Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ

Օգոստոս 31,2017 15:53

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի և իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ:

Վերլուծությունն իրականացվել է հետևյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ.

1) փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը.

2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը.

3) փաստաբանի վստահորդի, այդ թվում՝ նրա պաշտպանյալի իրավաբանական օգնության իրավունքի և արդար դատաքննության մյուս երաշխիքների ապահովումը.

4) իրավախախտումների կանխումը, համապատասխան հաստատության անվտանգության ապահովումն ու այլոց իրավունքների պաշտպանությունը:

Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է և ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է և երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական.

Հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են՝

–       Պետության ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողը կամ դատական կարգադրիչը պարտավոր են առաջնորդվել փաստաբանի բարեխղճության և ազնվության կանխավարկածով.

–       Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը՝ անկախ տեխնիկական միջոցների առկայությունից.

–       Ստուգողական ցանկացած գործողություն պետք է իրականացվի փաստաբանի և նրա վստահորդի շահերի հետ հավասարակշռման և հիմքերի պատշաճ առկայության պայմաններում.

–       Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ զննության ենթարկվելուց հրաժարվելու մասին փաստաբանների պատճառաբանությունները դատական կարգադրիչների կողմից որոշումներ կայացնելիս համաչափության տեսանկյունից հաշվի չեն առնվել: Զննության` գործողությունների որոշակի շրջանակով չսահմանափակված ընթացակարգից հրաժարումն անկախ ամեն ինչից առաջացրել է խիստ հետևանք՝ դատական նիստերի դահլիճ մուտքն արգելելը.

–       Անհրաժեշտ է իրականացնել «զննություն» և «խուզարկություն» հասկացությունների հստակ տարանջատում, բացահայտել դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը կազմող գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտում դրա նշանակության իրավական առանձնահատկությունները: Պետք է պատշաճ արտացոլել փաստաբաններին խուզարկելու օրենսդրական արգելքը.

–       Պետք է բացառել մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատախազների համեմատությամբ խտրականության որևէ դրսևորում.

–       Անհրաժեշտ է անհետաձգելիորեն հստակեցնել արգելված առարկաները որոշելու չափանիշները և դրանց ցանկը.

–       Անհրաժեշտ է մշակել համապատասխան ստուգողական գործողությունների իրականացման մեթոդական ուղեցույցներ և կազմակերպել ստուգողական գործողություն իրականացնող աշխատակիցների վերապատրաստումներ.

–       Պետք է ապահովել ուղեցույցների հասանելիությունը հանրությանը, դրանք տարածել զանգվածային լրատվության միջոցներով և հանրությանը մատչելի այլ եղանակներով, այդ թվում՝ փակցնելով համապատասխան շենք մուտք գործողին տեսանելի վայրերում:

Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկությունները, ուղարկվել են Արդարադատության նախարարություն, Դատարանների նախագահների խորհուրդ և Դատական դեպարտամենտ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031