Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված խորեոգրաֆ Իլյա Ժիվոյի երկրորդ՝ հայկական թեմաներով բեմադրությունը Երևանի օպերային թատրոնում

Նոյեմբեր 10,2026 13:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում ամռանը, Իլյա Ժիվոյի խորեոգրաֆիայով կայացավ Վալերի Տոլստովի երաժշտությամբ, Գոշ Սարգսյանի լիբրետոյով  «Թամար» բալետի պրեմիերան, ինչին անդրադարձել էր Aravot am.-ը:

Հիշեցնենք, որ այս բեմադրության  համար հիմք էր ծառայել հանրահայտ «Ախթամար» բալլադը: Հանդիսատեսը հիացմունքով՝ բրավոներով և ինչ-որ տեղ էլ զարմանքով ողջունեց նոր ներկայացումը: Ինչո՞ւ զարմանքով, որովհետև այս հայկական ստեղծագործությունը, հիշյալ բալլադը բեմադրել է իսպանաբնակ, ազգությամբ ռուս ճանաչված խորեոգրաֆը, այն էլ նման բարձրակարգ արվեստով: Չէ՞ որ ցանկացած արվեստագետի համար հեշտ չէ անդրադառնալ օտարազգի, տվյալ ժողովրդին քաջածանոթ ստեղծագործությանը:

Հիմա էլ՝ «Թամարի» պրեմիերայից երեք ամիս անց, օպերային թատրոնում Իլյա Ժիվոյի խորեոգրաֆիայով կայացավ «Փայլ» բեմադրության պրեմիերան՝  ըստ Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պոեմի, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Վերջինս 93-ամյա թատրոնում ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն՝ 1964 թ. Եվգենի Չանգայի խորեոգրաֆիայով: Իսկ այս երկի առաջին կատարումը կայացել է 1905 թ. Սանկտ Պետերբուրգում, հեղինակի՝ Սպենդիարյանի ղեկավարությամբ:

Անդրադառնանք «Փայլին»: Իլյա Ժիվոյը, ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ ունի ճանաչելի ոճ, նրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ արվեստագետը համատեղում է դասական և ժամանակակից տարրերը՝ չվախենալով փորձարկումներից: Վերջիններս ակնհայտ են և՛ «Թամարում», և՛ «Փայլում»: Ոճերի սինթեզը նրա ներկայացումներում դասական բալետի տեխնիկան միահյուսված է ժամանակակից, նեոդասական և նույնիսկ դրամատիկական թատրոնի հետ: Կարելի է վստահորեն ասել, որ արտիստը չի պատճենում որևէ ոճ, այլ դրանցից ստեղծում է նոր խորեոգրաֆիկ լեզու: Իսկ երաժշտությունը ոգեշնչում է նրան մշակել հայեցակարգեր ու խորեոգրաֆիկ դիզայններ:

Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նրա ներկայացումները ներառում են վիդեո արտ, ոչ «տրադիցիոն դեկորներ» և լույսի ու ստվերի հետ աշխատանք: Ժիվոյը շեշտը դնում է պատկերի և հույզերի վրա, դատելով Երևանում բեմադրված նրա երկու աշխատանքներից կարելի է նաև վստահորեն ասել՝ նրա համար կարևոր է ոչ միայն ցուցադրել տեխնիկան, այլև փոխանցել էությունը, երկխոսություն ստեղծել հանդիսատեսի հետ: Նա կառուցում է խորեոգրաֆիան այնպես, որ շարժումը բացահայտի կերպարները, ներքին բախումներն ու ինքնության որոնումը: Որպես նախկին բալետի պարող, արտիստը խորը զգացողություն ունի պարողի մարմնի և հնարավորությունների մասին և աշխատում է յուրաքանչյուր արտիստի հետ անհատապես՝ պարուսույցի լեզուն հարմարեցնելով նրանց անհատականությանը՝ ստեղծելով վառ և գրավիչ կերպար: Բեմադրության հագուստի նկատմամբ էլ գործնական մոտեցում է ցուցաբերում՝ շեշտը դնում հարմարավետության վրա. զգեստը չպետք է սահմանափակի շարժումները: Միևնույն ժամանակ, նրա աշխատանքի տեսողական ոճը հաճախ ձևավորվում է նրա մշտական հագուստի դիզայներ՝ կնոջ Սոնյա Վարդանյանի կողմից, և սա նույնպես դառնում է խորեոգրաֆի ճանաչելի «ստորագրության» մի մասը:

Մանրամասն անդրադառնալով Իլյա Ժիվոյ-խորեոգրաֆին, վերջում նշենք, որ ընդհանուր առմամբ նրա աշխատանքները դինամիկ են, հուզական ու բազմաշերտ. դրանք գրավում են ոչ միայն իրենց շարժումով, այլև գաղափարներով, տեխնոլոգիական լուծումներով և մթնոլորտով:

«Փայլի» պրեմիերայից հետո Aravot.am-ի հետ զրույցում Իլյա Ժիվոյը հիշեցնելով, որ Սպենդիարյանը այս երաժշտությունը գրել է իր համերկրացի մեծանուն  պոետ Լերմոնտովի «Երեք արմավենի» բանաստեղծության հիման վրա, ասաց. «Հիացած եմ երաժշտությամբ: Կոմպոզիտորը՝ Սպենդիարյանը վարպետորեն օգտագործել է արևելյան մեղեդիները, ռիթմերը և էկզոտիկ երանգները՝ ստեղծելու համար անապատի, քարավանի  շարժմամբ և արաբական երաժշտության մթնոլորտը: Երաժշտությունն անցնում է խաղաղ, բնանկարային պատկերներից դեպի տոննական շքեղ քարավանի տեսարանը, իսկ վերջում հասնում է ողբերգական հանգուցալուծման՝ ավարտելով անապատի ամայության լռությամբ»:

Մեր հարցին ի պատասխան էլ հայտնեց հետևյալը. «Այո, Երևանի թատրոնում իրականացրած երկու ներկայացումներս էլ ստացվել է այնպես, որ հայկական թեմաներով են, առաջինը՝ հայկական բալլադ, երկրորդը՝ հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտություն: Երկու դեպքում էլ ինձ անգնահատելի աջակցություն է ցուցաբերել մինչև բեմադրության փորձերը սկսելը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանը օնլայն ռեժիմով, այն էլ ժամերով: Երկու դեպքում էլ, երբ արդեն թատրոնում սկսել եմ առաջին փորձը, արդեն գիտեի, ինչպես հայտնի հեռուստախաղի վերնագիրն է՝ Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ: Երևանյան բեմադրություններիս համար շնորհակալ եմ ստեղծագործական կազմերին և իհարկե, հայ հանդիսատեսին»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Փայլը» բեմադրության պրեմիերայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30