Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչումներ, շքանշաններ, մեդալներ…

Հունվար 10,2018 15:00

Ամեն տարի ոչ միայն տոնական օրերի կապակցությամբ, այլեւ հաճախ, առանց որեւէ առիթի լսում ենք տարբեր մշակութային, քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների՝ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրումների մասին՝ շնորհակալագրերով, տարբեր կոչումներով, մեդալներով ու շքանշաններով: Եվ ամեն անգամ հանրության որոշ հատված զարմանում եւ վրդովվում է, թե այս կամ այն գործիչը արժանի՞ էր, արդյոք, տվյալ կոչմանը:

Փորձենք դիտարկել, թե ինչպիսին են այլ երկրներում տարբեր կոչումների շնորհումների ու պարգեւատրումների ընթացակարգերը: Ամենահեղինակավոր, ինչպիսիք են Նոբելյան, Օսկար, Գլոբուս, Գրեմմի, Գոնկուրյան, Պուլիցերյան մրցանակները, շնորհվում են ոլորտում հեղինակություն ունեցող եւ ամենակարեւորը՝ պետական միջամտությունից անկախ կառույցների կողմից: Իհարկե, շատերին, նույնիսկ ամենաանկախ, իրոք, ոլորտում հանրահայտ մասնագետներից կազմված հանձնաժողովների որոշումներն էլ սուբյեկտիվ կթվան, ճաշակի հարց է, հանձնաժողովների վրա կարող են լինել ազդեցություններ, նաեւ՝ կոռուպցիա, բայց ամեն դեպքում, մի բան է իշխանությունից դե յուրե անկախ հանձնաժողովների գոյությունը, այլ բան է …

Իհարկե, շատ քաղաքակիրթ երկրներում պահպանվում են նաեւ պետության ղեկավարի կողմից շնորհվող կոչումներ, ինչպես, օրինակ, միջնադարից պահպանված ավանդույթը Մեծ Բրիտանիայում՝ Ասպետական կոչումը, Պատվո Լեգեոն կոչումը Ֆրանսիայում՝ սահմանված դեռեւս Նապոլեոնի կողմից եւ այլն: Առավել շատ պետական մրցանակներ, կոչումներ, շքանշաններ եւ մեդալներ ընդունված են ոչ քաղաքակիրթ, առավել հետամնաց երկրներում, իսկ բռնապետական, ամբողջատիրական երկրներում դրանց շնորհումը միայն պետության, հաճախ Առաջնորդի մենաշնորհն է: Հիշենք մեր ոչ հեռավոր անցյալը՝ ԽՍՀՄ-ի դարաշրջանը. ԽՍՀՄ հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան, Լենինյան, ԽՍՀՄ Պետական մրցանակներ, վաստակավոր, ժողովրդական եւ այլ տարբեր աստիճանների տիտղոսներ: Իհարկե, որոշ տիտղոսներ կրկնվում էին հանրապետությունների մակարդակով, բայց ինչպես էինք ուրախանում, երբ ՀԽՍՀ որեւէ դերասան արժանանում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, առանց խորանալու, որ մոսկվաներում բոլոր հանրապետություններին ըստ բնակչության թվի համամասնորեն բաշխվում էին տարբեր մակարդակի տիտղոսները: Հաճախ կարդում կամ լսում էինք. Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էսինչ Էնինչյան (եւ այդ բոլորը Դո՞ւք եք), կամ ելույթ կունենա Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան:

Հայկական ԽՍՀ համարյա բոլոր գրողները ԽՄԿԿ անդամներ եւ պետական տարբեր մրցանակների դափնեկիրներ էին (խե՛ղճ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան եւ այլք), իհարկե, բացի ժողովրդի թշնամիներ Ակսել Բակունցից եւ Եղիշե Չարենցից:
Պարզ է, որ մրցանակները շնորհվում էին հարազատ կոմունիստական կուսակցությանը, նրա իմաստուն առաջնորդին, խորհրդային կարգերը գովերգելու համար: Բայց, օրինակ, ԽՍՀՄ-ում, թերեւս ամենասիրելի արվեստագետը՝ Վլադիմիր Վիսոցկին ոչ կոմպոզիտորների, ոչ գրողների միության անդամ չէր, եւ միայն հետմահու, 1987թ. գորբաչովյան ժամանակաշրջանում պարգեւատրվեց ԽՍՀՄ Պետական մրցանակով:
Անկեղծ ասած, չգիտեմ, թե ԽՍՀՄ-ում պարգեւատրումների շնորհման ինչ ընթացակարգեր էին գործում: Հավանաբար ստեղծվել էին ինչ-ինչ միջգերատեսչական հանձնաժողովներ, չնայած, վերջին խոսքը հավանաբար պատկանում էր ՊԱԿա-կուսակցական որեւէ ֆունկցիոների:

Եվ ամեն դեպքում, հաճախ շնորհների արժանանում էին նաեւ տաղանդավոր ստեղծագործողները, իհարկե, եթե այլախոհ չէին:

Արդ, ի՞նչ է փոխվել այս բնագավառւմ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանում:

Դիտարկենք ՀՀ Սահմանադրության Հոդված 49-րդը.

«Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Այսինքն՝ ՀՀ նախագահը նշանակում եւ հեռացնում է պետական եւ քվազիպետական (ստեղծագործական միությունների ղեկավարներ, սպորտային ֆեդերացիաների նախագահներ եւ այլն) բոլոր պաշտոնյաներին, իր նշանակած դատաիրավական պաշտոնյաների միջոցով սաստում եւ պատժում անհնազանդներին: Մեծահոգաբար ներում շնորհում իր մերձավորներին եւ նրանց ազգականներին: Նաեւ պարգեւատրում հավատարիմներին…

Համաձայն Հայաստանի Հանրապետության Պետական Պարգեւների եւ Պատվավոր Կոչումների մասին օրենքի՝ բոլոր կոչումները, պարգեւները, շքանշանները, մրցանակները հանձնում է ՀՀ նախագահը: Իհարկե, ձեւականության համար իր իսկ նախագահի հրամանագրով ստեղծվում են միջնորդություններ ներկայացնող անձանց ցուցակներ եւ այլն: Այսպիսով, օրենքով ամրագրված է, որ բոլոր մակարդակի պետական շնորհները, սկսած Հայաստանի Ազգային հերոսի կոչումից մինչեւ շնորհակալագրեր, ՀՀ նախագահի մենաշնորհն է, նրա ցանկությունը, ճաշակը, տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունը, գուցե նաեւ այդրոպեական տրամադրությունը, մոտ հարազատների ճաշակն ու միջնորդությունները: Միայն անդրադառնանք ՀՀ ամենաբարձր՝ Ազգային հերոսի կոչման արժանացածներից ոմանց.

Վազգեն 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս: Ինչո՞ւ նա, եւ ոչ թե, օրինակ, Գարեգին 1-ը: Այն բանի համար, որ ՊԱ՞Կ-ը նրան նշանակեց Վեհափառ, եւ որ միամիտ մարդիկ հուսահատությունից նրան օգնության ակնկալիքով նամակներ էին գրում եւ նամակները վերահասցեագրվում էին նույն ՊԱԿ-ի՞ն:

Վիտյա Այվազյան եւ Գեղազնիկ Միքայելյան՝ անհայտ պայմաններում ողբերգական զոհվածներ: Փոխանակ պարզելու նրանց առեղծվածային մահվան հանգամանքները եւ մեղավորներին պատժելու, պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կամ ապիկարությունը քողարկելու, զոհվածների հարազատներին հանգստացնելու համար շնորհվեցին Հերոսի կոչումներ: Արդյոք հենց այս առաջին չբացահայտված սպանությունները չդարձա՞ն ավանդույթ հետագա չբացահայտումների համար, ընդհուպ մինչեւ 2008թ. մարտի 1-ի զոհերը: Եվ արդյոք պատահակա՞ն էր, որ Վիտյային եւ Գեղազնիկին Ազգային հերոսի կոչում շնորհած ՀՀ առաջին նախագահն առաջարկեց մարտի 1-ի 10 զոհերին Ազգային հերոսի կոչումներ տալ, համոզված լինելով, որ իր իշխանության գալու դեպքում էլ հանցագործությունը չի բացահայտվի, քանի որ ուժային համակարգը իշխանության հենարանն է, նրան նեղացնել չի կարելի:

Կարեն Դեմիրճյան. ինչո՞ւ ոչ Անտոն Քոչինյան կամ Յակով Զարոբյան, գուցե Գյումրիի որակյալ շինարարության համա՞ր: Կամ՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյան, որը որպես պաշտպանության նախարար պատերազմում ձախողումների համար հեռացավ 1992թ.-ին եւ նորից նշանակվեց 1995-ին, 1994թ. հրադադարից հետո, եւ մնաց նախարար մինչեւ 1999թ.: 1995-1999թթ. գրանցվեցին խաղաղ պայմաններում զինված ուժերում ամենաշատ՝ հարյուրավոր զոհեր: Պատճառը, կարծում եմ, ավելի քան պարզ է՝ ՀՀ երկրորդ նախագահը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կասկածը իրենից վանելու համար, Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին հետմահու շնորհեց Ազգային հերոսի կոչումներ, բայց միեւնույն է՝ կասկածը դրանով չփարատվեց:

Էդուարդո Էռնեկյան՝ արգենտինահայ գործարար, Երեւանի օդանավակայանի սեփականատերը, որից գերշահույթներ է ստանում, քանի որ աշխարհի ամենաբարձր սպասարկման գներն են, որի պատճառով էլ Երեւանից օդանավի տոմսերն ահռելի բարձր գներ ունեն:

Եվ վերջապես՝ Հովհաննես Չեքիջյան. հիշում եմ՝ Հայաստանի Պետական Ակադեմիական, այսպես կոչված, կապելլան 1986, թե 87թ. հյուրախաղերի էր եկել Լենինգրադ: Ծանոթ արվեստագետների հետ գնացի համերգին: Առաջին մասը հայկական երգերն էին, երկրորդ մասը ռուսական եւ արեւմտաեվրոպական: Առաջին մասում բոլոր երգերը սկսվում էին հո-հո-հո-ներով, եւ դրանով էլ ավարտվում, հազիվ էիր ընկալում, թե Կոմիտասի ո՞ր մեղեդին էր աղավաղված: Երկրորդ մասում առնվազն հասկացվում էր, թե ինչ էին երգում: Համերգից հետո բարեկամներիս հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացա, պատասխանեցի, որ երկրորդ մասն ինձ ավելի դուր եկավ…Բարեկամներս տարակուսեցին, ասելով, որ երկրորդ մասն ուղղակի անտանելի էր, եւ իրենց թվաց, թե առաջին մասն էր գուցե հաջողված եւ հայկական երգի ոճը հո-հո-ային է: Իսկ կապելլային հատկացված գումարների ճակատագի՞րը:

Մնացած դեպքերում գործում են միայն նախագահին նվիրվածության սկզբունքները: Հաշվի առնելով, թե Հայաստանում ինչպես են, օրինակ, տարբեր, նախկին ընդդիմադիր գործիչներ, նույն նախագահի հրամանագրով տարբեր երկրներում դեսպաններ նշանակվում, նույն տրամաբանությամբ նախագահի սրի տակով անցած ցանկացած գործիչ արժանանում է Հայրենիքին ծառայություններ մատուցելու անվան, իսկ իրականում՝ նախագահին մատուցած ծառայությունների համար տարբեր շնորհների: Լինելով հպատակ նախագահին, դու կարող ես առանց բանակում ծառայելու, ստանալ զինվորական պարգեւներ:

Պարգեւները կարող են լինել նաեւ ավանսով, օրինակ, որպեսզի հանրային վայրերում նախագահի մասին բացասական չարտահայտվեն: Բա հո, Հաց Բերողին թեկուզ հետմահու, պարգեւ չէ՞ր շնորհվելու:

Ի տարբերություն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի հայտնի կարգախոսի՝ Պետությունը ես եմ, Հայաստանում գործում է ՀՀ նախագահի առավել կատարելագործված կարգախոսը՝ Հայրենիքը ես եմ, եւ իրականում հայրենիքին մատուցած ծառայությունների անվան տակ, տարբեր շնորհների են արժանանում նախագահին ծառայություններ մատուցած անձինք: Ահա թե ովքեր են վերջին դափնեկիրները: Մեկնաբանություններն ավելորդ են… Իհարկե, քաղաքացիական դիրքորոշում ունեցողներ արվեստագետներ Արմեն Մովսիսյանն իր «Հաց եմ բերել» երգի ու Նարինե Թուխիկյանը «Խավարում» ցուցահանդեսի համար պարգեւների չեն արժանանա: Մեկ անգամ նման սխալ կատարվել է, երբ կարծեմ Խորենացու շքանշանի արժանացավ Սիլվա Կապուտիկյանը: 2004 թ. ընդդիմության ջարդից հետո նա այն ետ տվեց:

Կարծում եմ՝ այս համակարգի պայմաններում, որը մենք ենք ստեղծել, կամ հանդուրժել, ավելորդ մտավարժանքներ են քննարկումները, թե ո՞վ էր արժանի, կամ ո՞վ չպետք է արժանանար այս կամ այն տիտղոսին: Ընդդիմախոսներից ոմանք, եթե ունենային նույն լիազորությունները, գուցե Արմենչիկի փոխարեն վաստակավոր արտիստի կոչում տային, օրինակ՝ Սպիտակցի Հայկոյին, Բոկային կամ Կարեն Բոքսյանին (տեղյակ չեմ, գուցե նրանք է՞լ են արժանացել), ճաշակի հարց է:

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Շուտով վերոնշյալ ողջ լիազորությունները դե յուրե կփոխանցվեն ԱԺ-ի կողմից ընտրված նախագահին, բայց դե ֆակտո կմնան ԱԺ-ում ջախջախիչ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին, ավելի ճիշտ՝ նրա Առաջնորդին, այսինքն՝ նույն անձին:

«Առավոտ»

10.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Հարությունյան says:

    2013 թվականի մայիսի 28-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն (թե՞ մեդալը, կարեւոր չի) ընդունելուց հրաժարվել է Լեւոն Խեսչոյանը՝ իսկական ՄԱՐԴն ու արվեստագետը, որ երեւի ամենից շատ էր արժանի (կռվել էր Ղարաբաղում, բայց այդ մասին երբեք չէր բարձրաձայնում): Ահա՝ ինչ է ասել այդ հրաժարվելու մասին.
    «- Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում» (տես https://www.lragir.am/index/arm/0/country/view/83626 ):

    Փառք ու պատիվ Լեւոն Խեչոյանին, որին մեդալի փայլով չէին կարող գայթակղել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031