Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մարդու՝ տաքսիստի հարցրեք, ասում է՝ բա ռուսներն ինչ են ասում». Իրանագետը՝ Մոսկվայի «դաբրոյի» մասին

Օգոստոս 10,2017 15:55

Այսօր «Զարկերակ» ակումբում իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասաց, որ որոշակի ռիսկեր կան. «ՀՀ-ի կողմից դիտարկելիս՝ այդ ռիսկերը հիմնականում պայմանավորված են Իրան-միջազգային հանրություն դաշտով, որը գործում է մշտական պատժամիջոցների սպառնալիքի գործիքակազմի կիրառմամբ՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից: Բնական է, որ պատժամիջոցներից ազատ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շատ ավելի հեշտ են: Մյուս կողմից՝ նույն գործոնն ազդում է նաեւ հայկական կողմի վրա: Շատ դեպքերում ՀՀ-ում ավելորդ մտավախություններ կան երրորդ ուժերի՝ տարբեր գործընթացներին արգելակելու վերաբերյալ: Հայկական մտայնության մեջ արմատացած մտածելակերպ կա, թե սրան դեմ կլինի ՌԴ-ն, մեկ այլ բանի դեմ կլինի ԱՄՆ-ն: Հավատացնում եմ, թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ- այնքան խնդիրներ ունեն աշխարհի բազմաթիվ կետերում, որ շատ դեպքերում Հայաստան-Իրան հարաբերություններում գործընթացները նրանց հետաքրքիր էլ չեն, ուր մնաց թե գործ ունենանք արգելքների հետ»:

Ոսկանյանն ասաց, որ Հայաստանը մնում է այն բացառիկ տարածքներից մեկը՝ ռելիեֆային իր ունեցած բոլոր դժվարություններով հանդերձ. «Այսօր ամենակարեւորը անվտանգությունն է: Որեւէ մեկը չի ցանկանա, որ իր կառուցած գազատարը, օրինակ, ենթարկվի ահաբեկչական հարձակման, հետեւաբար Իրան-Իրաք-Սիրիա, այլ ուղիներ, որոնք անցնելու են Իրաքի եւ Սիրիայի տարածքով, ըստ էության տեսանելի ապագայում դուրս են մնում դաշտից: Հաջորդ խաղացողը լինելու է Թուրքիան եւ նրա հավելվածը՝ Ադրբեջանը: Հայաստանը մնում է բացառիկ ճանապարհ, սա պետք է պարբերաբար ներկայացվի իրանական կողմից: Իրանցիները, շատ դեպքերում լավ չեն ճանաչում ՀՀ-ի հնարավորությունները»:

Մեր հարցին՝ Դուք ասացիք, որ Հայաստանում ավելորդ վախ կա իր մեծ եղբորից՝ ՌԴ-ից, որ թույլ չի տա ավելի խորացնել, զարգացնել Իրանի հետ հարաբերությունները, դրանից Հայաստան-Իրան հարաբերությունները որքա՞ն են տուժում, արդյոք հայկական կողմը համապատասխան քայլեր չի՞ ձեռնարկում՝ իրանագետը պատասխանեց, որ մենք նման կարծրատիպ ունենք, ինչ անում ենք, շրջվում ենք, որ իմանանք, թե դրա մասին ինչ են ասում աշխարհի մեծերը. «Անշուշտ, դա խոչընդոտում է, աշխարհայացքային կաղապար է: Միանշանակ է, որ պետք է հաշվի առնել խոշոր խաղացողների շահերը, Հայաստանն իր հնարավորություններով եւ ազդեցությամբ գերտերություն չէ, բայց ամեն ինչում գերտերությունների աներեւույթ ներկայությունը փնտրելը սխալ մոտեցում է: Ցանկացած մարդու՝ տաքսիստի հարցրեք, ասում է՝ բա ռուսներն ինչ են ասում: Չի կարելի, ի վերջո: Վաղուց ի վեր Հայաստանն անկախ է, Մոսկվայի դաբրոն են վերցնում: Մի քիչ էլ ռուսական ԶԼՄ-ներն են դա տարածում, որ ամեն ինչ կատարվում է Պուտինի իմացությամբ եւ թույլտվությամբ»:

Ըստ իրանագետի, իհարկե, Հայաստանը չի կարող հերոսաբար պատերազմել ՌԴ-ի դեմ, տեսանք, որ նույնիսկ Ուկրաինան չկարողացավ պատերազմել, բայց սեփական բաժինը ստանալ հնարավոր սահմաններում որեւէ մեկը չի արգելում, որեւէ մեկը չի ասում՝ շրջափակման մեջ սոված կոտորվեք, պետք է այլընտրանքներ գտնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031