Լրահոս
Օրվա լրահոսը

Գրված չեն Հայաստանի, հայ ազգի բոլոր արքաների մասին գրքերը

Սեպտեմբեր 01,2017 14:26

Հայաստանի ամենամեծ հարստությունը հայ ազգի բարձր մարդկային հատկություններն են: Երկրորդ ամենամեծ հարստությունը նրա պատմությունն է: Առաջինի՝ մարդկանց բարձր որակների և հատկությունների մասին գրվել և գրվում է բոլոր գեղարվեստական գրքերում: Ի դեպ, այս հարստությունը դեռևս սպասում է իր գիտական ձևակերպմանը, դասակարգմանը, կառույցավորմանը, մի խոսքով՝ գիտական տեսք տալուն: Երկրորդի՝ պատմության մասին էլ բազմաթիվ ուսումնական ու գիտական հրատարակումներ կան: Բոլոր գիտնական պատմաբանները գրքեր ունեն գրած հայոց պատմության մասին: Այսինքն` լուսաբանված են պատմության համարյա բոլոր անհայտ ու մութ էջերը: Անհայտները հայտնի են դարձել, մութերը լուսավորվել են: Փա՜ռք պատմաբաններին: Ճիշտ է, դրան նպաստել են նաև ոչ հայ, բայց հայ ազգի պատմության մեջ մասնագիտացած պատմաբանները, քանի որ հայագիտական ամբիոններ կան աշխարհի շատ քաղաքների համալսարաններում, և այդ փաստով աշխարհն ընդունում է, որ, իրոք, հայ ազգի ժառանգությունը համամարդկային նշանակություն ունի:

Իսկ արդյոք գրվել են Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին գիտական կամ թեկուզ գեղարվեստական գրքերը: Արդյոք բոլոր գիտնական գրողները գրքեր ունեն գրած հայոց պատմության գլխավոր հերոսների մասին: Ազգի հերոսները նրանք են, որոնք մեծ դեր են խաղացել նրա կյանքում, մեծ ազդեցություն են ունեցել նրա պատմության ձևավորման վրա, մեծ ավանդ ունեն նրա պատմության մեջ, մեծ գործեր են կատարել պատմական, ճակատագրական, շրջադարձային ժամանակաշրջաններում ու պահերին, մեծ՝ բախտորոշ իրադարձությունների հեղինակներ են եղել: Ճիշտ է, նրանք շատ են եղել, բայց նրանք եղել են բացառություններ, ըստ անհրաժեշտության հայոց ճակատագրի թատերաբեմ բարձրացած մեծ անհատականություններ, ազգի հավաքական գիտակցության խտացումներ, հավաքական կամքի կենսագործողներ, հերոսներ, սխրագործողներ, օրինակ՝ Հայկ Նահապետը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Նժդեհը, Անդրանիկը, և այլոք:

Սակայն, ոչ թե բացառության կարգով, բախտի բերումով, իրադարձությունների թելադրանքով, պատահականորեն կամ օրինաչափորեն, այլ պաշտոնի բերումով, պարտականությունների թելադրանքով, ի վերուստ արված նշանակումով, աստվածների որոշմամբ հայ ազգի ճակատագրի որոշողները և կառուցողները եղել են ազգի առաջնորդները, ղեկավարները՝ նահապետները, մեծ իշխանները, արքաները և արքայից-արքաները: Արդյո՞ք նրանցից բոլորի մասին գրված են գիտական կամ գեղարվեստական գրքեր: Եթե գիտական գիրք գրելու համար բավական փաստական տվյալներ չեն եղել և այդ պատճառով նրանց մասին գիտական գրքեր չկան, ապա գեղարվեստական գրքեր գրելու համար մեկ կամ երկու փաստն էլ բավական է: Մնացածը ավելի գեղեցկացրած տեսքով կարող է ներկայացնել գրողի երևակայությունը: Դա հենց գեղարվեստական գրականության առավելությունն է, որ այն կարող է փաստական իրականությունը ընթերցողին ներկայացնել ավելի գեղեցկացրած՝ կյանքը գեղարվեստ դարձրած ձևով: Մարդկության զարգացման համար դա՛ էլ է անհրաժեշտ, որպեսզի ընթերցողին սովորեցնի ավելի գեղեցիկ ապրել կյանքը: Ինչքանը որ հայտնի է, այդքանով էլ կարելի է գեղարվեստական գիրք գրել, տարածելու համար հերոսական գործը, այն կատարողի կերպարը, որպեսզի սերունդներն օրինակ վերցնեն ազգի մեծերից, սովորեն նրանցից: Անպայման գրել է պետք բոլոր հայ արքաների մասին: Որովհետև մեծ մարդիկ մեծ գործեր են անում, իսկ մեծ գործերը մեծ մարդկանց են ծնում: Այս փուլերը ժամանակի մեջ իրար հերթափոխելով աստիճանաբար մեծացնում են ազգի, մարդկության գործերը, կատարելագործում դրանց անողներին, դրանցից օգտվողներին, դրանց հետ շփվողներին: Մեծ մարդկանց և նրանց մեծ գործերի մասին իրականությունը, ճշմարտությունը տարածողներն էլ են մեծ գործ կատարում, որովհետև տարածում են դրանք ժամանակի և տարածության մեջ, երկարացնում դրանց գործողության ժամկետները, հայտնի են դարձնում դրանց մասին նաև այլ ազգերի մեջ, հավերժացնում են դրանք մարդկության հիշողության մեջ, թեև տիեզերքի հիշողության մեջ դրանք հավերժ գրված են արդեն իրենց արարման պահից:

Հայ արքաներից շատերը մեծ գործեր են արել: Ոմանք, հնարավոր է, չեն կարողացել կատարյալ ձևով անել իրենց գործը՝ պահպանել ու մեծացնել հայ ազգի փառքը: Բայց չի սխալվում միայն ոչինչ չանողը, իսկ անողները երբեմն նաև սխալվում են: Ոչ թե դիտմամբ են անում, այլ սխալվում են: Անշուշտ, այդ գեղարվեստական գրքերում կվերլուծվեն նրանց գործերը, սխալներն ու թերությունները: Դա նաև կնպաստի, որ երկրի ներկա և ապագա ղեկավարները, ազգի առաջնորդները չկրկնեն իրենց նախորդների սխալները, մոլորություններն ու պատմական պահերի թյուրըմբռնումները, աշխարհի ու կյանքի ընկալումների ու պատկերացումների սխալները, թոթափեն իրենց վրայից անցյալի ճնշող բեռը, թերարժեքության բարդույթները, թերագնահատումները, թերահավատությունն ու ավելորդ հավատը: Նաև հասկանան, որ արարողն է աստվածը, ոչ թե նա, որից ինչ-որ բանի արարում են սպասում: Ստեղծեցի՞ն նրանք ազգի, երկրի համար ինչ-որ բարձրարժեք բաներ, ուրեմն դրանց աստվածներն իրենք են: Չարեցի՞ն ոչինչ, սպասեցին, որ ուրի՞շն անի, ուրեմն ուրիշ ազգերը կանեն դրանք հօգուտ իրենց:

Հայ թագավորներից շատերը հանիրավի մոռացության են մատնված գրողների կողմից: Ուրախալի է, որ ոմանց մասին արդեն կան վեպեր: Մեծ գործ է կատարել սերունդների համար Հայկ Խաչատրյանը. գրել է գրքեր Արտաշեսի, Տիգրան Մեծի, Արտավազդի, Երվանդ Սակավակյացի, հայոց առաջին արքայի մասին: Կան նաև Արմեն Մալխասյանի Տիգրան Մեծը, Պերճ Զեյթունցյանի Արշակ Երկրորդը, Ստեփան Զորյանի Պապ թագավորը, Բագրատ Այվազյանի Աշոտ Երկաթը, Սասուն Վարդանյանի Արամ աշխարհակալը գրքերը և այլն: Հայոց արքաների տեղին մեծարումը կատարվել է մի շարք գրքերում. օրինակ՝ Հայկ Խաչատրյանի «Արքայապատում», Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց տերերը» [1] և այլն: Հայ արքաների մեծ գործերի մասին թանկարժեք աղբյուրներ և դրանց հաղորդած տեղեկություններ է պարունակում «Մեր հաղթանակները» քառահատոր գիրքը [2]:

Բայց դրանք ընդհանուրի շատ փոքր մասն են կազմում: Ըստ մի հետազոտության [3] արդյունքի հայոց արքաների ցանկում 86 անուն կան, որոնց ութ արքայատոհմերը հետևյալներն են. 1) Հայկյաններ մ.թ.ա. 859-մ.թ.ա. 585, 2) Երվանդունիներ մ.թ.ա. 570-մ.թ.ա. 3-րդ դար, 3) Արտաշեսյաններ մ.թ.ա. 189-մ.թ. 1, 4) Արշակու­նի­ներ 52-428, 5) Բագրատունիներ 885-1045, 6) Ռուբինյաններ 1080-1226, 7) Հեթումյաններ 1226-1342, 8) Լուսինյաններ 1343-1375: Հայկ Խաչատրյանը հայոց 141 թագավորներ է հաշվել [4], իսկ թագուհիներ՝ 150 [5]: Ըստ մեկ ուրիշ աղբյուրի հայկական պետականությունների ղեկավարների ցանկում 172 ղեկավար կա [6]:

Բացի այդ, բոլորի մասին է պետք գրել նաև այն պատճառով, որ ընթերցողին ցանկալի է հերթով կարդալ և իմանալ առաջին հայ թագավորից սկսած բոլոր թագավորների մասին, տեսնել ժամանակագրական կապը, ըմբռնել դեպքերի և իրադարձությունների հաջորդափոխության իմաստը, պատմության իմաստային և պատճառահետևանքային կապերը, զգալ կյանքի զարգացումը, մարդկային հոգու և հարաբերությունների կատարելագործումը և այլն: Առանձին արքաների մասին կարդալը մի արդյունք է տալիս, իսկ բոլորի մասին հերթականությամբ կարդալը՝ ավելի կատարյալ արդյունք, որովհետև ցույց է տալիս յուրաքանչյուրի ավարտած տեղի ու հաջորդի սկսածի միջև կապը, ավելի ամբողջական է դարձնում պատմության պատկերը, պատմության սկսած գործը, ցուցադրում սկիզբն ու վերջը, ընթացքն ու շարունակությունը, ուղին ու միջոցը, պատճառն ու հետևանքը, իմաստն ու գաղափարը, մտահղացումն ու իրագործումը, նպատակն ու արդյունքը: Այս ամենը սերունդներին հաղորդելը հատուկ գիտության՝ պատմության իմաստասիրության առաքելությունն է. ցույց տալը ազգի գոյության խորհուրդը, նպատակը, կյանքի ոգին, իրերի և իրադարձաշարերի շարժման տրամաբանությունը: Բայց, նախ, դրա հետ քչերն են շփվում: Բացի այդ, գեղարվեստական գրականությունը կարող է օգնել այդ գիտությանը, գրողները կարող են օգնել պատմական իմաստասերներին հասնելու ընդհանուր նպատակին, այն է՝ իմաստավորելու հայոց պատմությունը, դասեր քաղելու նրանից, գիտելիքներ ձեռք բերելու նրա շտեմարաններից, իմաստություն ստեղծելու նրա փորձից:

Պետությունն էլ չպետք է նստի ձեռքերը ծալած: Այն պետք խրախուսի, հովանավորի, դրամավորի, նպաստի դրան: Չէ՞ որ գրողների միության անդամների ուղղակի պարտականությունը գրքեր գրելն է: Եթե 500-ից ավել անդամ ունեցող այդ միության պատմության ընթացքում եղած բոլոր գրողներից ամեն մեկը մեկական գիրք գրած լիներ հայ արքաների մասին, ապա բոլոր արքաների, թագուհիների և հերոսների մասին արդեն մի քանի հատ գրքեր կունենայինք: Բայց երբեք ուշ չէ բաց թողածը ետ բերելը: Հարկավոր է միայն սկսել, դնել նպատակը, նշել միջոցները, գծել ուղիները, տրամադրել պատմական փաստերը և հայ ստեղծագործական միտքը կանի իր գործը: Դա մե՜ծ գործ կլինի: Մեծ կլինի և՛ պետության, և՛ ազգի, և՛ գրողների համար: Դարերով հիշվող, հավերժության մեջ գրանցվող գործ: Պետական պատվերների կողքին դրան կարող են նպաստել նաև հայ մեծահարուստների օժանդակությունները նման գործեր ձեռնարկող գրողներին:

Իսկ եթե նաև այդ վեպերի հիման վրա պատմական շարժանկարներ [7] նկարվեն բոլոր հայ արքաների մասին, ապա որքա՜ն կհարստանա հայ մշակույթը, դժվար է նույնիսկ դա կանխատեսելը: Հնարավոր չէ դա գերագնահատել, ամենաբարձր գնահատականներն անգամ ավելորդ չեն լինի: Նման հարուստ պատմություն արարած ազգն արժանի է այդ մեծ գործին, դրա բերած պատվին: Դա նաև կլինի սփոփանք նրա կորուստների համար, սպեղանի նրա հոգևոր վիրավորանքների ու վերքերի վրա: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ հայ ազգի մինչև հիմա եղած ձեռքբերումներն էլ այնքան էլ նյութական և հողեղեն չեն, այլ հոգևոր, մշակութային: Թող դրանք ավելի շատանան և մեծանան: Եվ դա է ճիշտը, քանի որ մարդկության զարգացման իմաստը հենց դա է՝ նյութական հարստությունները հոգևորի վերածելը, նյութի կազմակերպման ցածր մակարդակը ավելի բարձր մակարդակի բարձրացնելը: Այսինքն` դա կլինի հայ ազգի առաքելության ներդաշնակորեն շարունակումը, իրականացումը: Նաև կլինի ներդրումը մարդկության հոգևոր զարգացման, հոգևոր հարստացման մեջ:

Գեղամ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Գրականություն

Հովհաննիսյան Գևորգ Հայոց Տերերը: Նկարների հեղինակ՝ Հեղինե Հովհաննիսյան:

Խմբ.՝ Ավագ Հարությունյան:Հրատ. «Հայրենիք» Ակումբ, Եր., 2012, 327 էջ:

Մերհաղթանակները.- Հ.1. – Եր.: Նորավանք, 2008, 260 էջ: Մերհաղթանակները.- Հ.2. – Եր.: Նորավանք, 2009, 332 էջ:

Մերհաղթանակները.- Հ.3. – Եր.: Նորավանք, 2009, 336 էջ: Մերհաղթանակները.- Հ.4. – Եր.: Նորավանք, 2012, 400 էջ:

Հայոց արքաներ.- https://hy.wikipedia.org/wiki/.-5.07.14:Հայկ Խաչատրյան Արքայապատում. Հայոց 141 թագավորները.- Եր.: Ամարաս, 1998, 176 էջ:

Հայկ Խաչատրյան Հայոց թագուհիները: 150 կենսագրություն պատմությունից և ավանդապատումներից.- Եր.: Ամարաս, 2006, 142 էջ:Հայկական պետականությունների ղեկավարներ.-https://hy.wikipedia.org/wiki/.-5.07.14:

Խաչատրյան Գ. Ա. Նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները.-Առավոտ, 27.05.2013.- https://www.aravot.am/2013/05/27/247833.- 27.05.2013:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930