Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից աշխարհում եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների մոդելները

Նոյեմբեր 26,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ «Առավոտի» նոյեմբերի 24-ի համարում

Ժամանակակից իրավական պետություններում եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունները հիմնականում դրսեւորվում են երկու հիմնական մոդելով.

  1. Աշխարհիկ պետության մոդել: Պետությունը խիստ կերպով տարանջատված է կրոնից (օրինակ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում): Պետությունը պաշտոնական կրոն չունի եւ չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցին չի մասնակցում պետական մարմինների կառավարմանը կամ օրենսդրությանը:
  2. Պետական կրոնի կամ համագործակցության մոդել: Որոշ երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ Անգլիկան եկեղեցին պետական է, կամ Հունաստանում, որտեղ ուղղափառ եկեղեցին պետական է) պետությունն ու եկեղեցին սերտորեն համագործակցում են, եւ եկեղեցին որոշակի պաշտոնական խորհրդատվական կամ բարոյական դեր ունի հասարակական կյանքում:

Աստվածաշնչյան տեսանկյունից առողջ հարաբերությունը ենթադրում է փոխադարձ հարգանք՝ առանց մեկը մյուսի գործառույթների կամ լիազորությունների յուրացման: Իշխանությունը պատասխանատու է պետության անվտանգության, հասարակական կարգի, օրինականության եւ նյութական բարեկեցության համար, իսկ Եկեղեցին՝ հասարակության հոգեւոր արժեքների, բարոյականության և խղճի մաքրության պահպանման համար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացումը անհրաժեշտություն է

Այս համատեքստում հասարակական-բարոյական քաղաքականության ձեւավորման առումով Հայոց Եկեղեցու դերը պետք է դիտարկել հետեւյալ հիմնական մոտեցումներով. Պետականաշինության, բարոյական եւ ազգային ինքնության տեսանկյունից, որոնց հիմքերն ու ավանդույթները ակնհայտ են.

– Պետականաշինություն. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսանում է Հայոց պետականության հիմնասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին դարերով՝ Հայաստանի անկախությունը կորսվելու դեպքում էլ, բացի իր հիմնական գործառույթը կատարելուց, կատարել է նաեւ աշխարհիկ իշխանության գործառույթները, ապահովելով հայ ժողովրդի հարատեւությունն ու Աստվածային առաքելությունը։

– Բարոյական կողմնորոշիչներ. Եկեղեցին պետք է ակտիվորեն բարձրաձայնի հասարակությանը հուզող բարոյական հարցերը (ընտանեկան արժեքներ, կրթություն, բարեգործություն, սոցիալական արդարություն)։ Հայ ավանդական հասարակությունում Հայոց Եկեղեցին միշտ ծառայել է որպես Աստուծուց եկած եւ դարերով ստուգված բարոյական սկզբունքների պահապան:

– Ազգային ինքնություն. Հայաստանում Հայոց Եկեղեցին սերտորեն կապված է ազգային ինքնության, մշակույթի եւ պատմության հետ, ինչի պատճառով հասարակության մի զգալի մասը ակնկալում է, որ Եկեղեցու ձայնը պետք է լսելի լինի պետական մակարդակով՝ հոգեւոր, բարոյական, կրթական եւ մշակութային ծրագրերում։

Հայ հասարակական մոդելում Եկեղեցին պետք է եւ պարտավոր է բարձրաձայնել պետականությանը սպառնացող վտանգների մասին, ազգային խնդիրներում կառավարության թույլ տված թերացումների ու սխալների մասին, հոգեւոր ու բարոյական արժեքների շեղումների մասին, իսկ իշխանությունը, մնալով աշխարհիկ, պետք է հաշվի առնի Եկեղեցու բոլոր մտահոգությունները, հասարակության բարոյական սպասումները՝ առանց խախտելու խղճի եւ դավանանքի ազատության սկզբունքները։

Հայոց Եկեղեցին եւ հայ հասարակությունը

Հայոց Եկեղեցին առաջին դարից սկսած, հավատարիմ իր Աստվածային առաքելությանը, դարձավ մեր ժողովրդի հոգեւոր առաջնորդը, եւ երբեք չդավաճանեց Աստուծու պատգամներին եւ ծառայեց մեր ժողովրդին ու պետությանը ի Տէր մեր Հիսուս Քրիստոս։ Երբեք չշեղվեց Աստուծու ճշմարտությունից, Աստուծու ընտրյալ ժողովրդին առաջնորդեց իրականացնելու իր առաքելությունը, այն է, ապրել Աստուծու արդարության ու արքայության մեջ եւ այն տարածել  համայն աշխարհում։ Դրա արդյունքում է, որ հայ ժողովրդի շուրջ 95 տոկոսը իրեն համարում է քրիստոնյա եւ մեր Եկեղեցու հետեւորդ։ Մեր Եկեղեցին միշտ եղել է այն փարոսը, որին անվերապահորեն հավատեցել եւ հետեւել է հայ ժողովուրդը, առավել եւս մեծ փորձությունների շրջանում։ Դրա վառ ապացույցն է նաեւ Եկեղեցու վրա այս իշխանության հարձակումներին դիմակայելու ժողովրդի պատրաստակամությունն ու հակահարված տալու կամքը։

Եկեղեցու հայտարարությունները, որոշումներն ու կառավարությունը

Քանի որ հոգեւոր իշխանությունը գալիս է Աստուծուց, հետեւաբար այն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան աշխարհիկ իշխանությունը, որից էլ բխում է կառավարության պատասխանատու լինելու հանգամանքը հոգեւորի առաջ։

Հոգեւորի գերակայության մասին է ասում Աստված Եզեկիէլի մարգարեությունում. «Մարդու որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայէլի այդ տանը. Դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց:» Եզեկիէլ 3.17։ Եզեկիէլը որպես մարգարե, Աստուծու քահանա, պատգամ է ստանում Աստուծուց, որ նախազգուշացնի ոչ միայն սովորական մարդկանց, այլեւ թագավորին, այսինքն իշխանությանը՝ իր խոտորումների մասին։ Հետեւաբար, խորհրդարանի եւ կառավարության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հոգեւոր Գերագույն Խորհրդի որոշումները պետք է ուղեցույց լինեն մատնանշած խոտորումները շտկելու համար։ Խորհրդարանը եւ կառավարությունը պարտավոր են Եկեղեցու հայտարարությունները եւ որոշումները քննարկել եւ հանրությանը տեղեկացնել քննարկման արդյունքների մասին։

Եկեղեցին եւ կառավարությունը պետք է վերափոխվեն մեկ միասնական օրգանական համակարգի մեջ, այնպիսի համակարգի, որը թույլ չի տա աշխարհիկ իշխանությանը հակասության մեջ մտնել Եկեղեցու հետ։

Եկեղեցին պետական կառավարման համակարգի մասնակից

Ժամանակակից աշխարհում առկա մարտահրավերները՝ չարի հաղթարշավը, ինչպես անհատական, այնպես էլ ազգային եւ պետական մակարդակով, հրատապ են դարձնում պետության կառավարման համակարգի վերափոխումը, որպեսզի եկեղեցին ներգրավվի պետության կառավարման գործում, դրանով հնարավորություն կստեղծվի հայ ժողովրդին հավաքականորեն դիմակայել այդ մարտահրավերներին։ Եկեղեցու ներգրավումը պետության կառավարման գործում շատ խորքային գործոն է, որն ունի թե՛ պատմական, եւ թե՛ լուրջ գաղափարական հենք։ Դիտարկենք խնդիրը նշյալ տեսանկյունից.

– Պետականության պահպանման. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականություն կրող կառույց, այն իր ուրույն դերակատարությամբ հանդիսացել է հայ ժողովրդի ոչ միայն հոգեւոր առաջնորդը, այլեւ Հայոց պետականության պահպանման առաջամարտիկը՝ հանձինս հավատքի, հայոց լեզվի, պատմության, մշակույթի, հավաքականորեն՝ ինքնության պահապանն ու առաջընթացն ապահովողը։

– Բարոյական և հոգևոր կողմնորոշիչ. առանց հոգեւոր ու բարոյական ամուր հիմքերի՝ պետությունը կարող է կորցնել իր արժեհամակարգային առանցքը։ Եկեղեցու մասնակցությունը կարող է երաշխավորել, որ օրենքներն ու որոշումները բխեն հոգեւոր, ազգային և բարոյական ավանդական արժեքներից։

– Ազգային դիմագծի պահպանություն. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է Հայոց ազգային ինքնության պահապանն ու պետական անկախություն չունեցող ժողովրդի հավաքական կենտրոնը, և բնական է, որ այն այսօր էլ առանցքային դեր ունենա պետական կյանքի կողմնորոշման գործում։

Վերջին տարիների անցուդարձը ցույց է տալիս, որ Եկեղեցու մասնակցությունը պետական կառավարման համակարգում պարտադիր պետք է լինի, քանի որ աշխարհիկ իշխանության տկարությունը միշտ հանգեցնելու է օտար պետությունների հակահայ գործողությունների դեմ անճարակության, այն չի կարողանալու դիմակայել թշնամական գործողություններին, եթե մեղմ արտահայտվենք, որը հանգեցրեց Հայոց ամբողջականության, միասնականության խաթարմանը։

Այս դեպքում Եկեղեցին հավատարիմ իր ազգային էությանը, ցույց տվեց, որ ինքը շարունակողն է իր հազարավոր տարիների ժառանգությանն ու տեր է հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությանն ու Աստուծու պարգեւած Հայոց Հայրենիքը՝ տարածքներն ու հայ ժողովրդի կերտած հոգեւոր-մշակութային ժառանգությունը պաշտպանելու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին մեր բազմադարյա պատմության ընթացքում ցույց է տվել, որ Հայոց պետության անկախությունը կորցնելու ժամանակ փոխարինելով աշխարհիկ իշխանությանը, երբեւէ այդ իշխանությունը չի չարաշահել, այլ հավատարիմ Աստվածային պատգամներին, հավատարմորեն ծառայել է հայ ժողովրդին, պաշտպանելով ինչպես մարդկային անհատական, այնպես էլ ազգային հավաքական շահերը։

Մեխակ Գաբրիելյան

Գերագույն Խորհրդի պատգամավոր 1990-1995 թվականներին, անկախության հռչակագիրը նախապատրաստող խորհրդարանական հանձնաժողովի անդամ

Հ.Գ. Հաջորդ համարում «Հայոց պետության կառավարման համակարգի վերակառուցումը»

«Առավոտ» օրաթերթ
25.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել