Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տնտեսության կրած հետևանքները ԵՄ պատժամիջոցներից 3 տարի անց. Deutsche Welle

Օգոստոս 01,2017 12:45

3 տարի առաջ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի արևելքում ծավալվող հակամարտությանը միջամտության հետ, գրում է Deutsche Welle-ն: Դրանից հետո այդ պատժամիջոցները բազմիցս երկարաձգվել են: Վերջին անգամ՝ 2017թ. հունիսի 28-ին, երբ ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց երկարաձգել դրանք մինչև 2018թ. հունվարի 31-ը: Գլխավորապես պատժամիջոցներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական սեկտորներին, այսինքն` տեսականորեն դրանք հասարակ քաղաքացիներին չեն վերաբերում: Սակայն, փորձագետները փաստում են, եվրոպական պատժամիջոցների հետևանքներն իրենց վրա զգում են նաև շարքային ռուսները, իսկ «պատժամիջոցային պատերազմի» բացասական ազդեցությունը կարող է ձգվել երկար տարիներ:

Տնտեսությունը հարմարվել է, բայց, թերևս, դա երկար չի տևի

Դատելով մակրոտնտեսական ցուցանիշներից՝ Ռուսաստանի տնտեսությունը հարմարվել է եվրոպական պատժամիջոցներին, Deutsche Welle-ին ասել է «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատուներ» ընկերության ռազմավարական վերլուծության ինստիտուտի տնօրեն Իգոր Նիկոլաևը: «Ավելի քան երկու քառամսյակ շարունակ Ռուսաստանում նկատվում է ՀՆԱ աճ նախորդ քառամսյակների նկատմամբ (2017թ. առաջին քառամսյակում այն կազմել է 0.9 տոկոս-խմբ.): Նման դեպքերում ընդունված է ասել, որ երկրում կա տնտեսական աճ»,- ասել է փորձագետը:

Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, այդ աճը առավելապես ամրապնդվում է արտաքին գործոններով, որոնցից գլխավորը նավթի գնի աճն է: «Հարմարվելու մակարդակը կարող է տարբեր լինել: Կարելի է այդպես հարմարվել և գտնվել զրոյական գծանշանի մոտակայքում»,- ասել է Նիկոլաևը:

Ըստ ընկերության գնահատականի՝ արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի վրա արժեցել են մոտավորապես տարեկան ՀՆԱ 1.2 տոկոսի չափով: Իսկ եթե պատժամիջոցները չհանվեն, մեկ տարի անց տնտեսությունը կարող է չհասնել տարեկան ՀՆԱ 3 և ավելի տոկոսի:

«Դա կլինի պատժամիջոցների ամենամեծ գինը: Երկրում նախագահական ընտրություններից հետո այսպես թե այնպես պետք է բարեփոխումներ անցկացվեն: Բաց շուկաների, բնականոն արտաքին տնտեսական հարաբերությունների պայմաններում դա արդյունավետ կլիներ: Պատժամիջոցային դիմակայության պայմաններում արդյունավետությունը զգալիորեն կնվազի: Եվ կլինի տրիլիոնների կորուստ»,- կարծում է Նիկոլաևը:

Հարված ֆինանսական սեկտորին և անդրադարձ հարված՝ կենսամակարդակին

Ըստ փորձագետների՝ եվրոպական պատժամիջոցներից այս 3 տարվա ընթացքում առավելապես տուժել է ֆինանսական սեկտորը: Գործող սահմանափակող միջոցառումները նախատեսում են արգելք ռուսական բանկերի վարկավորման վրա: Դա կտրուկ կրճատել է ռուսական բիզնեսի հասանելիությունը «էժան» գումարներին: Արդյունքում, ինչպես Deutsche Welle-ին մեկնաբանել է «Ֆինամ» վերլուծական ընկերության վերլուծաբան Ալեքսեյ Կորենյովը, բիզնեսը դժվարություններ է ապրել պարտքի վերաֆինանսավորման հարցում, անհրաժեշտություն է առաջացել փնտրել վարկավորման այլընտրանքային աղբյուրներ:

Նրա խոսքով՝ հաճախ անգամ այն երկրները, որոնք պատժամիջոցներին չեն միացել, ռիսկի չեն դիմում վարկավորել ո՛չ ռուսական պետությանը, ո՛չ ֆինանսական ոլորտը, ո՛չ առանձին ձեռնարկությունների: Ժամանակի ընթացքում՝ վարկերի մարման ժամկետի մոտենալուն պես, իրավիճակը սկսում է խորանալ: «Երկու անգամ կրճատվել են վարկավորման ժամկետները: Դա բարդացնում է պարտքի վերաֆինանսավորման և վարկային շղթաներ կառուցելու հարցը»,- ասել է փորձագետը:

Մեծ բիզնեսի խնդիրները, թվում էր, չպետք է անդրադառնան շարքային սպառողների վրա: Սակայն ֆինանսական պատժամիջոցների ազդեցությունը զգում են նաև հասարակ քաղաքացիները: Այն արտահայտվում է «ժողովրդական ծագման ապրանքների և մթերքների գների բարձրացման, աշխատավարձերի իջեցման, ազգային արժույթի փոխարժեքի նվազման, աշխատաշուկայի լճացման պատճառով գործազրկության աճի» տեսքով, ենթադրում է Կորենյովը: Այդ խնդիրները, նրա խոսքով, սկսել են կուտակվել դեռ 2013թ. և խորանալ պատժամիջոցների սահմանումից հետո: «Իրավիճակը մասամբ բարելավվեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու հաշվին, սակայն նորանոր պատժամիջոցային փաթեթները խանգարում էին և շարունակում են խանգարել լիարժեք լուծել այդ խնդիրը»,- ենթադրում է վերլուծաբանը:

Ազդեցությունը նավթագազային համալիրի վրա. շելֆը՝ մշուշում

Եվրոպական պատժամիջոցներն անդրադառնում են նաև հումք արտադրող Ռուսաստանի համար առավել զգայուն՝ էներգետիկ ոլորտի վրա: Ու չնայած այս ոլորտում Բրյուսելի պատժամիջոցները այնքան խիստ չեն, որքան ամերիկյանը, դրանց ազդեցությունը նկատվել է և շարունակում է պահպանվել:

«Ալպարի» ընկերության վերլուծական բաժնի փոխտնօրեն Աննա Կոկորյովան Deutsche Welle-ին ասել է, որ «հարվածը սկզբնապես հասցվել է նավթագազային ընկերությունների բաժնետոմսերին, որոնք արձագանքել են անկմամբ և շատ դանդաղ վերականգնմամբ»: Այսօր դրանց գները հասել են նախկին մակարդակին: Բացի այդ, Կոկորյովայի խոսքով, պատժամիջոցները անուղղակիորեն կարող էին վատթարացնել «Գազպրոմի» հարաբերությունները Եվրահանձնաժողովի և նրա գործընկերների հետ:

Եվրոպական ձեռնարկություններին արգելված է ռուս գործընկերներին ծառայություններ մատուցել նավթի և գազի արդյունահանման համար հորատման գործում: Ռուսաստանում շելֆում աշխատող սեփական հորատման սարքավորումների խիստ պակաս կա, չկան հատուկ նավեր 3D-սեյսմահետախուզման համար: Ընդհանուր առմամբ, «Ռուսաստանի շելֆում բացակայում են արդյունահանման ժամանակակից տեխնոլոգիաները: Նշանակում է, որ դրա իրացման երկարաժամկետ հեռանկարները գնալով ավելի են մթագնում», վերջերս իր զեկույցներից մեկում նշել է պրոֆեսոր Յուրի Ամպիլովը:

Շելֆային նախագծերի վրա պատժամիջոցների ազդեցությանը նվիրված իր հոդվածում նա նշել է. «Վերացնել կախվածությունը ներմուծումից՝ արագ չի ստացվի: Հայրենական մեքենաշինության ոլորտում ներկա ողբերգական պայմաններում, ցավոք, անհնար է»:

Տեխնոլոգիական պակասն անհաղթահարելի՞ է

Արևմտյան տեխնոլոգիաների պակասն անդրադառնում է նաև այլ ոլորտների վրա: ԵՄ այն պատժամիջոցները, որոնք ուղղված են ռազմարդյունաբերական համալիրին, նախատեսում են ոչ միայն արգելել զենքի վաճառքը, այլև երկակի նշանակության ապրանքների արտահանումը, ինչն առաջացնում է բարձրտեխնոլոգիական ճյուղերի, մասնավորապես միկրոէլեկտրոնիկայի վրա: Փորձագետները նշում են, որ նման սթրեսը կարող էր խթանել ռուսական արդյունաբերության զարգացումը, սակայն անցած 3 տարիների ընթացքում տեխնոլոգիաների պակասի հարցը այդպես էլ չի լուծվել:

«Այժմ բարձրտեխնոլոգիական ճյուղերի և միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունները ստիպված են զարգացնել սեփական տեխնոլոգիաները: Թող որ ոչ այնքան կատարյալ, բայց սեփական»,- ասում է Ալեքսեյ Կորենյովը: Միաժամանակ, նա կարծում է, որ կան բարձրտեխնոլոգիական սարքավորումների մի շարք սեգմենտներ, որտեղ Ռուսաստանը չի կարող սեփական ուժերով հավասար քայլել զարգացած երկրների հետ:

Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յուրի Կրուպնովն էլ կարծում է, որ արդյունաբերության զարգացումն արգելակում է պատժամիջոցները հանելու մշտական սպասումները: «Արդյունքում մենք այդպես էլ չունեցանք սեփական տեխնոլոգիական ձևաչափ: Եվ իրավիճակը կարող է դառնալ աղետալի, քանի որ դրսինն էլ չկա, իսկ սեփականը ստեղծված չէ»,- եզրափակում է Կրուպնովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031