Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

2016-ի հուլիսին Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. որևէ ոստիկան քրեական պատասխանատվության առ այսօր չի ենթարկվել:

Օգոստոս 01,2017 11:18

2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան և Գյումրի քաղաքներում անցկացվել է 17 հավաք, որոնցից առնվազն 7 հավաքի ընթացքում ոստիկանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումներով բերման է ենթարկել հավաքի մասնակիցների, ընդ որում՝ 5 հավաքի դեպքում դադարեցնելով դրանք:

Այդ օրերին ՀՀ ոստիկանությունը խախտել է մի շարք օրենսդրական կարգավորումներ և կիրառել անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ: Մենք որոշեցինք իմի բերել անցյալ տարվա դեպքերի վիճակագրությունը:

Բերման ենթարկվածներ

Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված հավաքի մասնակիցները բաժիններում պահվել են մինչև 17 ժամ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 3 ժամից ավել: Նրանցից շատերին չի տրամադրվել օրենքով սահմանված անհրաժեշտ բուժօգնություն, ոմանց դեպքում ոստիկանության բաժանմունքներում և մեքենաների մեջ կիրառվել է բռնություն և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Ընդ որում՝ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ը կազմակերպված հավաքների վայրերում տեղի է ունեցել բերման ենթարկելու առնվազն 750 դեպք:

Բերման ենթարկվածներից ոմանք ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տեղափոխվել իրենց տներից և ոչ թե հավաքի վայրից: Մի քանի անգամ ոստիկանները քաղաքացիներին տարել են ոչ թե ոստիկանություն, այլ ոստիկանության զորքերի զորամասեր, ինչը հակասում է օրենսդրությանը:

Հատուկ միջոցներ

Ոստիկանությունը սպառազինության հատուկ միջոցներ է կիրառել է հավաքներից 3-ի ընթացքում, բնություններ՝ 4-ի ընթացքում: 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին Սարի Թաղ թաղամասում, ինչպես նաև նույն օրը Խորենացի փողոցում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, որոնց ազդեցության արդյունքում մեծ թվով քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ լսողության վատթարացում և աչքի կորուստ, բեկորային վնասվածքներ, կոտրվածքներ, ուղեղի ցնցումներ, տարբեր աստիճանի այրվածքներ և այլն:

ՀՀ ոստիկանության օրենքի համաձայն՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքն անցկացվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ է, անզեն, ապա հատուկ միջոցների գործադրումն արգելվում է: Այդուհանդերձ՝ ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարված հարցումների՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետը հայտնել է, որ հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանության կողմից ցույցերը ցրելիս կիրառվել է 3 կրակոց արցունքաբեր գազ և 97 լուսաձայնային նռնակ:

Հատուկ միջոցների կիրառման ժամանակ խախտվել է նաև դրանց կիրառման օրենսդրական կարգը՝ մասնավորապես չի պահպանվել նախքան հատուկ միջոցների կիրառումը ցուցարարներին զգուշացնելու կարգը և չի ձեռնարկվել միջոցներ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Վիրավորներ

Համադրելով տուժածների վկայությունները, Արդարադատության նախարարությունից ստացված տվյալները և լրատվամիջոցների հրապարակումները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնաբերել է ոստիկանության կողմից հատուկ միջոցների և բռնության արդյունքում հետևյալ վնասվածքների դեպքերը՝

Քերծվածք 49

Բեկորային վնասվածք 27

Այրվածքներ 10

Պատռված վերքեր 1

Սալջարդ վերքեր 56

Լսողության խնդիրներ 1

Տեսողության խնդիրներ 2

Արյունազեղում 22

Էկզոգեն թունավորում 16

Աչքի կորուստ 1

Կոտրվածք 5

Գլխուղեղի ցնցում 2

Պատասխանատվություն

2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանում Մարդու իրավունքների խախտումների մասին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Իրազեկ քաղաքացիների միավորում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ պատրաստել են զեկույց, որում ավելի մանրամասն տեղեկություններ կան խախտումների վերաբերյալ:

Վերջում հավելենք, որ նշված դեպքերի համար որևէ ոստիկան քրեական պատասխանատվության առ այսօր չի ենթարկվել: Հուլիսի 29-ին լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած 8 անձինք կանգնել են դատարանի առջև, սակայն նրանցից որևէ մեկը չի ազատազրկվել:

Ավելին, քննությամբ պատշաճ կերպով չի պարզվել լրագրողներին ծեծելու դրդապատճառները, ինչպես նաև այն, թե ինչպես են քաղաքացիական անձինք ոստիկանների հետ միասին հարձակվել ցուցարարների և լրագրողների վրա: Չի պարզել, թե ո՞վ էր բռնություններ գործող քաղաքացիական անձանց կազմակերպել և բերել Սարի Թաղ:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031