Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ անձնագրերով պետական սահմանը «ջրի ճամփա» սարքածը դատարանի վճռով ազատ է արձակվել

Օգոստոս 29,2017 20:25

1986թ. Երեւանում ծնված, մշտական բնակության վայր չունեցող Գոռ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. դեկտեմբերի 11-ին «Բավրա» սահմանային հսկիչ-անցագրային կետում օգտագործելով իր լուսանկարով, սակայն Գևորգ Շիրակյանի տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծված անձնագիրը, առանց սահմանված փաստաթղթի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մեկնել Հայաստանից:

Այնուհետև 2013թ. հունիսի 16-ին, Վրաստանից ժամանելով ՀՀ «Բագրատաշեն» սահմանային հսկիչ-անցագրային կետ, Գ. Ասատրյանն օգտագործել է այդ նույն կեղծված անձնագիրը, առանց սահմանված փաստաթղթի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք է գործել Հայաստան: Նա 2013թ. սեպտեմբերի 29-ին «Բավրա» սահմանային հսկիչ-անցագրային կետում օգտագործելով իր լուսանկարով, այս անգամ Լևոն Ղևոնդյանի տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծված անձնագիրը, առանց սահմանված փաստաթղթի փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մեկնել Հայաստանից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ սահմանային հսկողություն իրականացնող զինծառայողների կողմից կեղծիքը բացահայտվել է:

2013թ. հոկտեմբերի 3-ին նա «Բագրատաշեն» սահմանային ՀԱԿ-ում ևս մեկ անգամ օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնեական կեղծված փաստաթուղթ, իր լուսանկարով, սակայն այս անգամ Վազգեն Միրզոյանի տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր, որն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մեկնել Հայաստանից:

Գ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 329 հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով: Նա 2016թ. սեպտեմբերի 30-ից գտնվել է կալանքի տակ: Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսելը Գ. Ասատրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով մեղադրողը միջնորդության դեմ չի առարկել, դատարանը բավարարել է միջնորդությունը:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Գ. Ասատրյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատարանը Գ. Ասատրյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել մեղայականով կամովին ներկայանալը:

2017թ. օգոստոսի 3-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի, 329 հոդվածի 1-ին մասի մեկական դրվագներով քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2011թ.մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով:

Դատարանը Գ. Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով դատապարտել է 3 ամիս ժամկետով ազատազրկման, 329 հոդվածի 1-ին մասով՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման, քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Գ. Ասատրյանին վերջնականապես դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ կիրառելով ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ նրան ազատել է նշանակված պատժից` 6 ամիս ժամկետով ազատազրկումից:

Դատարանը Գ. Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով առաջին եւ երկրորդ հանցագործության, 329 հոդվածի 1-ին մասով եւ 34-329 հոդվածի 1-ին մասով հանցագործություններից յուրաքանչյուրի համար նշանակել է 3 ամիս ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գ. Ասատրյանին վերջնականապես դատապարտել է 10 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված 10 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել է սույն գործով Գ. Ասատրյանի կալանքի տակ գտնված ժամկետը եւ համարել պատիժը կրած:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել եւ դատական նիստերի դահլիճում նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031