Լրահոս
Օրվա լրահոսը

7 ամիս մուսուլմանների հետ կալանքում գտնված նախկին զինծառայողին դատարանն արդարացրել է

Օգոստոս 25,2017 14:10

Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Սարգիս Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2015թ-ի հունվարի 19-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կոմունալ շահագործման ծառայության պետ, կոչումով ենթասպա, 2014 թ. դեկտեմբերին ՊՆ մեկ այլ զորամասի ՀՀՍ ծառայության պետ, կրտսեր սերժանտ Արմեն Ավետիքի Մուրադյանին դրդել է փամփուշտների հափշտակություն կատարել, այնուհետեւ, Ա.Մուրադյանի հետ նախնական համաձայնության գալով՝ վերջինիս կողմից ՀՀ ՊՆ զորամասի ՀՀՍ ծառայության պահեստից հափշտակած ռազմամթերք հանդիսացող 1000 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտը իրեն պատկանող «Օպել Աստրա » մակնիշի ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է  Ստեփանավան եւ 80000 դրամով վաճառել այդ քաղաքի բնակիչ Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանին: Այնուհետեւ նա 2014 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում, ՀՀ ՊՆ զորամասի ՀՀՍ ծառայության պետ Արմեն Մուրադյանին նախապես խոստանալով իրացնել, օժանդակել է նույն ծառայության պահեստից ռազմամթերք հանդիսացող 1400 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ հափշտակելուն, որոնք վերջինիս հետ՝ նախնական համաձայնության գալով, Դիլիջանի բնակիչ Արամ Հենրիկի Մարկոսյանին պատկանող « ՎԱԶ 2107» մակնիշի 34 FU 701 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Ստեփանավան եւ  60000 դրամով վաճառել Ալբերտ Ղարաքեշիշյանին: Ապա, 2015 թվականի հունվարին Ս. Կիրակոսյանը  Ա. Մուրադյանին դրդել է փամփուշտների հափշտակություն կատարել, այնուհետեւ, Ա.Մուրադյանի հետ նախնական համաձայնության գալով՝ վերջինիս կողմից ՊՆ զորամասի ՀՀՍ ծառայության պահեստից հափշտակած ռազմամթերք հանդիսացող 2800 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտը, Դիլիջանի բնակիչ Ա. Մարկոսյանին պատկանող վերոհիշյալ տաքսի ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Ստեփանավան եւ  70000 դրամով վաճառել Ա. Ղարաքեշիշյանին: Բացի այդ, 2015 թվականի հունվարի վերջերին նա Ա.Մուրադյանի հետ նախնական համաձայնության գալով՝ ռազմամթերք հանդիսացող 1300 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտը պայթուցիկ նյութեր հանդիսացող 3 հատ 400գ զանգվածով եւ 3 հատ, 200 գ զանգվածով տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող լիցքեր, 5 հատ ЭДП-р տեսակի էլեկտրոդետոնատորներ, КД 8 տեսակի պայթուցիչ, ռազմամթերք հանդիսացող Ջ-1 տեսակի մարտական նռնակ, Ջ-1 տեսակի մարտական նռնակի պայթուցիչ եւ 5,45մմ տրամաչափի 1400 հատ փամփուշտ ապօրինի փոխադրել է ու  80000 դրամով վաճառել Ա. Ղարաքեշիշյանին:

Ս. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-238 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ), 235 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ): Նա կալանքի տակ է եղել 2016թ. սեպտեմբերի 13-ից: Ս. Կիրակոսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել : Նա  դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թ. դեկտեմբերին Արմեն Մուրադյանը, որին ճանաչում էր որպես Ստեփանավանի տարածքի բնակիչ եւ զինվորական ծառայող, իրեն հարցրել է փամփուշտների գնորդի մասին: Ինքը իմանալով, որ Ալբերտ Ղարաքեշիշյանը որսորդությամբ է զբաղվում, նրան է դիմել, վերջինս ցանկություն է արտահայտել գնել փամփուշտներ և պայմանավորվել են, որ փամփուշտները թողնեն իր գազալցակայանում եւ փողը վերցնեն: Ինքը չի իմացել, որ փամփուշտները մարտական են, փամփուշտները չի տեսել, անձամբ դրանք գազալցակայան չի տարել, այնտեղից փող չի վերցրել,տրատիլ կամ այլ ռազմամթերք չի ունեցել: 2014 թ. դեկտեմբերին ինքը գնացել է արձակուրդ, 2015 թ. հունվարին զորացրվել է, մինչև 2015 թ. մայիսն ապրել է Պուշկինոում, մայիսին գնացել է ՌԴ արտագնա աշխատանքի: Իրեն ձերբակալել են Կաբարդինո-Բալկարիայի հանրապետությունում, շուրջ յոթ ամիս անազատության մեջ պահել են մուսուլմանների հետ ու այդպես էլ չի իմացել`թե ինչու, չի իմացել նաեւ նշված գործով իր կարգավիճակի եւ հետախուզման մեջ գտնվելու մասին:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատարանն ապացույցները հետազոտելով եւ գնահատելով՝ համարել է, որ Ս. Կիրակոսյանի , դատապարտյալ Արմեն Մուրադյանի, վկաներ Ալբերտ Ղարաքեշիշյանի եւ Արամ Մարկոսյանի դատաքննական ցուցմունքներով հիմնավորվում է, որ Ա.Մուրադյանը Ս. Կիրակոսյանին խնդրել է փամփուշտների գնորդ ճարել, վերջինս այդ կապակցությամբ դիմել է որսորդությամբ զբաղվող Ա.Ղարաքեշիշյանին: Ինչպես վերջինս, այնպես էլ Ս. Կիրակոսյանը գիտակցել են, որ փամփուշտները որսորդական են, քանզի Ա.Մուրադյանը նրանց չի ասել փամփուշտների մարտական լինելու մասին: Ա.Մուրադյանն է պահեստից հանել փամփուշտները, պատվիրել տաքսի ավտոմեքենա, անձամբ տոպրակով փամփուշտները դրել ավտոմեքենայի բեռնախցիկ, ապա Դիլիջանից հասնելով Ստեփանավան՝ տոպրակով փամփուշտներն անձամբ հանել բեռնախցիկից, դրել գազալցակայանի ներսում, անձամբ ստացել գումարը, վճարել տաքսու վարորդին եւ հետ վերադարձել: Ս. Կիրակոսյանը վերջինիս հետ տաքսի ավտոմեքենայով Ստեփանավան գնացել է մեկ անգամ եւ չի մասնակցել նշված գործողություններին: Նախաքննական մարմինը պարզել է, որ Ս. Կիրակոսյանը « Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա չի ունեցել, նրա ծառայած  զորամասում չեն պահվել այնպիսի պայթուցիկ կամ ռազմամթերք հանդիսացող նյութեր, որպիսիք իբր միանձնյա ձեռք է բերել ու իրացրել Ս. Կիրակոսյանը: Վերջինս 2014 թ. դեկտեմբերից օգտվել է արձակուրդից, իսկ դրանից անմիջապես հետո զորացրվել, ապրելով Պուշկինո գյուղում, սակայն նախաքննական մարմինը փորձ չի արել նրա հեռախոսազանգերի վերծանման արդյունքներով ու դատավարական այլ գործողություններով պարզել վերջինիս տեղաշարժը կամ գտնվելու վայրը 2014 թ. դեկտեմբերից մինչև 2015 թվականի փետրվարը, չի կատարվել նրա բնակարանի խուզարկություն, պարզապես, հիմք է ընդունվել Արմեն Մուրադյանի նախաքննական ցուցմունքը, չիրականացնելով վերջինիս ու Ս. Կիրակոսյանի առերես հարցաքննություն, ինչը ենթադրում է «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջի խախտում

2017թ, օգոստոսի 4-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է բոլոր հոդվածներով առաջադրված մեղադրանքում Սարգիս Կիրակոսյանին ճանաչել անմեղ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ նրան արգելանքից դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031