Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քրեական միջավայրի գյադեք չենք, որ ինչ-որ մեկի փըշտ-ով առաջնորդվենք ու հետո էլ վախենանք». Հայրիկյան

Օգոստոս 25,2017 14:45

«Մենք ուրախ ենք, որ «Ելքը» միացավ մեր՝ տասնամյակներ առաջ սկսած գործընթացին, ողջունում ենք մենք այդ գործընթացը: Աջակցության հարց եթե լինի՝ պատրաստ ենք աջակցել»,- Aravot.am –ի հետ զրույցում խոսելով «Ելքի» նախաձեռնության մասին՝ աշնանը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու՝ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, որ աջակցելը կաջակցեն, բայց նրանց միանալու մասին խոսք լինել չի կարող. «Եթե իրենք պարկեշտ լինեին, կասեին՝ ԱԻՄ-ի կանոնադրության մեջ դե ժամանակին գրված է եղել դա, բացի այդ, կասեին՝ երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց, ԱԻՄ-ը, ճիշտ է, մի դեպքում 100 հոգով, մի դեպքում՝ 20 հոգով, բայց ցույցեր էր կազմակերպում Մաքսային միությանը միանալու դեմ, պիտի ասեին՝ մենք արժանին ենք մատուցում ու գնահատում, որ այդպիսի ուժ եղել է»:

Հարցին՝ ըստ ձեզ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը ինչքանո՞վ կհաջողվի, չէ՞ որ դուք էլ հիշեցրիք, որ ժամանակին, երբ ԵՏՄ մտնելու հարցն էր քննարկվում, ԱԺ դարպասների մոտ ընդամենը 20 մարդ էր հավաքվում, այսինքն, սա արդեն ցույց չի՞ տալիս, որ մարդիկ չեն ուզում դրա դեմ պայքարել՝ նա պատասխանեց. «Առաջին մեր ցույցի ժամանակ մենք Սերժ Սարգսյանին ներկայացրեցինք հարցման արդյունքներ՝ ժողովրդի 70 տոկոսը գտնում էր, որ Եվրոպայի հետ պետք է խորացնել հարաբերությունները: Մնացյալն այդքան էական չի: Մենք 21-րդ դարում ենք, որտեղ հանրային կարծիքի մասին ոչ թե ցուցարարների քանակով ես որոշում, այլ կա՛մ արդար ընտրությունների արդյունքով, կամ էլ ճիշտ հարցումներով: Այնպես որ, մեր ժողովրդի մեծ մասը շատ լավ հասկանում է, որ քաղաքակիրթ աշխարհի հետ դու կարող ես ապագա ունենալ, որովհետեւ ապագան քաղաքակիրթ աշխարհում է, ոչ թե աշխարհի կողմից մերժվող ավազակախմբի»:

Մենք հարցրեցինք՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ սա մանկապարտեզ չի, որ մի օր մտնես, երկրորդ օրը դուրս գաս, պիտի հաշվի առնես, թե ի՞նչ այլընտրանք ունես, այսինքն, ԵՏՄ-ն ինչո՞վ ես փոխելու՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ամեն մարդ ունի իր մոլորվելու իրավունքը: Վրաստանը Հայաստանից ավելի վատ վիճակում էր, կողմնորոշվեց: Մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի ԵՄ անդամ դառնալու արժանի մակարդակի բերենք եւ այդ ուղղությամբ քայլեր դու միշտ կարող ես անել: Օրինակ, Սահմանադրության մեր այլընտրանքն ինչի՞ չընդունեցին, որովհետեւ դա տանում էր մեզ դեպի Եվրոպա»:

Ըստ Պարույր Հայրիկյանի, Արամ Սարգսյանը մի հարցում ճիշտ է ասել, սա մանկապարտեզ չի. «Իսկապես մանկապարտեզ չպիտի լիներ, բայց դարձրին, մանավանդ, որ սա մանկապարտեզ չի, սա խուժանանոց է: Մենք քրեական միջավայրի գյադեք չենք, որ ինչ-որ մեկի փըշտ-ով առաջնորդվենք ու հետո էլ վախենանք, մենք պիտի ազատ լինենք, իսկ ԵՏՄ-ն արդեն ցույց է տվել, թե իրենից ինչ է ներկայացնում»:

Հայրիկյանը գտնում է, որ ԵՏՄ-ին այլընտրանք պետք չի փնտրել, առանձնապես այնտեղ մի միավոր չենք, առեւտուր ում հետ էլ ուզես, կանես. «Բացարձակապես ԵՏՄ-ից օգուտ չենք ստանում: Էն, որ ասում են էներգակիրներն էժան են, ԱՄՆ-ում գազը 3-4 անգամ ավելի էժան է, քան այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031