Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան

Օգոստոս 28,2017 14:55

Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ, մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո, մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա շուրջ մեկ ժամ զրուցել և մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին և ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո, նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու և մարզիկին հայրենիք տեղափոխել վերաբերյալ:

Նշենք, որ հայ մարզիկը այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան:

Կոլյա Կարապետյանի բուժման և նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:

Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031