Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով

Օգոստոս 25,2017 13:26

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։

Գրության մեջ նշվել է, որ՝ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով սահմանված չէ արգելված իրերի ցանկը։

Արգելված իրերի ցանկի բացակայության դեպքում, փաստաբանները հնարավորություն չունեն կանխատեսել, թե ինչ իրեր կամ առարկաներ կարող են իրենց հետ ունենալ դատարանի շենք մուտք գործելիս, իսկ դատական կարգադրիչները կարող են կամայականորեն արգելել փաստաբաններին որևէ իրի կամ առարկայի տեղափոխումը։

Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21 հուլիսի 2017թ. թիվ 15-Լ որոշմամբ (4-րդ էջ) խորհուրդը նշել է հետևյալը՝ «․․․օրենքներով սահմանված չէ նաև արգելված իրերի ցանկը: Իրավական որոշակիության պահանջը հուշում է, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանխորոշեն: Օրինակ, իմանան, թե որ դեպքում ինչ իրեր չեն կարող իրենց հետ ունենալ դատարանի շենք մտնելիս: Հակառակ պարագայում, դատական կարգադրիչները կարող են կամայականորեն անձանց չթույլատրեն ցանկացած իր (նույնիսկ անվտանգ) տեղափոխելու համար:»։

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031