Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին զոքանչին կացնահարողը դատարանում՝ «Ասում էի՝ իմ փորս թափողը չի ծնվել, փորս թափողին առաջինը ես կթափեմ»

Օգոստոս 23,2017 18:35

Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիկ Մարտիրոսյանը, որը մեղադրվում է նախկին զոքանչին կացնով սպանելու համար, պնդում էր՝ երբեք չի սպառնացել նախկին զոքանչին, աներոջն ու կնոջը:

Այսօր Մարիտիրոսյանի՝ նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի դեմ հայցով դատաքննությունն էր: Մարտիրոսյանը բողոքում է, որ Մանսուրյանն իրեն հարվածել եւ մարմնական վնասվածք է հասցրել. Ավելի կոնկրետ՝ վիճաբանության ժամանակ Թագուհի Մանսուրյանը Մարտիրոսյանի պարանոցը քերծել է:

Հիշեցնենք, որ մեկ այլ գործով Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրվում է նախկին զոքանչին սպանելու համար, Մարիտիրոսյանը նաեւ նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին է կացնով մի քանի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով Մանսուրյանը պարանոցի հատվածում ծանր վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Այսօրվա դատական նիստում Վլադիկ Մարտիրոսյանը հարցաքննվեց: Նա վստահեցրեց, որ Մանսուրյանի բնակության վայր իր այցելության նպատակը եղել է երեխային տեսակցելը: Ըստ Մարտիրոսյանի, դատարանի որոշմամբ ինքն իրավունք ուներ շաբաթական 2 անգամ տեսակցել երեխային, սակայն Մանսուրյանների ընտանիքը հրաժարվել են կատարել դատարանի որոշումը:

«Իրենք առաջին հարկում են ապրում, ես գնացել եմ, որ գոնե էրեխուս ձայնը լսեմ, բայց չի եղել դեպք, որ մտածեի՝ էթալու եմ Մանսուրյանների հետ վիճաբանություն ստեղծեմ:

Կոնկրետ Թագուհի Մանսուրյանի հետ կապված՝ ոչ մի հատ մատով չեմ կպել: 2 անգամ ահազանգել եմ ոստիկանություն, հայտնել եմ, որ ոստիկաններ ուղարկեք, էս մարդկանց ճանաչում եմ, անկառավարելի են»,-ասաց Վլադիկ Մարտիրոսյանը:

Նա պնդեց նախաքննական մարմնին տված իր ցուցմունքները եւ ավելացրեց՝ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ես իրենց հնչեցրած խոսքերով պատասխանել եմ իրենց: Սկզբից եղել են իրենց կողմից՝ կտամ կսատկացնեմ: Նման խոսքերը եղել են ի պատասխան իրենց խոսքերին: Ու ես խնդրում եմ ինձ առաջադրած մեղադրանքները փոփոխել, որովհետեւ Թագուհի Մանսուրյանի կամ Մանսուրյանների հասցեին ոչ մի սպառնալիքներ չեմ հնչեցրել: Եթե դրանք սպառնալիքներ են, ուրեմն թող ոնց իմ հոդվածն է 137-ով, նույն դրվագներով էլ իրենք նույն հոդվածով դատվեն»:

Ապա` Մարտիրոսյանը դիմեց նախկին կնոջը՝ «Երեխայի ծննդյան վկայականը որ կա, դա ծննդյան վկայական է, սեփականաշնորհման վկայական չի: Ես խնդրում եմ՝ Մանսուրյանի հոդվածը փոփոխել ավելի խիստ հոդվածով: Իրենք են դրդել, որ վիճեմ»:

Վլադիկ Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել Մանսուրյանների հարցերին, սակայն դեմ չէր իր պաշտպանի եւ դատախազի հարցերին պատասխանել:

Սակայն Թագուհի Մանսուրյանի պաշտպանը հարց ուղղեց՝ «Արդյոք երեխան ցանկալի էր, եթե ցանկալի էր, ապա ինչո՞ւ է Մարտիրոսյանը Մանսուրյանի հղիության ժամանակ դանակ վերցրել, որպեսզի նրան…» :

Մարիտիրոսյանը վրդովվեց այդ հարցից, թույլ չտվեց պաշտպանն ավարտի խոսքը, ու սկսեց բավականին բարձր տոնով, գոռալով պատասխանեց.« Ցանկալի երեխա չէր մինչեւ հիմա պայքարո՞ւմ եմ: Ցանկալի էր, 2-րդն էլ, որ պիտի ունենալիք, էտ էլ էր ցանկալի, որ տարավ ազատվեց, իրան ասել եմ՝ 7 հատ էրեխա պիտի ունենայինք»:

Դատարանում կրքերը բորբոքվեցին, կողմերը վրդովված ինչ-որ բաներ էին միմյանց հասցեին ասում: Դատավորը հազիվ զսպեց կողմերին:

Դատախազը դիմեց Մարտիրոսյանին՝ «Ձեր կողմից հնչեցրած սպառնալիքները, իսկ ես վստահ եմ, որ սպառնալիքներ եղել են, կոնկրետ ինչ խոսքեր են եղել»:

Մարտիրոսյանը կրկնեց, որ պատասխանել է Մանսուրյանների ասածներին. «Ասում էի՝ իմ փորս թափողը չի ծնվել, փորս թափողին առաջինը ես կթափեմ»:

Դատախազը մեկ այլ հարց էլ ուղղեց Մարտիրոսյանին. «Քանի որ Մարտիրոսյանը պնդում է, որ Թագուհի Մանսուրյանին մատով չի կպել, բայց Մանսուրյանի մարմնի վրա վնասվածքներ էին հայտնվել, ըստ ձեզ, ո՞վ կարող էր հասցնել դրանք ու վերագրել ձեզ»:

«Չեմ կարող ասել կոնկրետ, բայց նենց խառը վիճակ էր, Կարինե ու Վաչագան Մանսուրյանները խառը ինձ խփում էին, կարող ա իրանց հարվածներից ա»,-պատասխանեց Մարտիրոսյանը: «Դուք այդպիսի մտքե՞ր ունեք, որ հայրը կամ մայրը հարվածներն են հասցրել աղջկան»,-հետաքրքրվեց դատախազը:

Գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին նշանակվեց: Հարցաքննվելու է Թագուհի Մանսուրյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031