Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտում կանոնները կփոխվեն

Օգոստոս 28,2017 12:05

Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, կորցրել է դիտարժանությունը՝ վերածվելով սումոյի նման ինչ որ բանի: Այսպես մտածում է ազգային ֆեդերացիաների եւ մասնագետների ճնշող մեծամասնությունը: Վերջիններն արդեն քանի տարի դիմում են Ըմբշամարտի համաշխարհային միությանը՝ կանոնները փոփոխելու պահանջով:

Փարիզում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ անցկացվեց UWW համաժողովը, որտեղ սառույցը, կարծես, կոտրվեց:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը նույնպես Փարիզում էր որպես մրցավար եւ քաջատեղյակ համաժողովի աշխատանքներին, Aravot.am-ին պատմեց ակնկալվող փոփոխությունների մասին: «Նախնական տարբերակով 2018 թ. հունվարի 1-ից հունահռոմեական ըմբշամարտ կվերադարձվի պարտեր դրությունը, բայց ոչ թե չորեքթաթ դիրքով, ինչպես նախկինում էր, այլ՝ պառկած: Իսկ մրցակիցն աշխատել սկսելու է կողքից, ոչ թե թիկունքից: Առաջին երկու րոպեներին միավոր չլինելու դեպքում նախատեսվում է պասիվ ըմբիշին նկատողություն հայտարարել եւ իջեցնել պարտեր դիրք, իսկ ակտիվ ըմբիշին տալ մեկ միավոր: Երկրորդ մրցափուլում պասիվ մարզիկին կտրվի պարտեր դրություն, մրցակցին՝ մեկ միավոր: Բայց դա կլինի երկրորդ մրցափուլի ոչ թե վերջին րոպեին, այլ գոտեմարտի 4 րոպե 30-րդ վայրկյանին: Կանոնների փոփոխության այս նախնական տարբերակները ուժի մեջ մտնելու են եկող տարվա հունվարի 1-ից: Բայց վերջնական հաստատված կանոնները UWW-ն ազգային ֆեդերացիաներին պետք որ ուղարկի մինչեւ դեկտեմբեր:

Բոլոր ոճերում քաշային կարգերն ավելանում են՝ ութից հասնելով տասի. ազատ ոճում 57-61-65-70-74-79-86-92-97-124, հունահռոմեականում՝ 55-60-63-67-73-77-82-87-97-130:

Եվ վերջինը. 2018 թվականին մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. առաջին օրը մարզիկները պետք է մաքուր քաշ ունենան, երկրորդ օրը, ովքեր պայքարելու են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի կշռելու իրավունք կունենան: Այս կարգը կգործի մինչեւ 2018 թվականի վերջը: 2019 թվականից երկու կիլոգրամ ավելի հասկացությունը կհանվի: Այսինքն, ըմբիշները երկու օրն ել պետք է տեղավորվեն սահմանված «մաքուր քաշի» սահմաններում», – ասաց Ավետիք Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031