Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կյանքը թանկացել է. գնաճային ճնշումը չի նահանջում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2017 11:38 Share

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են: Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում: Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով: Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.6 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 11.8 տոկոս գնաճ: Նշենք, որ յուղերի եւ ճարպերի շուկայում այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 5.6 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միայն բանջարեղենի եւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող կարագի ընդհանուր գնաճը կազմել է 11.8 տոկոս:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այն հիմնականում պայմանավորվել է կարագի 12.3 տոկոս գնաճով: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն կարագի շուկայում արձանագրվել է 38.9 տոկոս գնաճ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով: Եթե անցած տարվա հոկտեմբերին նշված տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 2800 դրամով, ապա այս տարվա հոկտեմբերին` 4255 դրամով:

Պաշտոնապես ոչ պարենային շուկայում եւս թանկացումներ են արձանագրվել: Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում հագուստի եւ կոշիկի գները բարձրացել են 7.7 եւ 9.6 տոկոսով: Այս հոկտեմբերին թանկացել են նաեւ բենզինն ու դիզելային վառելիքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բենզինի գինը բարձրացել է 4.2 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը` 2 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է միջազգային շուկայով: Եւ չնայած այս ամենին` իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթի հայտարարում են, թե քայլեր են անում ժողովրդի վիճակը բարելավելու համար: Բայց իրականում անգամ հրաժարվում են 1000 դրամով բարձրացնել մարդկանց կենսաթոշակը: Իսկ թե մարդիկ ինչպես են առաջիկայում այս պայմաններում կռիվ տալու գնաճի դեմ, ցույց կտա ժամանակը:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930