Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն չի ընդառաջի հացամթերք արտադրողներին. մի քանի օրից բոլորը պետք է հացամթերքը հատուկ մեքենաներով առաքեն

Օգոստոս 28,2017 20:50

Երեկ Հետք-ը անդրադարձել է հացարտադրողների բարձրացրած մի շարք խնդիրներին: Լրատվամիջոցին դիմած մի տնտեսավարող դժգոհել էր, որ հացամթերքի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերմանը քիչ ժամանակ է մնացել: Մինչեւ սեպտեմբերի 1-ը, եթե այս տնտեսվարողները չունենան այդ անձնագրերը, ապա կտուգանվեն մինչեւ 300 հազար դրամով:

Տնտեսվարողը հայտարարել էր, որ այսօր պետք է սննդի անվտանգության պետական ծառայության մոտ բողոքի ցույց անեին: Սակայն, նշենք, որ այսօր այն տեղի չունեցավ:

Տնտեսվարողը նաեւ վստահեցրել էր, ՍԱՊԾ աշխատակիցները թեեւ այցելել էին իր արտադրամաս, սակայն պատշաճ չէին ծանուցել նոր պահանջի մասին:

ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված կարգով նախատեսվում է, որ սանիտարական անձնագիր ստանալու համար փոխադրամիջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաեւ փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ, ինչպես նաեւ ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը:

Այս առնչությամբ տնտեսվարողն ահազանգել էր, եթե ինքն իր ուժերով գնի անհրաժեշտ պարագաները եւ կահավորի իր 4 մեքենաները, յուրաքանչյուրի համար մոտ 100 հազար դրամ կծախսի: Սակայն համոզված է, որ մասնագիտացված կազմակերպությունը դրական եզրակացություն չի տա: Որպես օրինակ բերել էր իր ծանոթներին, որոնք իրենց ուժերով կահավորել են մեքենաները, սակայն նշված կազմակերպությունը եզրակացություն չի տվել: Ընդ որում, տնտեսվարողը նշել էր, եթե նման ծախսեր անի, ապա իր արտադրած հացը կթանկացնի:

Տնտեսվարողը նշել էր՝ ՍԱՊԾ-ից ուղղորդում են 2-3 կազմակերպության դիմել, որոնցից երկուսը մարզերում են գործում: Երեւանի հացարտադրողներին հիմնականում ուղղորդում են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ:

Aravot.am-ը ՍԱՊԾ-ի տնտեսվարողի բարձրացրած մի շարք հարցերի վերաբերյալ հարցում է ուղղել: Մասնավորապես մենք հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւ տնտեսվարողներին պատշաճ չեն իրազեկում տեխնիկական անձնագրերի ու դրա պահանջների մասին: Ինչո՞ւ են տնտեսվարողների ուղղորդում կոնկրետ ընկերություններ, որտեղ որ պիտի ստանան համապատասխան եզրակացություն, եւ հնարավո՞ր է ՍԱՊԾ-ն հետաձգի անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետը:

Այս հարցերի առնչությամբ ՍԱՊԾ-ից Aravot-ին պարզաբանեցին՝«Սանիտարական անձնագրերի ձեռքբերման՝ ժամանակացույցով սահմանված ժամկետները երկարաձգելու հարց այսօր օրակարգում չկա, քանի որ այս գործընթացի օրենսդրական հիմքը դրվել է դեռեւս 2014թ.-ին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով, եւ տնտեսավարողները պարբերաբար ծանուցվել են սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռքբերելու անհրաժեշտության մասին:

Տարեսկզբից սկսած՝ տարբեր ձեւաչափերով ծանուցումներ ու իրազեկումներ են կատարվել այս պահանջի մասին, ուղարկվել հազարից ավելի հասցեական ծանուցումներ: Տնտեսավարողները պատշաճ իրազեկվել են՝գործընթացը մեկնարկել է դեռեւս տարեսկզբից, մարտ ամսից՝ առավել ինտենսիվ, դրա մասին է վկայում, որ անգամ ժամանակացույցով տվյալ ոլորտի համար սահմանված ժամկետից շուտ որոշ տնտեսվարողներ դիմել են անձնագրեր ստանալու համար:

Սակայն միշտ էլ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գործը կթողնեն վերջին օրվան՝ այդիսկ պատճառով անտեղի խուճապ ստեղծելով: Եվ եթե նույնիսկ վերջնաժամկետը երկարաձգվի,օրինակ՝ երեք ամսով, միեւնույնն է՝ կգտնվեն տնտեսավարողներ, որոնք նորից կդիմեն նման պահանջով»:

Ինչ վերաբերում է տնտեսվարողներին ուղղորդելուն, ապա ծառայությունից վստահեցնում են՝ «ՍԱՊԾ-ն հաց-հացաբուլկեղեն արտադրողներին ե, ընդհանրապես, որեւէ մեկին չի ուղղորդում, վերահսկող կառույցը միայն ստուգում է պահանջներին համապատասխանությունը եւ, ըստ այդմ, տրամադրում սանիտարական անձնագիր: Օրինակ` այսօր Ա/Ձ Դավիթ Մանուկյանին տրամադրվել է տրանսպորտային միջոցի սանիտարական անձնագիր, որի թափքը վերակառուցվել էր սեփական ուժերով: «Գրանդ Հոլդինգը» իրեն պատկանող մեքենաների թափքը նույնպես ձեւափոխել է սեփական արտադրամասում»:

«Հետք»-ին ահազանգած տնտեսվարողը նաեւ ահազանգել էր, որ ինչ-որ գործարար հացամթերք տեղափոխելու համար համապատասխան 200 մեքենա է ներկրել.« Հիմա իմ ընկերոջն էլ ստիպում են գնել այդ մեքենաներից մեկը 27 հազար դոլարով, նույնիսկ ասում են՝ բանկը կտա այդ գումարը 5 տոկոս տոկոսադրույքով»: Այսինքն՝ ըստ տնտեսվարողի՝ փոքր ու միջին ձեռներեցներին ստիպում են ընկնել վարկի տակ, քանի որ հույս չունեն, որ ինքնուրույն կահավորած մեքենաների համար դրական եզրակացություն կստանան:

Այս առնչությամբ էլ կրկին մեր հարցին ի պատասխան, ՍԱՊԾ-ից վստահեցրին՝ «ՍԱՊԾ-ն չի համագործակցում մեքենա ներկրող եւ վաճառող որեւէ կազմակերպության հետ, այլ ընդհակառակը, որպես օժանդակություն, փորձում է կազմակերպել գործընթացի սահուն ընթացքը՝ այս դեպքում նախաձեռնելով լիզինգային ծրագիր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031