Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչն երազում էր, որ իր մանկության բակը կրկին կենդանանա, դառնա մի մեծ ընտանիք (Ֆոտոշարք)

Օգոստոս 24,2017 11:55

Սևանցի, մասնագիտությամբ նկարիչ, քաղաքի 5-րդ միկրոթաղամասում իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրած, իր բակի նիստ ու կացին քաջածանոթ Խաչիկ Կարապետյանին ճանապարհները 10 տարի առաջ տարան Մոսկվա:

Ու չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանն ու ժամանակին` նա մնաց սևանցի և, հերթական անգամ հայրենի քաղաք այցելելով, որոշեց իր և իր ընկերների մանկության երազանքը դարձնել իրականություն:

Իսկ իրականություն այն է, որ Խաչիկի մանկության բակում պետք է լինեն խաղա և մարզահրապարակներ, որ երեխաների ազատ ժամանցն ու առօրյան պետք է անցնեն հետաքրքիր և բովանդակալից:

Սևանյան ամառային հանգստյան օրերն ու շաբաթները Խաչիկն ու բակի երիտասարդները վերածեցին օգտակար աշխատանքային շրջանի:

Սկզբում ամեն ինչ թվում էր բարի ցանկություն, սակայն օրեր անց գաղափարը ստացավ ձև, աչքի չընկնող տարածքները դարձան գրավիչ, բարեկարգ, աչք շոյող:

Սևանցի լավագույն մտավորականներից մեկի` քանդակագործ Հրաչ Կարապետյանի որդին, ով այժմ Մոսկվայում զբաղվում է ձեռներեցությամբ, մյուսներին էլ կոչ է անում` չշրջանցել պատասխանատվության իրենց չափաբաժինը, հնարավորության դեպքում այցի գալ սիրելի ծննդավայր ոչ որպես զբոսաշրջիկ կամ հյուր, այլ որպես սրտացավ տանտեր ու կանգնել տեղական իշխանությունների կողքին:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ով համայնք-մասնավոր հատված համագործակցությունը համարում է անհրաժեշտություն և ողջունում բարեգործական ցանկացած մեծ ու փոքր ձեռնարկ, նշում է. «Հաճախ քարը քարին դնելու, մեր շուրջն առավել հարմարավետ դարձնելու փոխարեն դժգոհում ենք ու նեղսրտում` դրանով մեր գործը համարելով ավարտված: Ժամանակի ընթացքում մեր աչքը սովորում է գորշ իրականությանը, կիսատ-պռատ արվածին: Մինչ ոմանք փորձում են իրենց անգործության ու անտարբերության պատճառները փնտրել ուրիշների մեջ, կան մարդիկ էլ, ինչպես Խաչիկ Կարապետյանը, ներքին մղումով, մի բան ավելին անելու ցանկությամբ առաջ են շարժվում և իրենց շուրջը դարձնում առավել հաճելի ու հարմարավետ` օգտակար գործ կատարելով շատերի համար»:

Խաղա և մարզահրապարակների բացումն էլ տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում: Հավաքվել էին ոչ միայն 5-րդ միկրոթաղամասի, այլ նաև հարակից թաղամասի բնակիչները, այդ հաճելի իրադարձությանը մասնակցում էին համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի պատասխանատուները, քաղաքի հյուրեր:

Հպարտության և երախտագիտության զգացումը թաղամասի բոլոր բնակիչների հայացքներում և խոսքերում էր:

Իր ժամանակը, ֆինանսական միջոցները հայրենի քաղաքի մի անկյունում ներդրած Խաչիկը հանգստի ու ժամանցի հիանալի վայր նվիրեց սևանցիներին` իր լավատեսությամբ, ոգևորությամբ, բարեգործական գաղափարներով վարակելով շատերին:

Ինչպես բարերարն է նշում, մարզամիջոցներն ու խաղամիջոցներն օգնելու են, որպեսզի բակը կրկին կենդանանա, դառնա մի մեծ ընտանիք, ավելին` այս մարզահրապարակում իրենց ժամանակն անցկացնող երեխաները գրանցեն նաև մարզական հաջողություններ:

Ցանկությունից իրականություն տանող ճանապարհը հասանելի ու միանգամայն տեսական դարձավ ինչ-որ լավ բան անելու գաղափարին թևեր տալու շնորհիվ:

Այս նախանձախնդիր մոտեցումը օրինակ է նաև մյուսներին, որի շնորհիվ հնարավոր է քաղաքին վերադարձնել լավագույն ավանդույթները, բնակիչների մտերմությունն ու համախմբվածությունը և տոն, որ կարող է միշտ մեզ հետ լինել:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031