Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացատրում է, թե ինչու ինքը չի պահանջում Հակոբ Հակոբյանի մանդատը վայր դնել

Դեկտեմբեր 27,2017 20:20

Ե՞րբ են մեր հայրենիքը վերադարձնելու մեզ՝ հայերիս, որը գրավվել են ռուսահպատակ թուրքերի կողմից, քամեցին ժողովրդին, գրպանը դատարկեցին, հիմա էլ նոր թանկացումներ: Ինչո՞ւ չեք պահանջում Հակոբ Հակոբյանի, Լեւոն Ալթունյանի հրաժարականը: Ահա այսպիսի հարցեր ու պահանջներ են ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը ֆեյսբուքում ուղիղ եթերում շարունակում է պատասխանել այդ հարցերին:

Փաշինյանն ասաց. «Երբ կարդում ենք այս բառապաշարը, ես ուղղակի առաջարկում եմ արձանագրենք այն իրավիճակը, որը այսօր ՀՀ-ում կա: Հարգելի օգտատեր, դուք որակումներ եք տալիս, բայց ՀՀ 770 հազար քաղաքացի ապրիլի 2-ի ընտրություններին գնացել եւ քվեարկվել է ձեր ասած մարդկանց օգտին: Եթե դուք ուզում եք, որ ՀՀ-ն այսպիսի իշխանություններ չունենա, անհրաժեշտ է, որ մենք, որպես քաղաքական ուժ, դուք, որպես քաղաքացի, քաղաքացիների մեծամասնությունը այդ ուղղությամբ իրենց անելիքն անեն: Երբ 770 հազար քաղաքացի թեկուզ ընտրակաշառքով քվեարկում է, ձեր ասած հայրենիքը, հայրենիքի կառավարումն առնվազն հանձնում է այդ մարդկանց»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների մանդատները վայր դնելուն եւ նախարարի հրաժարականը պահանջելուն՝ Փաշինյանն ասաց. «Վերջին շրջանում Հակոբ Հակոբյանի պատգամավորական մանդատի հարցն է դրվում, որ նա, Խոսրով Հարությունյանը, առողջապահության նախարարը մանդատը վայր դնեն: Կարծում եմ, ամեն դեպքը առանձին քննարկման խնդիր է, բայց Հակոբ Հակոբյանը ռեյտինգային ընտրակարգով 13 հազար ձայն է հավաքել Գեղարքունիքի մարզում: Հիմա որ ասում են՝ ինչո՞ւ դուք չեք պահանջում Հակոբ Հակոբյանի մանդատը վայր դնելը, հարգելիներս, իրեն ընտրած քաղաքացիներից թող 130-ը կանգնի եւ ասի՝ մենք պահանջում ենք Հակոբ Հակոբյանի պատգամավորական մանդատը վայր դնել, այն ժամանակ կլինի կոնկրետ իրավիճակ, չնայած այդ 130 -ը մեկ տոկոս է: Անընդհատ ընդդիմությանն եք ասում՝ ինչի՞ էս չեք անում, նախարարին չեք հանում, երկիրը երկիր չեք դարձնում:

Պե՞տք է ի վերջո հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրը, նաեւ պատգամավորները գործում են այն մանդատի շրջանակներում, որը ստացել են ժողովրդից: Խոսրով Հարությունյանը ընտրվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, ՀՀԿ-ի համամասնական ցուցակին ձայն տված քանի՞ քաղաքացի է այսօր պահանջում որեւէ մեկի հրաժարական, 100 քաղաքացի նույնիսկ ես չգիտեմ, որ այդ պահանջով հանդես են գալիս: Երբ որ այդ մարդկանց ինչ-որ մասը հանդես կգա այդպիսի պահանջով, այդ դեպքում կարող ենք մենք մեր վերաբերմունքը արտահայտել, բայց քանի դեռ նման պահանջներ չկան, մեզ մնում է վերաբերմունք արտահայտել ընդհանուր վիճակի վերաբերյալ»:

Փաշինյանն ասաց, որ եթե ինքը կանգնի ու ասի՝ ես պահանջում եմ Հակոբ Հակոբյանի հրաժարականը, կստանա կոնկրետ պատասխան. «Հակոբ Հակոբյանը կասի՝ կներես, դու չես ինձ ընտրել, որ ես դարձել եմ պատգամավոր, ով որ ինձ ընտրել է, նա էլ կարող է պահանջել: Հիմա մենք կարող ենք խոսել կարտոֆիլից, թանկացումներից, որակումներ տանք տարբեր, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Որակումներ տալու ժամանակը ապրիլի 2-ն էր, առհասարակ ընտրությունները կամ որեւէ քաղաքական առիթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031