Նախաձեռնության հեղինակները անհատ ձեռներեցներ Հովհաննես Մելիքյանն ու Դավիթ Արշակյանն են: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին, որ լողավազան կառուցելու մտահղացումը ծնվել է երկու տարի առաջ: «Ընտանիքներով հանգստանում էինք Ծաղկաձորում: Մի լողավազան կար, որից օգտվում էինք: Մեզ շատ դուր եկավ ու միտք ծագեց մեր քաղաքում էլ նմանատիպ կառույց ունենալ, մանավանդ, որ Մասիսում ու մեր տարածքում շատ թե քիչ նորմալ գործող լողավազան չկա: Խորհրդային տարիների լողավազանը վաղուց չի գործում: Կենտրոնին մոտ հողատարածքն ունեինք ու որոշեցինք գործի անցնել», -ասաց Հովհաննես Մելիքյանը:
Ընկերները մինչեւ շինարարական աշխատանքներն սկսելը բավականին երկար ժամանակ զրուցել են մասնագետների հետ, լսել խորհուրդները, թե ինչ առանձնահատկություններ ունեն նմանատիպ մարզական կառույցները, ինչ սարքավորումներ են հարկավոր լողավազանն անխափան շահագործելու համար: Արդյունքում ծնվել է 6×12 մետր չափի հարմարավետ, կոկիկ, լողավազան բոլոր օժանդակ հարմարություններով: Այստեղ կա նաեւ սպասասրահ- թեյարան, ջակուզի, ընտանեկան սաունա:
Լողավազանից օգտվելը լինելու է վճարովի, սակայն սեփականատերերը մտադիր են սահմանել իրենց համաքաղաքացիների ու շրջակա գյուղերի բնակիչների համար մատչելի գներ: «Անապահով եւ պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած մեր ազատամարտիկների եւ զինվորների համար, որոնք առողջության հետ կապված խնդիրներ ունեն, լողավազանից օգտվելը կլինի անվճար: Իսկ այն ընտանիքների համար, որոնց երեխաներից առնվազն երկուսը կհաճախեն լողավազան, կգործի զեղչային համակարգ: Այսօրվա դրությամբ լողավազան հաճախելու արդեն 30-ից ավելի երեխայի հայտ ունենք: Մտադիր ենք համագործակցել մանկապարտեզների, դպրոցների հետ, որպեսզի շաբաթը մեկ անգամ ֆիզկուլտուրայի դասը տրամադրեն լողուսուցմանը: Աշխատանքի ենք հրավիրել փորձառու մարզիչների: Ցերեկվա ժամերին լողավազանը տրամադրվելու է միայն մեր մանկական խմբերին, իսկ երեկոյան՝ մեր համաքաղաքացիներին: Մեր նպատակն է, որպեսզի մասիսցիները եւ նրանց երեխաները լողալ սովորեն: Իսկ մարզական առումով աչքի ընկնող երեխաները կարող են մարզումները շարունակել Երեւանի մասնագիտացված խմբերում», – ասում են նախաձեռնության հեղինակները:
Լողավազանի բացումը կատարեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Մեր հետ զրույցում նա ասաց. «Գաղափարը շատ լավն է: Իր ամբողջ կարողություններով աշխատելու դեպքում այս լողավազանը շատ մեծ օգուտ կբերի մեր քաղաքին: Երեխաները կկտրվեն փողոցից, կզբաղվեն սպորտով: Սա Մասիսում սպորտը զարգացնելու մի նոր ուղղություն է եւ դա մենք ողջունում ենք»:
Բացմանը ներկա լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը նույնպես դրվատանքի խոսքեր ասաց. «Շատ ուրախացա, երբ իմ աշակերտներից Կարեն Բարսեղյանը, որ նույնպես հավաքականի մարզիչ է, տեղեկացրեց, որ Մասիս քաղաքում լողավազան է բացվում եւ հրավիրեց: Ուրախ եմ, որովհետեւ այս լողավազանը ծառայելու է ոչ միայն Մասիս քաղաքի, այլեւ շրջակա գյուղերի բնակիչների շրջանում լողի տարածմանն ու մասսայականացմանը: Մասիսից երեխաներ կան, որոնք գալիս են Երեւան՝ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոց, «Գրանդ Սպորտ»: Հիմա նրանք, եթե ցանկանան, կարող են հաճախել այս լողավազան: Կարեւորն այն է, որ այստեղ մանուկները լողալ կսովորեն եւ նրանք, ովքեր աչքի կընկնեն, արդեն կկարողանան իրենց արդյունքները կատարելագործել Երեւանում: Ուրախ եմ, որ Հայաստանում բացվեց լողի եւս մեկ կենտրոն: Շատ լավ կլիներ, որ բոլոր մարզերում նույն բանը կատարվեր: Հույս ունեմ, որ արդեն եկող տարի այս քաղաքը, ինչպես Իջեւանի հետ եղավ, Հայաստանի առաջնություններին առանձին թիմով կներկայանա», – ասաց Միսակ Գաբրիելյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
02.03.2018



















































