Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուռը շրխկացնել, դուրս գալը միշտ էլ կա»

Նոյեմբեր 30,2017 19:50

«Դավադիր, անթույլատրելի կեցվածք»,- սա ԱԺ փոխնախագահ, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Միքայել Մելքումյանի բնութագրումն է այն ամենին, ինչ երեկ տեղի է ունեցել Ուկրաինայում:

Հիշեցնենք, Կիեւում ընթացող ՍԾՏՀ ԽՎ 50-րդ նիստում հայկական պատվիրակությունն արհամարհանքի է արժանացել: «Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես հետագայում է պարզվել, վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որը, հայկական պատվիրակության անդամների կարծիքով, ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

Միքայել Մելքումյանը դատապարտում է այն, որ այս կազմակերպության անդամ երկրները տուրք են տվել քաղաքական նկրտումներին, քանի որ կազմակերպությունը տնտեսական համագործակցության նպատակներ է հետապնդում:

Այս ամենով հանդերձ, մեր զրուցակիցը չի կարծում, որ պետք է լքել խորհրդարանական այդ հարթակը. «Իհարկե, շատ տհաճ է, բայց պետք է կարողանալ աշխատել մեր գործընկեր երկրների հետ»:

Ի դեպ, այս նիստին չէր մասնակցում ռուսական պատվիրակությունը, հայտնի պատճառներով: Միքայել Մելքումյանը կարծում է`եթե ռուսական պատվիրակությունը մասնակցեր այս նիստին, նման բան տեղի չէր ունենա: Ցավում է, որ հարեւան Վրաստանի պատվիրակություն էլ է մեր թիկունքում գործել:

«Ժամանակին, շատ երկրների հետ որոշակի դրական հարաբերություններ եղել են: Այս վերջին փուլում ես մի քիչ ավելի քիչ եմ տեղեկացված կազմակերպության աշխատանքներից, հարաբերությունների որակից, բայց կարծում եմ, որ պետք է շատ լուրջ աշխատենք մեր դեսպանատների միջոցով, միջազգային այլ հարթակներում, որպեսզի համապատասխան շտկումներ մտցնենք: Դուռը շրխկացնել, դուրս գալը միշտ էլ կա, բայց դա ի՞նչ է մեզ տալիս»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930