Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը 22-ամյա երիտասարդին դանակահարելուց հետո ուշ գիշերով զանգել է իր աշխատողին՝ հայհոյելու համար ներողություն ասելու (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 14:51 Share

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատը:

Հիշեցնենք, որ նա սպանել էր 22-ամյա Լևոն Սահակյանին, որը պահանջել էր տալ իր նշանածի չվճարած աշխատավարձը: «Արմենիա» ՀԲԿ Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի եւ թոքի վնասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր:

Այսօր դատական նիստում հարցաքննվեց 2 վկա: Վկաներից մեկը՝ Անահիտ Սուքիասյանը, որը աշխատել է «Պատանի լրագրողների» դպրոցում՝ որպես կոորդինատոր, լուսանկարիչ, հարցին, թե ինչպես կբնութագրեք Վահանին՝ պատասխանեց. «Ըստ իս, Վահանն էն մարդը չէր, որ կյանք խլեր, այն էլ՝ իրենից երիտասարդ: Միշտ բարեհամբույր, հոգատար տնօրեն էր:» Նա ասաց, որ ընկերական ջերմ մթնոլորտում աշխատել են միասին: Անահիտ Սուքիասյանն ասաց, որ իր մոտ շոկ էր, չէր սպասում նման բան:

Վկան վստահեցնում էր, որ ինքը աշխատավարձի հետ կապված այդ խնդրին տեղյակ չէ, ոչինչ չի հիշում, չգիտի, իրենց աշխատավայրում տեղի ունեցածն էլ, որ դանակահարություն է եղել, իմացել է shamshyan.com-ից. «Իմացա, որ Արեգնազին աշխատավարձ էր պարտք Վահանը, որը քիչ-քիչ վերադարձնում էր: Օֆիս եկողն էլ Արեգնազի նշանածն էր, ով եկել էր աշխատավարձը վերցնելու: Ըստ երեւույթին, չեն հասկացել իրար, իմացա, որ գումարի փոխարեն Լեւոնն իմ տեսախցիկն է ուզեցել վերցնել: Հետո իմացա, որ Վահանը դանակահարել է Լեւոնին, որի վիճակը շատ ծանր է, հետո իմացա, որ մահացել է:

Հարցին՝ ումի՞ց իմացաք, որ աշխատավարձի պարտք ունի՝ նա պատասխանեց, որ աշխատակիցներով խոսելիս է իմացել: Վկան պատմեց, որ ավելի ուշ Վահան Ղազարյանը զանգել է իրեն: Թե ինչու է դանակահարելուց հետո Ղազարյանն իրեն զանգել՝ Անահիտ Սուքիասյանը պատասխանեց. «Ներողություն էր խնդրում ՝ հայհոյանքների համար, ներողություն էր խնդրում այն ամենի համար, ինչ ես լսել էի»:

Հարցին՝ ձեզ համար զարմանալի չէ՞ր, որ գիշերը 12-ից հետո Վահանը ձեզ է զանգահարել՝ ներողություն խնդրելու՝ նա պատասխանեց՝ «Չէ, նորմալ էր դա»: Դատավորն էլ էր զարմացած՝ գիշերը 12-ից հետո ինչո՞ւ էր ամբաստանյալը զանգում, նա հարցրեց՝ «Ձեզ հաճա՞խ են այդ ժամին զանգում, բա չհարցրեցի՞ք ինչ է եղել, ինչի համար են վիճել, ով է վնասվածք ստացել»:

Դատավորը հրապարակեց Անահիտ Սուքիասյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ տուժող կողմը գտնում էր, որ հակասություն կա: Հակասությունն այն էր, որ ըստ նախաքննական ցուցմունքի, Անահիտն ասել է, որ բացի նշված հեռախոսազանգից, նա 8 անգամ զանգահարել է Վահան Ղազարյանին, ընդ որում՝ գիշերվա ժամը 2-ին, 3-ին:

Դատավորը վկային նախազգուշացրեց, որ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, ուստի նրան հրավիրելով ամբիոնի մոտ՝ հարցրեց՝ դուք ասացիք, թե չեք հիշում, որ Վահան Ղազարյանին զանգել եք, բայց դուք 8 անգամ եք զանգահարել նրան, հատկապես ուշ գիշերվա զանգերը ինչո՞վ էին պայմանավորված: Եթե մի գիշերվա մեջ 4 անգամ զանգել եք, հնարավոր չի՝ չհիշեք: Անահիտն էլ պատասխանեց, թե «իմ հեռախոսը, երբ ականջիս եմ դնում, անընդհատ միանում է, կարող է միացել է, զանգ է գնացել, ես էլ անջատել եմ»: Դատավորն էլ ասաց՝ 15 րոպեի տարբերությամբ դա չի լինի, կան հեռախոսազանգերի վերծանումները՝ ըստ րոպեների, թե քանի րոպե եք խոսել: Անահիտ Սուքիասյանն անընդհատ ասում էր՝ անկեղծ, չեմ հիշում, չգիտեմ:

Դատավորը հեգնեց՝ ու նման հիշողությամբ ռեժիսո՞ր եք դուք աշխատում, հա՞:

22-ամյա սպանված երիտասարդի հարազատները վկայի ցուցմունքից բորբոքվել էին: Նրանք համոզված են՝ Վահան Ղազարյանը սպանություն կատարելուց հետո զանգել եւ «ինստրուկտաժ» է արել, թե ինչ ցուցմունք տան, ինչն ասեն, ինչը՝ չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031