«Մենք ամեն տարի՝ արդեն 7-րդ անգամ, մեր գործընկերների հետ հանդիպում ենք քննարկելու արդարադատության ոլորտում առկա մարտահրավերները, կիսվում ենք այն փորձով, որը կուտակում ենք մեկ տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը… 7 տարիների ընթացքում հասցրել ենք հասկանալ, որ սա շատ արդյունավետ եւ կայացած հարթակ է՝ մեզ հուզող հարցերի քննարկման եւ լուծումներ գտնելու համատեքստում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումին:
Հավելեց, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների միջեւ շուտով ստորագրվելու է համապատասխան միասնական աշխատանքի ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ, նաեւ փորձը փոխանակվում է ԵՄ-ի հետ գործընկերության համատեքստում. «Մենք այս պահին վիզաների ազատականացման ծրագրի շրջափուլում ենք գտնվում: Դրանք քայլեր են, որ մեր հարեւան պետությունը վաղուց է ձեռնարկել: Մեզ մշտապես հետաքրքրում է այն փորձը, որը մեր հարեւան բարեկամ պետությունը կուտակել է նաեւ այս առումով»:
Նախարարին հարց ուղղվեց Վրաստանում Ալիեւի արձանի վնասման մեղադրանքով ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ: Սրբուհի Գալյանն ասաց, որ բոլոր գործերով փոխադարձ իրավական օգնության մեխանիզմներն աշխատեցնում են. «Նախորդ տարվա ընթացքում 10-ից ավելի փոխադարձ հայցումներ են եղել, եթե չեմ սխալվում, մեր պետությունը ստացել է փոխադարձ օգնության 18 հայցում»: Հավելեց, որ հիմնականում միջնորդությունները վերաբերել են քրեական գործերին, նաեւ եղել են երկուստեք հանձնման խնդրանքներ:
Սահմանադրության նոր նախագծում մեջ դրույթ կա քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, նման կարգավորում կա նաեւ Թուրքիայում, արդյոք նախարարը գիտի ժողովրդավարություն որդեգրած մեկ այլ երկիր, որտեղ անձին կարող են զրկել քաղաքացիությունից՝ անգամ ամենածանր հանցանք գործելու դեպքում, Սրբուհի Գալյանն այս հարցին այսպես արձագանքեց. «Բոլոր երկրներում գրեթե կա, զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների մասին է խոսքը, մասնավորապես այն երկրների, որոնք աչքի են ընկնում իրենց ժողովրդավար կարգով, օրինակ՝ Ֆրանսիայում, Դանիայում, Ավստրիայում, արեւմտյան եւ արեւելյան Եվրոպայի երկրներում, բայց չգիտես ինչու այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա…
Կարդացեք նաև
Տեսել եմ մամուլի հրապարակումներ, որ անձին ուղղակի կարելի է հանցագործության համար մեղադրելով՝ զրկել քաղաքացիությունից: Ոչ, այդպես չէ, առաջարկվող կարգավորման տրամաբանությամբ անձը կարող է քաղաքացիությունից զրկվել միայն այն դեպքում, երբ կատարել է պետության անվտանգության եւ սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործություն: Խոսքը պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման եւ նմանաբովանդակ այլ հանցագործությունների մասին է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ֆորումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































