Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոս 08,2017 19:38

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին եւ մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարոնուհու՝ հայ-բրիտանական կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած դերակատարությունը:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգը հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով նաեւ քաղաքական շփումների աշխուժացում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Թագավության կառավարության աջակցության համարեւ կարեւորել խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունեցող երկրի փորձի կիրառումը Հայաստանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում եւ նշել. «Հավասարապես ցավում եմ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի երիտասարդների մահվան համար. այդ երիտասարդները մեղավոր չեն, որ խնդիրն իր լուծումը չի գտնում բանակցային սեղանի շուրջ»: Արա Բաբլոյանի խոսքով՝ աշխարհը պետք է ընդունի արցախցիների ազատ ապրելու իրավունքը. Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեն այդ հարցի շուրջ խաղաղ բանակցելու:

Բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության կայացմանը, խոսքի ազատության զարգացմանն ուղղված գործընթացները՝ ընդգծելով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխանցել բրիտանացի գործընկերների ողջույնները: Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ բարոնուհին նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ: Քերոլայն Քոքսը սիրով արձանագրել է Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը՝ նշելով, որ այստեղ ստացած իր տպավորություններն ուզում է ներկայացնել ողջ աշխարհին:

Բարոնուհին նշել է. «Ես որդեգրել եմ մի սկզբունք. ունենալ բաց աչքեր, ականջներ ու միտք: Եվ ուզում եմ տեսածս ներկայացնել աշխարհին»:

Քերոլայն Քոքսը նշել է. «Ադրբեջանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Աշխարհի կողմից պիտի ճանաչվի նաեւ Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը»:

Հանդիպման ավարտին բարոնուհին զբոսնել է խորհրդարանի այգում եւ տեսել տարիներ առաջ իր ձեռքով տնկված խնձորենին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031