Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպավանում» կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը

Նոյեմբեր 10,2017 23:20

Համաժողովը լսեց հավաքականների մարզիչների, մարզային կազմակերպությունների ներկայացուցիչների  հաշվետվությունները, ամփոփեց մրցաշրջան 2017-ում ֆեդերացիայի կատարած աշխատանքները եւ գնահատականներ տվեց, կատարեց հավաքականների մարզիչների փոփոխություններ:

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը գոհ է ընթացիկ տարում գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ ազգային հավաքականի ցույց տված արդյունքներից եւ հայտարարեց, որ նա կշարունակի ղեկավարել մեր ընտրանին: Երիտասարդական հավաքականի ղեկը Դերենիկ Ոսկանյանից փոխանցվեց Կարեն Աղամալյանին: Ավագ պատանիների հավաքականը կգլխավորի Արտյոմ Սիմոնյանը, կրտսեր պատանիների հավաքականի ավագ մարզիչ վերահաստատվեց Աշոտ Ավետիսյանը, իսկ կանանց հավաքականի մարզիչ նշանակվեց Խաչիկ Խաչատրյանը:

Արթուր Գեւորգյանը կրկին մտահոգություն հայտնեց հանրապետությունում որակյալ մարզիչների սակավության առիթով: Նրա խոսքերով, բռնցքամարտն աշխարհում տարեցտարի առաջ է շարժվում եւ մեր մարզիչները չպետք է ետ մնան: Այդ նպատակով շարունակվելու է մարզիչների որակավորման գործընթացը, որի ավարտին նրանք համապատասխան հավաստագիր են ստանում: «Մինչեւ տարեվերջ մարզիչները քննություն են հանձնելու, սակայն այս անգամ ոչ թե տեսական, այլ դահլիճային՝ գործնական: Այն մարզիչները, որոնք չեն անցնի, իրավունք չեն ունենա մարզիկներ ներկայացնել Հայաստանի առաջնությունում», – հավելեց նա:

Ֆեդերացիայի նախագահը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզադպրոցներում բռնցքամարտի մարզիչ նշանակելիս, նախարարությունը հաշվի է առնելու հավաստագրերի առկայությունը, ֆեդերացիայի կարծիքը: Իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանի պահանջներին, կփոխարինվեն: «Ես ամենեւին էլ չեմ ցանկանում վատաբանել մարզիչներին անկախ նրանց տարիքից եւ աշխատանքային փորձառության աստիճանից: Բայց մի բան հաստատ է. Մեր նպատակը մարզիչների որակավորումն ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է», – ասաց Արթուր Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930