Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երկնքի տակ անվադող այրողը կտուգանվի 100 հազար դրամ, 1 խմ շինաղբ թափողն էլ` 40-100 հազար դրամ:

Օգոստոս 25,2017 18:44

Մինչեւ 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով շրջակայքը աղբոտողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում քառասունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով: Այսինքն`համապատասխանաբար` 40 հազար դրամով եւ 100 հազար դրամով: Մեկ խմ-ից ավել շինարարական կամ այլ իներտ աղբ թափող ֆիզիկական անձը կտուգանվի ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար իսկ իրավաբանական անձանց դեպքում 300 հազար դրամի չափով: Ահա այսպիսի խիստ տուգանքներ է նախատեսում

«Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այս օրերին դրված է հանրային քննարկման:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարել էր մշակել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը զսպող մեխանիզմ կդառնա այս ու այն կողմ աղբ թափող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

Նկատենք, որ չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքների չափերը բավականին բարձր են: Այսպես` շրջակայքում մինչեւ 2 կգ աղբ թափող քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով` 16 հազար դրամով: Երկու կիլոգրամից ավելի դեպքում շրջակայքը համայնքային աղբով աղտոտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` երեսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով:

Ըստ նախագծի, շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով` ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական եւ ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով:

Նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10 հազար դրամով, կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք տարածքը կաղտոտեն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով:

30 հազար դրամով կտուգանվեն մինչեւ 5 անվադող շրջակայք նետած քաղաքացիները: Տուգանքը հեծանիվի անվադողին չի վերաբերում: Հինգից ավել անվադող նետած քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամով:

Ի դեպ, անվտանգ թափոնների այրումը (այդ թվում տերեւները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները) բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով: Անվտանգ թափոնների այրում, այդ թվում՝ անվադողերը, ռետինե եւ այլ էլաստիկ նյութեր բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031