Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ֆաբրիկան սնանկացնող Բեկչյանի մտերիմը փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանն էր». ֆաբրիկայի նախկին աշխատակից

Փետրվար 09,2018 17:03

Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս»  կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցներն արդեն 5-րդ տարին է՝ պահանջում են իրենց աշխատավարձերը, որոնք չեն ստացել 8 ամիս աշխատելու դիմաց:

Այս ֆաբրիկան այժմ գոյություն չունի, շենքը ապամոնտաժվել է, նախկին աշխատակիցներն ասում են՝ ֆաբրիկան միտումնավոր սնանկացման է հասցրել նախկին տնօրեն Սամվել Բեկչյանը, որը տարիներով հետախուզման մեջ է, ու իբր թե չեն կարողանում հայտնաբերել, «վերեւներից» թույլտվություն է ունեցել կեղծարարություններ անել ֆաբրիկայում:

Այսօր «Հայելի» ակումբում «Կոնտինենտտեքս»-ի նախկին աշխատակիցներն ասացին, որ բազմաթիվ նամակներ են գրել թե՛ նախագահին, թե՛ վարչապետին, թե՛ ոստիկանապետին:

«Ոչ ոք մեզ չի ընդունում, գիտե՞ք քանի անգամ ենք դիմել, ոչ ոք բանի տեղ չի դնում մեզ»,-ասաց Գոհար Թամամյանը: Նրա ներկայացմամբ՝ ֆաբրիկայի աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 33 միլիոն դրամ՝ 140 աշխատակիցների աշխատավարձն է:

Ֆաբրիկայի սնանկացման գործընթացը մի քանի տարի է, ինչ գլուխ չի գալիս: Նախկին աշխատակիցներն ասացին, որ ֆաբրիկայում մի կարգին գույք էլ չկա, որ վաճառվի ու իրենց պարտքերը մարվեն:

Ֆաբրիկայի նախկին աշխատակից Սանամ Ավագյանն ասաց, որ կառավարությանն ուղղած իրենց նամակին պատասխանել են՝ ձեզ կպատասխանի ՀՀ ոստիկանապետը, ոստիկանությունից էլ ուղղորդել են պետական գույքի կառավարման վարչություն: Իսկ այստեղից էլ, ինչպես Գոհար Թամամյանն ասաց, պատասխանել են՝ «Մենք ձեզ հետ անելիք չունենք: Ոստիկանությունն է ձեզ պարտք, թող ինքն էլ ձեզ վճարի: Սամվել Բեկչյանը՝ տնօրենը, ապիկարի մեկը, եկավ ալան-թալան արեց ու փախավ: Էն ժամանակ, որ գործը հարկայինի քննչականում էր, մենք իրենց ասացինք՝ գտեք՝ բերեք դրան: Քննիչն ասել է՝ դե ինքը հետախուզման մեջ է, ես էլ բռնողը չեմ»: Սանամ Ավագյան էլ միջամտեց՝ «Բեկչյանի մտերիմը Համբարյան Անուբախն էր (ՀՀ փոխոստիկանապետ Ն.Բ.)»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսները վստահեցրին, որ վերահսկող մարմինը ստուգումներ է արել ֆաբրիկայում, աուդիտ է անցկացվել, ոստիկանության հաշվապահներն էլ ստուգումներ են արել, բայց բոլորը աչք են փակել խարդախությունների վրա:

Գոհար Թամամյանը պատմեց. «Եկան, տեսան, որ 300-400 հազար դրամ հոսանքի գումար է վճարել ֆաբրիկան, կոմունալներ է մուծել, մեկ մեքենայի յուղեր էր առնում, մեկ՝ ասեղներ, ինչը որ պետք էր կարի համար, բայց պահեստից ելքեր ու մուտքեր չկար արձանագրված: Ու ոչ ոք չասեց՝ Բեկչյան, բա էսքան կոմունալներ խի՞ ես մուծում, եթե ֆաբրիկան չի աշխատում, դու շարժ չունես: Որովհետեւ բոլորը լավ էլ գիտեին՝ ինչ է կատարվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728