Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք հատեցիք գիծը. Սաակաշվիլին պատասխանել է Պորոշենկոյին

Հուլիս 27,2017 15:21

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցի շուրջ։ 

Ես հասարակ ուկրաինացի եմ։ Ինձ հետ այսօր փորձում են վարվել այնպես, ինչպես դատախազներն ու բյուրոկրատները վարվում են հասարակ ուկրաինացիների հետ` թքում են նրանց իրավունքների վրա։

Ես Ուկրաինայում ապրում եմ արդեն ավելի քան 13 տարի: Մասնակցել եմ 3 հեղափոխությունների։ Ես ունեմ մեկ քաղաքացիություն` Ուկրաինայի, և ինձ չեն կարող զրկել դրանից։

Այժմ ինձ ցանկանում են ստիպել փախստականի կարգավիճակ ստանալ։ Նման բան չի լինի։ Ես չեմ ցանկանում որևէ տեղ մնալ  և որևէ կարգավիճակ ստանալ։ Ես կհասնեմ նրան, որ իմ օրինական իրավունքը ստանամ վերադառնալ Ուկրաինա։

Պորոշենկոն քաղաքացիությունից ինձ որոշել է զրկել գաղտնի` քանի դեռ ես երկրում չեմ։

Հենց նրանք հասկացան, որ մենք միավորվում ենք, որպեսզի աշնանը դուրս գանք փողոց և վերջ տանք այս պայմանավորված խաղին, վախը հաղթեց խելամտությանը։ Նախագահ Պորոշենկոն թքել է սահմանադրության վրա, որի երաշխավորը, ըստ էության, ինքը պիտի լիներ։

Սա ուղղակի և միանշանակ ազդակ է ուկրաինական հասարակությանը. այլևս ոչ մի դեմոկրատիայի խաղեր։

Պորոշենկոն Վրաստան էր գնացել ոչ թե երկու երկրների միջև կապեր հաստատելու, այլ հերթական պայմանավորվածության համար` այս անգամ` երկու օլիգարխիկ ռեժիմների` Ուկրաինայի Պորոշենկոյի և Գազպրոմի խոշոր մասնավոր բաժնետեր, ռուսամետ Իվանիշվիլիի միջև։

Նրանք մտածել էին, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությանը նոր ապացույցներ են տրամադրել իմ գործով։ Բայց դա հերթական սուտն է։ Ուկրաինայում ինձ քաղաքացիություն տալուց հետո ոչ մի նոր գործ Վրաստանում իմ դեմ չի հարուցվել։ Իսկ այն մտացածին գործերը, որ կան, ոչ մի երկիր, Վրաստանից բացի, այդ մեղադրանքները չի ընդունել։

Երկու օր առաջ Ուկրաինայի նախագահը, որի հետ մի ժամանակ հույսեր էր կապում Մայդանը, փոխեց Քաղաքացիության հանձնաժողովի կազմը։ Հուլիսի 24-ին նա հանձնաժողովի մեջ ներառեց նոր մարդկանց, որպեսզի լիովին խամաճիկ հանձնաժողովը ենթարկվի իր բոլոր քմահաճույքներին։

Դե ինչ, Պյոտր Ալեքսեևիչ, վատն են ձեր խորհրդականները։ Այդ հրամանով Դուք ստորագրեցիք Ձեր և Ձեր իշխանության անխուսափելի պարտությունը։ Ընդ որում, եթե նախկինում դեռ կարող էիք հույս ունենալ ձգել մինչև ընտրություններ, ապա այժմ դրա մասին կարող եք միայն երազել։

Այսօր Դուք, Պյոտր Ալեքսեևիչ, հատեցիք գիծը։ Այսօր ամբողջ երկիրը հասկացավ` որն է նորովի ապրելու Ձեր խոստումների գինը։ Հիմա երևի Դուք ձեր նախորդի նման կցանկանաք ցանկացած գնով պահել իշխանությունը։ Դե ինչ, կարող եք փորձել, բայց հիշեք. Ռուսաստանում Ձեզ չեն սպասում։ Ուկրաինացիներն արդեն երկու անգամ հաղթահարել են այս վարանը և կանգ չեն առնի, մինչև որ իշխանության բերեն նոր իսկական քաղաքական գործիչների։

Ես Ուկրաինայի քաղաքացիություն եմ ընդունել, որպեսզի պայքարեմ բարեփոխումների համար, որպեսզի պայքարեմ Ուկրաինայի հաջող ապագայի համար, որից կախված է նաև իմ հայրենի Վրաստանի ապագան։ Ինձ համար քաղաքացիությունը դատարկ զրնգոց չէ։ Ուկրաինայի քաղաքացու անձնագիր ունենալու յուրաքանչյուր օր ես աշխատել եմ այն բանի համար, որ Ուկրաինան հաղթի և դառնա եվրոպական գերտերություն։

Ես ավելի շատ ուկրաինացի եմ, քան այսօրվա պատգամավորներից շատերը։ Ես ամբողջ սրտով սիրում եմ Ուկրաինան և կշարունակեմ պայքարն այստեղ` մեր Ուկրաինայում, անկախ ամեն ինչից։

 

Պատրաստեց` Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31