաշվի առնելով ստեղծել արտահամակարգային քաղաքական բևեռ, որը կդառնա ապագա ազգային համակարգի սաղմը և իր վրա կվերցնի քաղաքական և ժողովրդային ռեսուրսի մոբիլիզացիայի, համաժողովրդական ընդվզման, գաղութային վարչակազմի հեռացման, ինչպես նաև Նոր Հանրապետության հիմնադրման Անցումային փուլի  մեկնարկն ապահովող Ժողովրդի վստահության կառավարության ձևավորման կազմակերպական բեռը։

Արտահամակարգային բևեռը կենսականորեն անհրաժեշտ է նաև արտաքին հակառակորդի հավանական հարձակման դեպքում, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել ժողովրդին և խափանել պայմանավորված պատերազմով տարածք հանձնելու ունակ վարչակազմի դավաճանությունը։

Արտահամակարգային բևեռում համախմբվող գործիչները և ժողովուրդը պետք է մտածեն և գործեն «ծռավարի»՝ ընդառաջ գնալով վերահաս վտանգին և այն դիտելով որպես հաղթանակի լիցք ու ռեսուրս։

Հայությունը շուտով իր հետևում է թողնելու անկումների ու կորուստների ժամանակը և մտնելու է վերածննդի, վերելքների ու ձեռքբերումների ժամանակ։

Սասնա Ծռերի ապստամբությունն այս գործընթացի օրինաչափությունը հաստատող անցման գործողություն էր և ապագան մեկնարկող գալիք համաժողովրդական ընդվզման հաջողված փորձարկումն ու կազմակերպական խթանը։

Ապստամբական հանգուցալուծումն անխուսափելի է։ Նախապես արտահամակարգային բևեռի ստեղծումը այն կդարձնի հնարավորինս նվազ կորստաբեր և առավելագույնս արդյունավետ։

Մենք՝ ներքոստորագրյալ ռազմագերիներս, քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս՝

ա/ դիմում ենք Հայրենիքի և պետականության ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին և հորդորում ենք մեր գոյության հաշվին ապրող համակարգի ներսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական լուծումներ փնտրելու փոխարեն համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ,

բ/ մեր կողմից պատրաստ ենք պատասխանատվության մեր բաժինը ստանձնել ինչպես արտահամակարգային բևեռի կայացման ու գործունեության, այնպես էլ Ժողովրդի վստահության կառավարության մեջ և Անցումային փուլում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31