Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան համատարած բնույթ է կրում. Heritage-ը Հայաստանի տնտեսությունը գնահատել է «հիմնականում ազատ»

Փետրվար 02,2018 18:42 Share

Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհում տնտեսական ազատությունների ինդեքսը, որում Հայաստանը 68.7 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը՝ դասվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում:

Վարկանիշային աղյուսակում 50 միավորից ցածր հավաքված երկրները համարվում են «բացարձակ անազատ», 50-60 միավորը՝ «հիմնականում անազատ», 60-70՝ «համեմատաբար ազատ», 70-80՝ «հիմնականում ազատ», իսկ 80 միավորից բարձր՝ «ազատ»:

Հայաստանի հետ նույն կատեգորիայում են նաև Թուրքիան, որը 65.4 միավորով զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը և Ադրբեջանը (64.3 միավորով՝ 67-րդ հորիզոնական): Վրաստանը 76.2 միավորով համարվել է հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկիր՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը: Իրանը և Ռուսաստանը հայտնվել են համապատախանաբար 156-րդ և 107-րդ տեղում՝ որակվելով որպես հիմնականում անազատ տնտեսություն ունեցող երկրներ:

Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան, իսկ վերջին եռյակում են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանի ցուցանիշը նվազել է 1.6 միավորով՝ կապված պետության ֆինանսական բարեկեցության, աշխատանքի և ներդրումների ազատության ցուցանիշների նվազմամբ: Հայաստանը 20-րդն է եվրոպական 44 երկրների շարքում, ու թեև աշխարհի մակարդակով բավականին բարձր տեղում է, այնուամենայնիվ տարածաշրջանի նորմայից մի փոքր ցածր է, ասվում է զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը հատկապես ցածր միավորներ ունի օրենքի գերակայության կատեգորիայում, որի մեջ մտնում է «սեփականության իրավունք»՝ 55.3 միավոր (-0.2), «կառավարության բարեխղճություն»՝ 40.5 միավոր (-2.9) և «դատական արդյունավետություն»՝ 47.7 միավոր (+4.9):

«Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան և տարածված մենիշխանությունները բիզնեսի կարևորագույն ոլորտներում նրան հատկապես խոցելի են դարձել համաշխարհային ապրանքային շուկաների վատթարացման և Ռուսաստանի տնտեսական մարտահրավերների նկատմամբ: Այնուամենայնիվ, համեստ դիվերսիֆիկացիան հանգեցրել է ավելի մեծ տնտեսական դինամիզմի, և ամուր տնտեսական աճի մեկ տասնամյակը նվազեցրել է աղքատությունը և գործազրկությունը: Բիզնես ընթացակարգերի պարզեցումը նպաստել է տնտեսության կանոնակարգման արդյունավետությանը: Քրոնիզմն ու անհամաչափ ազդեցությունը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարի որոշ առաջընթացի, շարունակում են մտահոգությունների տեղիք տալ»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ կոռուպցիան Հայաստանում համատարած բնույթ է կրում և ավելի է խորանում Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցության կոնսոլիդացման արդյունքում: «Դատական իշխանությունը զուրկ է անկախությունից և թափանցիկությունից: Պայմանագրերի, գույքային սեփականության կամ առևտրային գործարքների հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ընդհանուր իրավասության դատարաններում, որոնք քննում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործերը»,- ասվում է դրանում:

Նշվում է, որ ֆիզիկական անձանց եկամտահարկը կազմում է առավելագույնը 26 տոկոս, իսկ կորպորատիվ հարկը` 20 տոկոս: Այլ հարկերը կազմում են ավելացված արժեքի և ակցիզային հարկերը: Ընդհանուր հարկային բեռը կազմում է ընդհանուր ներքին եկամտի 21.3 տոկոսը: Անցած 3 տարիների ընթացքում պետական ծախսերը կազմել են ՀՆԱ 25.8 տոկոսը, իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ 4.1 տոկոսը: Պետական պարտքը կազմում է ՀՆԱ 51.8 տոկոսը:

«Տնտեսական շատ ոլորտներ վերահսկվում են պետական կապեր ունեցող գործարարների կողմից, որոնց հավատարմությունը պարգևատրվում է շուկայի գերիշխող կարգավիճակով: Գործազրկությունը բարձր է, բայց կա նաև մասնագիտական հմտություններ ունեցող աշխատողների (ինչպիսիք են եռակցողները և սանտեխնիկական աշխատանքներ կատարողները) պակաս: Կառավարությունը մանիպուլացրել է էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը՝ 2018 փետրվարի ընտրություններից առաջ աջակցություն ստանալու համար»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728