Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Երբ որ ես բաց արեցի ֆեյսբուքյան էջը, նկարիս տակ գրված էր՝ աղբ, ես աղբ չեմ». Չարենցի անվան դպրոցի տնօրեն (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 16:37 Share

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հրապարակած դպրոցի տնօրենների հայտնի ձայնագրությունների ցուցակում էր:

Այսօր ԿԳ նախարարության հրավիրած խորհրդակցությանը նա մասնակցում էր:

Տնօրենը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ ձայնագրություններին՝ ասաց. «Ես ոչ այնքան մեղադրում եմ պարոն Դանիելին, որքան հասարակության ռեակցիային, որովհետեւ հասարակությունը սիրում է լսել մի բառ եւ ուռճացնել, այ դա է պատճառը, որ ուսուցչի վարկն ընկնում է: Եվ շատ ավելի լավ կլիներ, որ հասարակությունը ճիշտ արձագանք տար պարոն Դանիելի այդ մեկնաբանություններին: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր աշխատանքային գործունեությունից հետո զբաղվելու ինչով ուզում է՝ առանց վնասելու որեւէ մեկի անձը: Եթե մարդը տնօրեն է, պիտի կարողանա իր իրավունքները պաշտպանել՝ հասկանալով, որ ուսուցիչը, տնօրենը այնքան ժամանակ չունի, որ բոլոր արձագանքներին հասարակության ընթացք տա եւ զբաղվի նման մանր բնույթի խոսակցություններով»:

Նա ասաց, որ Դանիել Իոաննիսյանի գործողությունը չի դատապարտում. «Իր աշխատանքն է, ես ավելի շատ ցավ եմ ապրում հասարակության արձագանքից»:

Հարցին՝ այսինքն, անօրինական ոչինչ չե՞ք գտնում Իոաննիսյանի արածում՝ Անահիտ Խեչումյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, գտնում եմ, նա պիտի մտածեր սոցիալական ցանցերում իր տեսակետները ցույց տալուց առաջ: Մտածեր՝ իր ընտրած ճանապարհները արդյոք ընդունելի՞ են: Կան բարոյական նորմեր, ինքը բարոյական նորմերը խախտեց միանշանակ, հո միայն օրենքը չի՞»:

Դիտարկմանը, որ ինքն էլ կարծում է, որ ուսուցչի ՀՀԿ-ական լինելն է խախտում բարոյական նորմերը՝ տնօրենը արձագանքեց. «Կարծելը շատ քիչ հիմք է՝ մարդկանց վիրավորելու համար: Երբ որ ինքը հայտարարությունը տեղադրեց ֆեյսբուքյան ցանցում, հաջորդ օրը ես բացեցի եւ քիչ էր մնում ուղղակի հիասթափություն ապրեի մեր հասարակությունից, այդ արձագանքներից: Ես ցավ զգացի, որ գուցե այդ արձագանքողներից մեկը լիներ իմ դպրոցի աշակերտը: Ուրեմն մեր հասարակությունը դեգրադացվում է»:

Ըստ տնօրենի, իր աշխատանքում երեւալու համար սեւացնում են մյուսներին, ինչն ընդունելի չէ: Մենք ճշտեցինք՝ կոնկրետ արձագանքներից ձեզ ի՞նչն է վիրավորել՝ տիկին Խեչումյանը պատասխանեց. «Ասեմ՝ երբ որ ես բաց արեցի ֆեյսբուքյան էջը, նկարիս տակ գրված էր՝ աղբ: Ավելի վիրավորական բառ ես իմ կյանքում չէի կարող հանդիպել: Ես աղբ չեմ, ես իմ ողջ գործունեությամբ ցույց եմ տալիս, որ ես հանուն երկրի պատրաստ եմ նույնիսկ իմ կյանքը զոհել, աղբը նման բանի ընդունակ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եվ սա դեռ իրեն համարում է բարոյական մարդ եվ կոչվում է ուսուցիչ?; Խոսում է բարոյական դեգրադացիայից; երբ իրենք պատրաստակամորեն’ մասնագիտական գործունեության հետ բացարձակ կապ չունեցող գործունեություն ծավալելով; մարդկանց վախեցնելով ու կաշառք տալով լծվեցին երկիրը կործանող ուժերի սայլին: Անգամ համարում է; որ իրենց անբարոյական արարքներն ի ցույց դնելն անօրինականություն էր?; Եվ ինչ օրինակ ես ցույց տալիս դու’ ուսուցիչ կոչեցյալդ; հանուն փողի; պաշտոնի ոտնատակ տալ ամեն սրբություն ու արժեք?: Ահա դա է ձեր բոլորի էությունը!: Ուրեմն մի նեղսրտվիր ճիշտ բնորոշումներց

Պատասխանել