Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկին ասեք, թող ցուցմունքը փոխի, թե չէ տղես կդատվի» (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 17:24

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը, որը  դեռեւս վկաների հարցաքննության փուլում է: Այսօր կայացած նիստում հարցաքննվեց գործով վկա, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանը:

Վկան պատմեց, որ դեպքի օրը` 2015 թվականի հունվարի 28-ին, գիշերն արթնացել է, որպեսզի դաս սովորի: Այդպես հաճախ են արել: Այդ ընթացքում, վկայի հետ է եղել ամբաստանյալներից Նորիկ Սահակյանը: Վկան կցկտուր էր հիշում կատարվածը: Ավելի ուշ, դատախազի հարցերին ի պատասխան, նա պատմեց, որ գիշերը, լվացարանից դուրս գալիս, Նորիկ Սահակյանին ու Մովսես Ազարյանին է տեսել: Նրանք աստիճաններով ներքեւ իջնելիս են եղել: Նրանց հետեւից ներքեւ են իջել  Գնել Թեւոսյանը, Վաչե Սահակյանը եւ Հայկազ Բարսեղյանը: Վկայի պատասխաններից հասկանալի դարձավ, որ Հայկազ Բարսեղյանը եղել է Վաչեի ուսին: Վկան չկարողացավ հստակեցնել`Հայկազի աչքերը բա՞ց էին, նա ի՞նչ վիճակում էր. «Գնելի ու Վաչեի ուսին ընկած էր Հայկազը, գլխարկ ուներ, զինվորական համազգեստ էր հագած, այլ մանրամասներ չեմ հիշում: Հետո Վաչեն ու Նորիկն էլ նրանց հետ իջան ներքեւ: Հայկազի գլուխը կախ էր»:

 

Մանրամասները`տեսանյութում

Հովիկ Հովհաննիսյանի խոսքով, Գնել Թեւոսյանի հետ այդ առավոտյան ինքը գնացել է եւ հանդիպել նրա հորը` Զարմիկ Մարկոսյանին, որին Գնել Թեւոսյանն ինչ-որ բան է փոխանցել. «Խոսակցություն չեմ հիշում, միայն հիշում եմ, որ ինչ-որ ցելոֆան փոխանցեց, թե ինչ կար մեջը, չգիտեմ»:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին Հովիկ Հովհաննիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները: Ըստ այդմ, դեպքի օրը Հովիկ Հովհաննիսյանը եւ կուրսանտ Արթուր Կարապետյանը դաս անելիս են եղել,  ոտնաձայներ են լսել, տեսել են, որ զինծառայողներից մեկը վազելով իջնում է ներքեւ: Վերջինս սպորտային շորերով է եղել, իրենք չեն ճանաչել թե ով է: Քիչ անց կրկին ձայն են լսել. տեսել են, թե ինչպես են ամբաստանյալները Հայկազի ուսերն ընկած իջեցնում ներքեւ: «Հայկազն ուշագնաց էր, աչքերը փակ: Հայկազի գլխին կար սպորտային գլխարկ, սպորտային կոշիկներ, զինվորական հագուստ: Հայկազին դուրս են տարել, մտածեցի, որ երեւի ուշագնաց է եղել եւ նրան տանում են բուժկետ ու գնացի քնելու: Առավոտյան Հայկազին պտտաձողից կախված գտան, այսինքն՝ կախել են նրան, քանի որ նա չէր կարող ուշագնաց վիճակում կախվել»,-դատաքննական ցուցմունքում ասել է վկան` պատմելով, որ Հայկազին կախված գտնելուց հետո էլ ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանն է մոտեցել հավաքվածներին եւ ասել` «Ասել եմ եւ էլի եմ ասում` ով բան գիտի ու խոսել է, ես նրա…»:

Վկան նաեւ քննիչին տեղեկացրել է, որ Նորիկ Սահակյանի հայր ներկայացած տղամարդը գնացել է իրենց տուն եւ ասել. «Հովիկին ասեք, թող ցուցմունքը փոխի, թե չէ տղես կդատվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031