Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատմամշակութային հուշարձաններում իրականացված պեղումների վերաբերյալ պարզաբանում է արշավախմբի ղեկավարը

Օգոստոս 23,2017 19:01

Այս տարի Արցախի տարբեր պատմամշակութային հուշարձաններում և դրանց շրջակայքում իրականացվել են հնագիտական պեղումներ: Դրանցից մի քանիսի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է այդ վայրերում պեղումներ կատարած արշավախմբի ղեկավար, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի հետ:

Նրա խոսքով նախ տարին սկսվեց Շուշիի Վերին Մզկիթի տարածքում իրականացված պեղման աշխատանքներով: Քանի որ նախատեսված է մզկիթի և կից մեդրեսեի (իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր) վերակառուցման նախագիծ, ապա ըստ ընթացակարգի ցանկացած հուշարձան վերականգնելուց առաջ պարտադիր պետք է նախ կատարվի պեղման աշխատանքներ:

«Հիմնականում աշխատել ենք մզկիթի արևելյան և արևմտյան տապանաբակերում: Ուշագրավ է արևելյան բակում բացված աղյուսաշեն կառույցը, որը, հավանաբար, ջրի ամբար է եղել, որտեղ կուտակված ջուրը գուցե օգտագործվել է մզկիթի դիմաց տեղակայված ավազանի համար: Սակայն ավելի կարևոր է մեդրեսեի շենքի հիմքերը ամրակայելու ժամանակ, հայտնաբերված վաղ քրիստոնեական թաղումը, որը Շուշիում առաջինը և միակը չէ, սակայն կարևոր է այն առումով, որ նախկինում հայտնաբերված վաղ քրիստոնեական թաղումները շինարարական աշխատանքների ժամանակ բավականին վնասվում էին և դրանք երբեք չեն վավերացվել տեղում»,- պարզաբանում է արշավախմբի ղեկավարը և նշում, որ , հավանաբար, այն կթողնվի իր տեղում ու շինության վերականգնումից հետո կցուցադրվի նույնությամբ:

Խոսելով Շուշի Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Ն. Երանյանը ասում է, որ 1839 թվականի կառուցված եկեղեցին 1905-06թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ զգալի վնասներ է կրել, բայց ամենամեծ վնասը հասցվել է խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների կողմից. «Եկեղեցուց թողել են միայն արևելյան պատը՝ խորանով, իսկ մնացած պատերը ամբողջությամբ քանդել են՝ թողնելով մինչև 1 մետր խորության հիմնապատերը, այդ հատվածը ներառել ասֆալտի շերտի տակ և եկեղեցին վերածել բացօթյա կինոթատրոնի: Արդեն վերածվելով կինոթատրոնի, այն մոտակա հանգստյան տների համար ծառայում էր որպես ժամանցի վայր: Կատարված աշխատանքների ընթացքում մենք ասֆալտի ամբողջ շերտերը հեռացրել ենք և բացել եկեղեցու քանդած հատվածի հիմնապատերը»: Ն. Երանյանը նշում է՝ արդյունքում հաստատվել է այն, որ եկեղեցին ունեցել է երկու մուտք արևմտյան և հարավային կողմերից, ինչպես և հիշատակում է Մակար Բարխուդարյանը, սակայն հիմնական մուտքը եղել է հարավային կողմից, որովհետև շատ լավ ու շքեղ սալահատակ է արված:

Վերջում խոսելով Տողի մելիքական ապարանքի տարածքում իրականացվող պեղումների վերաբերյալ Ն. Երանյանը նշում է, որ արշավախմբում ներգրաված են վիմագրագետ, ճարտարապետ, մարդաբան: Պեղումները ընթանում են մելիքական ապարանքից քիչ վերև՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում: «Ըստ որոշ տեղեկությունների, եկեղեցուն կից ինչ-որ շինություն պետք է լինի , որտեղ և թաղված կլինեն մելիքները: Մենք ամբողջ բակում իրականացրել ենք պեղումներ: Հարավային բակում իրականացված են շատ խիտ թաղումներ՝ կա 50-ից ավել տապանաքար, մոտ 300 քառ. մետր տարածքով: Բացվել է նաև կից ինչ-որ շինություն, որը, հավանաբար, Մակար Բարխուդարյանի հիշատակած մատուռ տապանաքարն է, որտեղ գուցե թաղված են մելիքները, սակայն դեռևս վաղ է այդ մասին խոսել»,- նշում է արշավախմբի ղեկավարը և հավելում, որ հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, և այդ շինության մասին եզրահանգումներ կլինի միայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու դեպքում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031