Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքարարը դիմել է արդարադատության խորհրդին

Սեպտեմբեր 01,2017 14:30

Շիրակի մարզի բնակչուհու կարծիքով՝ դատավորների կողմից իր՝ քաղաքացու նկատմամբ իրավունքների խտրականությունը կախված է սոցիալական ծագումից, գույքային վիճակից, սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ռուզաննա Հակոբյանը 2005թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2010թ. մարտի 1-ը աշխատել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում, որպես հավաքարար: 2014թ. մայիսի 15-ին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է հաշմանդամ։ Կենսաթոշակի նշանակման համար 2005-2010թթ. ժամանակահատվածի ստաժը հաստատող փաստաթղթերից մեկը՝ աշխատանքայն գրքույկն առկա է, սակայն սոցիալական վճարումների վերաբերյալ փաստաթղթային հիմքերն առկա չեն: Նրա աշխատանքային գրքույկում եղած գրառման համաձայն, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային ծրագիրը 2010թ. մարտի 1-ին ավարտվել է: ՀՀ ազգային արխիվի եւ ՀՀ ազգային արխիվի Շիրակի մասնաճյուղում եւս չեն պահպանվում այդ փաստաթղթերը, քանի որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ-ի համապատասխան փաստաթղթերը պետական արխիվին պահպանության չեն հանձնվել:

Ռուզաննա Հակոբյանը 2013թ. նոյեմբերի 28-ին իրավաբանական փաստը հաստատելու պահանջով դիմել է Շիրակի մարզի րնդհանուր իրավասության դատարան, խնդրելով հաստատել 2005 թ. օգոստոսի 1-ից մինչե 2010 թվականի մարտի 1-ն իր՝ նշյալ գրասենյակում, որպես հավաքարար աշխատելու եւ այդ ժամանակահատվածներում աշխատանքային ստաժ ունենալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, 2005-2010թթ. աշխատանքը ապահովագրական աշխատանքային ստաժ համարելու հանգամանքները։

Դատարանը 13.12.2013թ. վճռով դիմումը բավարարել Է։ Ինքնուրույն պահանջ այդ ժամանակ սոցապը չի ներկայացրել:

Բայց ահա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից վճռի դեմ 2014թ. հունվարի 9-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Ըստ բողոքաբեր գերատեսչության, դատարանը հաշվի չի առել, որ «վերոգրյալ հիմնարկը հանդիսանում է գործող կազմակերպություն, հետեւաբար, չէր կարող այդ կազմակերպության փաստաթղթերը հանձնված լինել արխիվին ի պահպանություն»։ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացված վճիռը բեկանվել է եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանությամբ, թե բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է:

Հաշմանդամ հավաքարարը, որը չունի անգամ փաստաբան, ապացուցում է հակառակը՝ դատավորներին մեղադրելով անգրագետ հաշվարկի մեջ: Այդ գործով որոշումը կայացրած դատավորներն էին՝ նախագահող դատավոր Երվանդ Խունդկարյանը, դատավորներ Գոռ Հակոբյանը, Սուրեն Անտոնյանը, Վարդան Ավանեսյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Ռուզաննա Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Ելենա Սողոմոնյանը, Նախշուն Տավարացյանը:

Ռուզաննա Հակոբյանը դիմել է արդարադատության խորհրդին: Մինչ այս, նա երկու անգամ դիմել է արդարադատության խորհրդին՝ այս տարվա ապրիլի 20-ին եւ մայիսի 26-ին, սակայն պատասխան չի ստացվել: «Այստեղից մի նոր հետեւություն՝ Ձեր մոտ գործող չգրված օրենքով լռությունը համաձայնության նշան է, որտեղից եւ ես մի նոր հետեւություն եմ անում. եթե Դուք նորից լռություն պահպանեք եւ չպատասխանեք ինձ՝ դատարանի նշյալ որոշումը իմ կողմից առոչինչ կհամարվի եւ ես նորից կներկայացնեմ իմ վճռաբեկ բողոքը»,- գրել է Ռ.Հակոբյանը:

Նա ԱԽ-ից խնդրում է դատավորներին ենթարկել պատասխանատվության ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների եւ ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ դատական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ եւ կոպիտ անփութությամբ խախտումներ կատարելու համար, ինչի հետեւանքը եղել է 2016 թվականի հունիսի 15-ի Վճռաբեկ եւ 2015 թվականի սեպտեմբերի 16-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանների որոշումները:

Քաղաքացին կարողացել է միայն երեք տարի հետո դիմել Վճռաբեկ դատարան: Դատարանի 2016 թվականի մայիսի 11-ի «ՀՀ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0391/02/13 որոշումը ստացել է 2016 թվականի մայիսի 27-ին, այն առկա է փոստային ծրարի դրոշմակնիքի վրա, գործը փոստային ծրարի հետ միասին գտնվում է Վճռաբեկ դատարանում, մինչ օրս վերադարձված չէ, ժամը 11.00-ին: Բնականաբար, այն Ռ.Հակոբյանը չէր կարող ստանալ մայիսի 27-ին, ժամը 11.00-ից շուտ, ինչի մասին պատասխանվել է մայիսի 30-ին, ժամ 9.00-ին:

Մայիսի 27-30-ը եռօրյա ժամկետ չի խախտվել, որովհետեւ նշված ժամանակը կազմում է 70 ժամ, այլ ոչ թե եռօրյա ժամկետ՝ 72 ժամ, ինչը պատճառ է դարձել դիմումատուին մերժելուն:

Նկատենք, որ մայիսի 28-ն Անկախության օրն էր եւ փոստատան համար ոչ աշխատանքային օր էր, իսկ մայիսի 29-ը՝ կիրակի, այսինքն՝ հանգստյան օր, փոստատան համար նույնպես ոչ աշխատանքային օր: Վճռաբեկ դատարան քաղաքացին կարող էր դիմումն ուղարկել միայն մայիսի 30-ին, առավոտյան ժամ 9.00-ից հետո՝ երբ սկսվում է աշխատանքը:

Բացի այն, որ ուղարկվել էր քաղաքացուն մերժման մասին որոշումը, այլ նաեւ 2016 թվականի մայիսի 30-ին Վճռաբեկ դատարանին ուղղված՝ վճռաբեկ բողոքի հետ միասին, ընդհանուր գործին կարված, գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին «Ախուրյանի սոց. ծառայություն», եւ մեկ ուրիշ ծրարով ուղարկված «Երեւանի վերաքննիչ քաղ. դատարան» Հայփոստի անդորրագրերը՝ 2 հատ::

Ռ.Հակոբյանը ԱԽ-ին գրում է. «ՀՀ դատական օրենսգրքի դրույթները ուսումնասիրելիս հետեւություն ես անում, որ դատարանի դատավորները որոշումներ կայացնելիս ՀՀ դատական օրենսգրքի դրույթները կամ լրիվ չեն ուսումնասիրել, կամ անգրագետ են, կամ էլ այնքան անթվաճանաչ, որ մինչեւ 650 000 դրամ ստանալով՝ կարող են մի գրչի հարվածով մերժել սոցիալապես անպաշտպան հավաքարարին, իր 45 000 դրամ կենսաթոշակը ստանալու համար, խախտելով ՀՀ Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը եւ նույնիսկ չենթարկվել կարգապահական պատասխանատվության»:

Սահմանադրության 29-րդ հոդվածով արգելվում է խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Մինչդեռ, այս գործով այնքան ակնհայտ է խտրականությունը, որ հարկ չեն համարում գոնե պատասխանել:

Որն է հավաքարարի մեղքը: Աշխատանքային գրքույկում առկա եւ չառկա ձեւակերպումների համար ինչո՞ւ օր ծերության նա պետք է պատասխան տա:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930