Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ, որ նախագահն ինձ տվեց այդ հնարավորությունը՝ օգտակար լինել իմ ժողովրդին». Ռուբեն Հայրապետյան (Ֆոտոշարք)

Մարտ 25,2018 20:49

Այսօրվանից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում սկսվում է ֆուտբոլի նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտի կառուցումը: Այդ առիթով սահմանամերձ համայնք էր այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Ափսոսում եմ, ինձ էլ ինչ-որ տեղ մեղադրում եմ, շատ շուտ պիտի գայի եւ այս գործը անեինք: Մեր սահմանապահ ժողովրդի կողքը մենք շատ վաղուց պիտի լինեինք: Ես համարում եմ իմ կողմից սա ուշացված է եւ շնորհակալ եմ, որ նախագահն ինձ տվեց այդ հնարավորությունը՝ օգտակար լինել իմ ժողովրդին»:

Նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր այցի ժամանակ խոստացել էր, որ համայնքի երեխաներն ունենալու են ֆուտբոլային նոր խաղադաշտ եւ հանձնարարել էր խնդրով զբաղվել: Այսօր Ռուբեն Հայրապետյանը խոստացավ եւ վստահեցրեց՝ ամեն ինչ կանեն, որ այս տարվա սեպտեմբերին արդեն մարզադաշտը պատրաստ լինի. «Ես խնդիրն այնպես եմ դրել, որ սեպտեմբերի 1-ին ես այստեղ լինեմ բացմանը: Մենք ծրագրավորել ենք մարզադաշտը կառուցել 65X110 չափսով, թույլ է տալիս նույնիսկ հանրապետական առաջնություններ անցկացնենք: Մարզադաշտը կառուցելու ենք հանդերձարաններով, բոլոր ստանդարտներով: Մի քանի ամսից կլինի գեղեցիկ մարզադաշտ»:

Ֆեդերացիան պատրաստելու է նաեւ 5 մարզչի՝ համայնքի երեխաներին մարզելու համար:

Ռուբեն Հայրապետյանը զրուցեց Ներքին Կարմիրաղբյուրի ֆուտբոլասեր սահմանապահ երեխաների հետ, ոգեւորեց նրանց:

Ֆուտբոլի ֆեդերացիայի տարած մարզահագուստը, գլխարկը երեխաներից մեկի վրա կարծես մի քիչ մեծ էր, Հայրապետյանը կատակեց. «Էսօրվանից կարգին հաց կուտես, կուժեղանաս, կմեծանաս, որ լավ լինի»: Ի դեպ, երեխաներն իրենց նոր գնդակները տեսնելուն պես սկսեցին անմիջապես դպրոցի բակում ֆուտբոլ խաղալ:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ ասաց, որ ՀՀ նախագահի կողմից հանձնարարություն կա՝ արդեն պետք է մեծ ուշադրություն դարձնեն սահմանամերձ գյուղերին եւ չի բացառվում, որ այս ծրագիրը կիրառվի նաեւ այլ համայնքներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031