Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ փորձ է արվում ուսումնասիրել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությունը

Հոկտեմբեր 02,2017 20:44

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսը: Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը:

Աշխատության ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները: Առաջին անգամ փորձ է արվում ուսումնասիրել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացությունը, ընդհանրական կերպով ներկայացնել Հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմության փուլերը, արդի վիճակը, առանձնահատկությունները:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ:

Ներկաներին ողջունեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: «Այս հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության մեջ  նախևառաջ թույլ տվեք առանձնացնել «Հայկական սփյուռքի պատմությունը և արդի բնութագիրը» բաժինը, որտեղ հեղինակը գիտական մեկնաբանությամբ ներկայացնում է սփյուռք եզրույթը ընդհանրապես, տարանջատում հայկական սփյուռքի ձևավորման փուլերը, տալիս ընդհանրական պատկեր՝ անդրադարձ կատարելով հայկական սփյուռքի ոչ միայն պատմությանը, այլև կրթական, գիտական, մշակութային ժառանգությանն ու ներկային, համահայկական, մասնագիտական կառույցներին, հայագիտական կենտրոններին, մամուլին, սփյուռքյան թանգարաններին և գրադարաններին, պատմամշակութային ժառանգությանը, վերհանում հայ ինքնության հիմնահարցերը, անդրադարձ կատարում Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական քաղաքականությանը»,-նշեց Յուրի Սուվարյանը:

Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը՝ նշելով. «Այս կոթողային մենագրությունը ևս մեկ ապացույցն է մեկ ազգ, մեկ Հայրենիք միասնականության, և գրքի հրատարակման առթիվ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս»:

Ընդգծելով «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատության գիտագործնական նշանակությունը՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ընդգծեց. «Լույս են տեսնում բազում գիտական մեծ արժեք ունեցող գրքեր, որոնք սակայն գործնական առումով այդպես էլ հասանելի չեն դառնում լայն հանրությանը: Այս մենագրությունը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ունի և՛ գիտական, և՛ գործնական ու ճանաչողական, և՛ պատմագիտական մեծ նշանակություն: Հեղինակը յուրաքանչյուր համայնքի պատմությունը ներկայացնում է առանձնահատուկ կերպով՝ ընդգծելով դրանց արմատական տարբերությունները: Ամբողջական և ընդհանրական է ներկայացվում սփյուռքում գործող Հայ եկեղեցին: Հիրավի, հեղինակն օժտված է բարդ սփյուռքը հասկանալու մեծագույն կարողությամբ: Աշխատության մեջ կարևորվում են համահայկական խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնահարց: «Հայ Սփյուռք» հանրագիտարանից հետո սա մի գիտավերլուծական այնպիսի աշխատություն է, որից ոչ միայն կարելի է ահռելի քանակությամբ տեղեկատվություն ստանալ, այլև հասկանալ այսօրվա արդյունքները և կանխատեսել վաղվա օրը»:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, առանձնացնելով աշխատության ներդրումը ժամանակակից պատմագիտության, հասարակագիտության և սփյուռքագիտության մեջ, հատկապես արժևորեց հեղինակ Հրանուշ Հակոբյանի անդրադարձը Հայաստան-Սփյուռք գործակցության պատմությանը, զարգացմանը, արդյունքներին և հեռանկարներին: «Սփյուռքին վերաբերող լուրջ հարցադրումները ներկայացված են գիտական մակարդակով, համադրված են հանրագիտարանային նյութերն ու վիճակագրական աղյուսակները: Հաշվի առնելով գրքի ամբողջական նշանակությունը սփյուռքի հայ համայնքների, կառույցների, կազմակերպությունների համար՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է ստանձնել գրքի անգլերեն հրատարակության հովանավորությունը»,-նշեց Վազգեն Յակուբյանը:

«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատության վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Տորոնտոյի Հայ կենտրոնի նախագահ, Ս. Թեհլերյան կոմիտեի ատենապետ Հակոբ Ջանբազյանը:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը ընդգծեց աշխատության գիտական, հանրային և համազգային արժեքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարևորեց աշխատության դասագրքային նշանակությունը՝ գրքի լույսընծայման առթիվ շնորհակալություն հայտնելով նախևառաջ սփյուռքագիտություն առարկան ուսումնասիրող ուսանողների և պատմության ֆակուլտետի անունից:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը գիրքը արժևորեց  ժամանակակից միտումները հասկանալու, գնահատելու և վերլուծելու համատեքստում: «Մենք ապրում ենք անորոշությունների ժամանակաշրջանում, որին գումարվում են միգրացիոն հոսանքները, ինքնության ճգնաժամը, քաղաքացիական և քաղաքական անկայունությունը, դարի մարտահրավերները: Այս առումով գիրքը շատ հարցերի պատասխաններ է տալիս, շատ անորոշությունների համար նախանշում է որոշակի ճանապարհային քարտեզ: Եվ այդ քարտեզը ոչ միայն ունի գիտական լուրջ նշանակություն, այլև նմանվում է քաղաքական մանիֆեստի, թե ինչպես պիտի զարգանա Հայաստան-Սփյուռք գործակցությունը: Սակայն ինձ համար՝ որպես լրատվադաշտի ներկայացուցչի, հատկապես հետաքրքրական էր հեղինակի անդրադարձը համահայկական լրատվական դաշտի խնդիրներին»:

Այնուհետև ելույթներով հանդես եկան նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Իրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության հեղինակ Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն համահայկական, եկեղեցական կառույցներին, տարբեր երկրներում գործող հայկական դեսպանատներին, որոնց միջոցով ճշգրտվել են աշխատության մեջ ներկայացված մի շարք վիճակագրական տվյալներ: Հեղինակն իր երախտագիտության խոսքն ասաց նաև գիտնականներին, ովքեր հանդես են եկել գրքի գրախոսականներով, առաջարկներով, կարծիքներով: «Հայոց պետությունը պետք է հասնի նրան, որ ՄԱԿ-ում սփյուռքի մասին հռչակագիր ընդունվի և մշակվի կոնվենցիա, որովհետև սփյուռքի իրավունքները, պարտավորությունները, սփյուռքը վերպետական, ներպետական, երկկողմանի, սփյուռք-սփյուռք, սփյուռք-Հայրենիք  հարաբերությունները միջազգային իրավունքի ասպարեզում այսօր դարձել են սուբյեկտ, սակայն դեռևս որևէ գնահատական չեն ստացել»,-նշեց Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանի և սփյուռքի գիտական միտքը պետք է ծառայեցվի նախևառաջ Հայրենիք-Սփյուռք գործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031