Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին». Փաշինյան

Դեկտեմբեր 27,2017 21:07

Դուք ինքներդ ձեզ պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահի աթոռին: Ֆեյսբուքյան օգտատերերը այս հարցն են ուղղել  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանեց այս եւ այլ հարցերի: Նա ասաց, որ «Ելքը» առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին: Փաշինյանն ընդգծեց, որ գործող նախագահի լիազորությունները էականորեն կրճատվել են եւ այդ լիազորությունները փոխանցվել են վարչապետին. «Ելքը» որոշել է, ինչպես նախագահի թեկնածու առաջարկել է, առաջադրելու է վարչապետի թեկնածու, «Ելքում» համապատասխան քննարկումներ կլինեն եւ դաշինքը կորոշի, թե ում է առաջադրելու՝ որպես վարչապետի թեկնածու»:

Նա ասաց, որ որեւէ դերակատարում, որն իր թիմը նպատակահարմար կգտնի իրեն առաջարկել, չի հրաժարվի այդ դերակատարումից, այն պետք է դիտարկել թիմային որոշման շրջանակներում:

Խոսելով օլիգարխիայի մասին՝ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում ամենահայտնի օլիգարխներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը ընտրություններում Երեւան քաղաքում ստացել է 41 հազար ձայն: Հիմա ձեր կարծիքով սա ի՞նչ ազդակ է իրենց համար, իրենց համար ազդակ է, որ ինչ իրենք անում են, ճիշտ են անում, հակառակ դեպքում այդքան ձայն չէին ստանա»:

Փաշինյանն ասաց, որ փողոցներում իրեն մարդիկ տեսնում են, ձեռքերը ծնկներին են խփում, թե՝ այս ի՞նչ է կատարվում, հետո տեսնում է, թե մարդիկ ինչպես են ընտրություններին գնում ու ձայն տալիս ՀՀԿ-ին:

Ըստ Փաշինյանի, երբ դալաններում իրենց տեսնում են ու ականջին թաքուն ասում են՝ մեջքներիդ կանգնած ենք, դա պետք է արտահայտվի ի վերջո: ՀՀ քաղաքացին օլիգարխների երեսին չի ասում այն, ինչ ֆեյսբուքում գրում են: Նա ասաց, որ պատրաստ են պայքարող քաղաքացու կողքին կանգնել, սպանվել. «Ես ինքս բանտերով էլ եմ անցել, ամեն ինչի մեջով էլ անցել եմ եւ ցույց եմ տվել, որ դա մահացու չի, ես հիմա նստած եմ ԱԺ իմ աշխատասենյակում, ես ունեցել եմ որոշում, որ այդ ամեն ինչի առաջ չեմ ընկրկելու, ես օրինակ եմ ցույց տվել, որ պետք չի օլիգարխների առաջ ընկրկել, պետք է ցույց տալ օրինակ եւ այդ օրինակը պետք է վարակիչ լինի»

Փաշինյանն ասաց. «Մարդիկ գնում են եւ 41 հազարով ձայն են տալիս Սամվել Ալեքսանյանին ու դուք ուզում եք համոզել, որ մարդիկ դժգո՞հ են Սամվել Ալեքսանյանից ու իր նմաններից, եթե դժգոհ են, թող ցույց տան»:

Փաշինյանը նեղսրտեց, որ մարդիկ կան, ասում են՝ ՀՀ-ում չկա արժանի ընդդիմություն: Նրա խոսքով՝ «Ո՞վ է ասում, որ չկա, ես «Ելքը» համարում եմ ՀՀ-ում արժանի, շատ սկզբունքային ընդդիմություն: Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին: Սամվել Ալեքսանյանը մեր քաղաքական ուժի համարյա կեսի չափ ձայն է ստացել: Ընտրակաշառք են բաժանել, ինչ են արել՝ փաստն այն է, որ որեւէ մեկի գլխին ատրճանակ չեն պահել, կամ էլ, եթե պահեին էլ…մեր գլխին որ պահել են, ի՞նչ եղավ: Փոփոխությունները սկսում են մեր մտքից՝ մարդիկ ուզո՞ւմ են փոփոխություն: Եթե ուզում են, ուրեմն առիթներով ցույց տվեք ձեր կամքը, ոչ թե դալաններում մեզ բողոքեք ու ձայն տվեք Սամվել Ալեքսանյանին…Հակոբ Բեգլարյանը օրինակ, որ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, թիվ 4 ընտրատարածքում ինձնից կրկնակիից շատ ձայն է ստացել, ճիշտ է, ես էլ եմ ընտրվել այդ ընտրատարածքից ու հիմա ի՞նչ դուք ուզում եք ասել՝ ժողովուրդը խնդիր ունի՞ օլիգարխիայի հետ: Մենք խնդիր ունենք ու մենք պայքարում ենք»:

Նա ասաց, որ այո, ընդդիմությունը սխալներ գործել է, ինքն էլ է սխալվել, բայց Սամվել Ալեքսանյանը սխալներ չի՞ գործել. «Հիսուսից հետո երկրորդ մա՞րդն է: Կարելի կարծել, որ ՀՀԿ-ականները սրբեր են, դրա համար մարդիկ ձայնը տալիս են ՀՀԿ-ին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031