Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին

Օգոստոս 29,2017 19:45

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին՝ «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց  Կանադայի հայ համայնքի համագործակցությունը նախարարության հետ, ինչի արդյունքում համայնքը շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Հանրապետության թե՛ Պաշտպանության բանակին, թե՛ բուժհիմնարկներին և թե՛ սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Նա նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք շարժմանը միանալու մեր կոչին և այսօր Հայաստանում եք, ավելին, շուտով կմեկնեք Արցախ և այնտեղ կնշեք մեր երկրորդ Հանրապետության անկախության տարեդարձը: Կանադահայ համայնքը միշտ ակտիվ մասնակցում է Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին: Ձեզանից ամեն մեկն իր մասնակցությունն է բերում Արցախի զարգացման և շենացման գործին: Եթե 18-ամյա մեր երիտասարդներն իրենց արյան գնով պաշտպանում են մեր սահմանները, ապա մենք էլ պարտավոր ենք աջակցել նրանց ու նրանց ընտանիքներին, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ և ապահով ապրեն»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Վահագն Գարագաշյանին՝ կանադահայերի այցը Հայրենիք կազմակերպելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ մեր զինվորների կողմից առանձնակի ոգևորությամբ են ընդունվել Սփյուռքում ու նաև Կանադայում ապրող հայ մանուկների նամակները՝ ուղղված իրենց:

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն ակտիվ մասնակցության համար նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնեց կանադահայեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, Վարուժան Մանջյանին, Գրիգոր Կույումջյանին, Լևոն Բենգյանին, Օհան Տաբակյանին և Վարդի Դանիելյանին:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան պարգևատրված կանադահայերը և նշեցին, որ իրենց համար այս շրջագայությունն առանձնահատուկ նշանակություն ունի:  Օհան Տաբակյանն ընդգծեց, որ հուզումի և հպարտության բացառիկ պահեր է ապրում՝ տեսնելով օրեցօր զարգացող ու գեղեցկացող Երևանը: Վարդի Դանիելյանը հավելեց, որ ուզում է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իր սեփական տունն ունենալ Հայրենիքում: Լևոն Բենգյանը նախարար Հրանուշ Հակոբյանին հավաստիացրեց, որ կանադահայ համայնքը սիրով է մասնակցում նախարարության բոլոր ծրագրերին: Վահագն Գարագաշյանը նշեց. «Տիկի՛ն Հակոբյան, շնորհակալ ենք, որ գնահատեցիք մեզ և աջակցեցիք Հայաստան և Արցախ մեր այս տարվա շրջայցը կազմակերպելուն»:

Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031