Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կանեն մարզպետներին, եթե չափորոշիչները չապահովեն

Օգոստոս 07,2017 15:00

Կառավարությունը մարզպետների համար 11 չափորոշիչ է մշակել`
աղբահանությունից սկսած մինչեւ դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, մարզպետները պետք է բարձր արդյունքներ ցուցաբերեն:

«Եթե իրենց պարտականությունները չկատարեն, կա՛մ իրենք իրենց կամքով հրաժարական կտան, կա՛մ կազատվեն աշխատանքից, երրորդ տարբերակը, որ կառավարությունը աչքերը փակի»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, թե չափորոշիչները չապահոված մարզպետներին ի՞նչ է սպասվում, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Այսուհետ մարզպետների աշխատանքը կգնահատվի ներդրված 11 չափորոշիչներով: Այսինքն` տարածքային ՀՆԱ-ով, մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալով, մարզում աշխատատեղերի թվաքանակով, համայնքային բյուջեների սեփական եկամուտներով, համայնք-մասնավոր հատված համագործակցությունով, աղբահանության եւ սանիտարական մաքրումով, մարզում ֆերմերային տնտեսությունների թվաքանակով, մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ, եւ թե մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ որքան կկազմի աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թիվը, բացի այդ՝ հաշվի կառնվի դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, եւ նաեւ` առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը չափորոշիչների ներդրումը պայմանավորեց Երեւանի եւ մարզերի միջեւ անհամաչափ զարգացումը հարթելու անհրաժեշտությամբ: Վարչապետն ասաց, որ «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջեւ կանգնած կարեւորագույն մարտահրավերներից են։ Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին՝ ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական եւ տարածքային իշխանությունները դրսեւորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու ու արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում»:

Ի՞նչ կտան չափորոշիչները մարզի բնակչին՝ մեր հարցին Վարդեւան Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք կարեւոր են հատկապես մարզպետների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից. «Ամեն տարեվերջին մարզպետները տալիս են հաշվետվություն իրենց կատարած աշխատանքի մասին, դա աշխատանքը գնահատելու առավել արդյունավետ գործիք կլինի: Իհարկե, ժամանակը ցույց կտա, մարզպետարանների կառուցվածքի վերանայման խնդիր կա, որովհետեւ համայնքների խոշորացումը նաեւ փոփոխության է ենթարկելու մարզպետարանների աշխատանքը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե կառավարության այդ որոշումը գուցե համայնքների խոշորացմա՞մբ էր պայմանավորված, քանի որ խոշորացման հիմքում հենց բյուջեի փողերը արդյունավետ ծախսելու գաղափարն է դրված, պարոն Գրիգորյանն ասաց, որ իր ղեկավարած հանձնաժողովում քննարկվել է մարզպետների չափորոշիչների հարցը, սակայն ոչ համայնքների խոշորացման կոնտեքստում: Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը կարծում է, որ այսպես թե այնպես մարզպետների աշխատանքը վերանայման կարիք ունենալու էր` պայմանավորված համայնքների խոշորացմամբ, քանի որ եթե նախկինում մարզպետարանները վերահսկում էին հարյուրից ավելի համայնքների, համայնքապետերի աշխատանք, ապա այսօր միավորման արդյունքում ամեն մարզում 10-12, մինչեւ 13 համայնք է ձեւավորվելու, եւ այսպես թե այնպես մարզպետների աշխատանքում վերանայման խնդիրներ առաջանալու էին:

Վարդեւան Գրիգորյանի խոսքով՝ մարզպետների աշխատանքը գնահատելու ուրիշ գործիքներ էլ կան, սակայն չափորոշիչների ներդրմամբ այդ աշխատանքներն ավելի չափելի են դառնում:

«Առավոտի» հարցին, թե ժողովրդագրագետները մտահոգություն են հայտնում, որ այսօր մարզերում ամենալուրջ մարտահրավերը արտագաղթն է, սակայն այդ չափորոշիչների թվում արտագաղթի ցուցանիշները նվազեցնելու, այն կանխելուն ուղղված կետ չնկատեցինք, Վարդեւան Գրիգորյանն ասաց. «Արտագաղթը ուղիղ պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ եւ ավելի շատ անարդարությամբ: Իհարկե, այստեղ մարզպետարանները անելիք ունեն, բայց այստեղ ավելի շատ անելիքը կառավարությանն է: Մարզպետարաններն իհարկե լուրջ ծրագրեր պետք է կարողանան մշակել, կազմել, ներկայացնել, ստեղծել այն դաշտը, միջավայրը, որպեսզի ներդրողի համար նպաստավոր լինի, բայց, էլի եմ կրկնում, առաջին հերթին դա կախված է կառավարությունից: Կառավարությունը պետք է կարողանա օրենքների միջոցով նպաստավոր դաշտ ստեղծել ներդրողին խրախուսելու, գրավելու համար: Երկրորդ` Ազգային ժողովը պետք է այնպիսի օրենսդրություն սահմանի, որպեսզի այդ օրենքներով ներդրողը իմանա, որ ինքը պաշտպանված է, այլապես որեւէ ներդրող իր աշխատած գումարները, առավել եւս դրսի գործարարները, չեն բերի մի տարածք, որտեղ ռիսկայնությունը շատ բարձր է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031