Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո է անցկացվել

Փետրվար 13,2018 20:44

Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները։

Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի հասարակական գործիչներ, գրողներ և թարգմանիչներ:

Երեկոյի պատվավոր հյուրը՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների վրացերեն լեզվով թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին էր, որի կողմից քսաներորդ դարի երկրորդ կեսում վրացերեն թարգմանվել և հրատարակվել են գրողի պատմվածքների չորս ժողովածու:

Զեզվա Մեդուլաաշվիլին իր խոսքում նշեց, – «Հրանտի գործերը շատ դժվար էր թարգմանել, նույնիսկ երբեմն կատակում էինք, որ այն արժե նախ հայերենից ավելի հասկանալի հայերենի թարգմանել: Կարդալն էլ էր դժվար»։

Բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարյան նշեց, որ եթե շփում ունես իրական գրականության հետ, ապա չկարդալ Մաթևոսյանին՝ անթույլատրելի է։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանն իր խոսքում շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության ամենաերևելի անհատներից է, ում «Աշնան արև» և «Մենք ենք մեր սարերը» ստեղծագործությունները, գիտի ամեն հայ Հայաստանում և Հայկական սփյուռքում։ Նա շնորհակալություն հայտնեց թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլիին՝ Հրանտ Մաթևոսյանի գործերը թարգմանելու և մաթևոսյանական արվեստը վրացի ժողովրդին ավելի հասանելի դարձնելու համար։ Դիվանագետի խոսքով Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել Վրաստանում արվեստի ու գրականության հայ մեծերին նվիրված նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը։

Տեղեկանք․ Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամի «Մշակույթային օրացույց» նախագծով նախատեսվում է նշել տարածաշրջանի տարբեր երկրների նշանակալից տարեթվերը, ազգային տոները և ականավոր գործիչների ծննդյան և մահվան օրերը, «Կովկասյան տան»-ը կայացած երեկոն, որը նվիրված էր ականավոր հայ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվանը, կազմակերպվել այդ շրջանակներում:

«Կովկասյան տուն»-ը մտադիր է հաջորդ տարի վերստին լույս ընծայել Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների լիակատար ժողովածուն, որում տեղ կգտնեն վրացերենով արդեն հրատարակված չորս ժողովածուների մեջ զետեղված գործերը:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728